Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Թզենի – ficus l. Ficus L. - Ֆիկուս, բանիան, թուզ, գինու հատապտուղ

Թզենի – ficus l. Ficus L. - Ֆիկուս, բանիան, թուզ, գինու հատապտուղ

Թզենին (Ficus carica L.) պատկանում է թթազգիների ընտանիքին: Մերձարևադարձային պտղատու ծառ է` 6-10 մետր բարձրությամբ: Ունի հզոր ճյուղավորված արմատային համակարգ:

 

Տերևները խոշոր են, հերթադիր, բլթակավոր, արտաքինից` մուգ կանաչ, ստորին մակերեսից` բաց գունավորված, խավապատ, ունեն յուրահատուկ հոտ, պոկելիս նկատվում է կաթնահյութի արտահոսք, որը որոշ ազգերի մոտ պտղաբերություն է խորհրդանշում:

 

Թզենու պտղաբույլերը ուտելի են, դեղնավուն, մուգ մանուշակագույն կամ կարմրավուն: Թզենին ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին:

 

Պտուղը շատ քաղցր է և սննդարար: Իրականում դա պտուղ չէ, այլ կեղծ պտուղ կամ ավելի ճիշտ` պտղաբույլ: Մանր ընկուզիկները հավաքված են այդ մսալի, տանձանման կամ կլորավուն պտղաբույլերում: Ծաղիկները զարգանում են հենց այդ տանձանման ծաղկակալի ներսում: Փոշոտումը կատարում է 1-2 մմ-ի հասնող բլաստոֆագ իշամեղուն:

 

Թզենին հանդիպում է Միջերկրական ծովին հարող մի շարք երկրներում, ինչպես նաև Իրանում, Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում: Այն մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից: Նույնիսկ Աստվածաշնչում խոսվում է դրա մասին: 

 

Գիտական բժշկության մեջ թզենու պտուղները ֆիցին ֆերմենտի պարունակության շնորհիվ օգտագործվում են թրոմբոէմբոլիկ հիվանդությունների ժամանակ: Ֆիցինը տարրալուծում է շարակցական հյուսվածքը և անոթային թրոմբները: Կալիումի մեծաքանակ պարունակության շնորհիվ թզենու պտուղները լայնորեն կիրառվում են սիրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով: 

 

Տերևներում և արմատներում պարունակվող եթերային յուղը և ֆուրոկումարինները պայմանավորում են նրանց մանրէասպան, հակասնկային և ֆոտոսենսիբիլացնող ազդեցությունը: Թարմ և չոր պտուղներն օգտագործում են օրգանիզմի հյուծվածության ժամանակ` որպես քաշը արագ վերականգնող միջոց:

 

Թզենի – ficus l. Ficus L. - Ֆիկուս, բանիան, թուզ, գինու հատապտուղ Ժողովրդական բժշկության մեջ կաթով եփած պտուղներն արդյունավետ են վերին շնչուղիների սուր բորբոքումների` տրախեիտների, բրոնխիտների, ուժեղ հազի և ձայնի կորստի ժամանակ: Թարմ պտուղներն օգտագործում են նաև ստամոքսի հիվանդությունների և սակավարյունության դեպքում: 

 

Պտուղներն ունեն միզամուղ, քրտնաբեր, ջերմիջեցնող, խորխաբեր, հակաբորբոքային, մարսողությունը կարգավորող հատկություն: Պտուղներից պատրաստած օշարակը մեղմ լուծողական է: 

 

Թզենու կաթնահյութը օգտագործվում է վերքերի, կորյակների և կոշտուկների բուժման համար: Այդ նպատակով կտրված թարմ պտուղը մի քանի շաբաթ շարունակ դրվում է կոշտուկի վրա: 

 

Չոր տերևներից պատրաստած եփուկը օգտագործվում է էնտերիտների և էնտերոկոլիտների ժամանակ: Հին Հնդկաստանում և Եգիպտոսում թզենու տերևներով բուժում էին մաշկային հիվանդությունները, իսկ հյութով և եփուկով` կապույտ հազը:

 

Թզենու պտուղները լավ են յուրացվում օրգանիզմի կողմից և ունեն սննդային մեծ արժեք. օգտագործվում են և թարմ, և չորացված վիճակում: Պտուղներից պատրաստում են մուրաբաներ, ջեմեր, պահածոներ և այլ անուշեղեն:

 

Պտուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ չոր մանրացրած պտուղներին ավելացնում են 400 մլ եռացող ջուր, թրմում 15 րոպե, հովացնում և քամում: Խմում են օրը 0,5 բաժակ, 4 անգամ, կամ մրսածության, հյուծվածության, վերին շնչուղիների լորձաթաղանթի տարբեր հիվանդությունների ժամանակ կատարում ողողումներ: 

 

Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ, ուստի հակացուցված են ստամոքսաաղիքային տրակտի բորբոքային հիվանդությունների սրացման ժամանակ, շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում` շաքարի բարձր պարունակության պատճառով: Հակացուցված է նաև պոդագրայի ժամանակ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ թրթնջկաթթու:

 

Թզենու թարմ պտուղները պարունակում են 12-25% շաքար (գլուկոզա և ֆրուկտոզա), 1,4% սպիտակուց, 0,5-4,5% պեկտինային նյութեր, մինչև 7,5% բջջանյութ, 2մգ/% վիտամին C, B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր, ֆիցին ֆերմենտ: 

 

Չոր պտուղները պարունակում են 48-75% շաքար, 3% օսլա, 5,4% պեկտինային նյութեր, 6% սպիտակուցներ, 3% ճարպեր, օրգանական թթուներ` կիտրոնաթթու, քացախաթթու, խնձորաթթու, օրգանական այլ միացություններ, երկաթ, կալիում, վիտամին A, C և մի շարք ֆերմենտներ:

 

 

Հեղինակ. Ելենա ՄԵԼԻՔՅԱՆ, դոցենտ, Կարինե ԴՈՒՄԱՆՅԱՆ, դոցենտ. Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

vova

14.12.2015

hataptux a-tarov

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ