Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Տորոն ներկատու - Марена красильная - Rubia tinctorum L. (R. petiolaris W)

Տորոն ներկատու - Марена красильная - Rubia tinctorum L. (R. petiolaris W)

Հայկական տարանուններըգունարմատ, տորուն

Դեղաբույսի նկարագրությունը: Տորոնազգիների ընտանիքին պատկանող, 1,5-2 մ երկարության, մանր կարթաձև փշերով պատված, մագլցող ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի նշտարաձև կամ ձվաձև, կոշտ տերևներ:

 

Կոճղարմատը դարչնակարմիր գույնի է: Ծաղիկները մանր են, ձուլաթերթ, անիվանման, դեղին պսակով: Հասուն պտուղները սև են ու հյութալի, ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատով: Բույսը հողի նկատմամբ պահանջկոտ չէ, աճում է խաղողի և պտղատու այգիներում, թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին և այլուր` հաճախ տալով հոծ բուսուտներ: Մեր հանրապետությունում, բացի ներկատու տեսակից, մեծ չափերով հանդիպում է նաև վրացականը, որը բուժական առումով չի զիջում առաջինին: Դեղաբույսը հաճախ հանդիպում է Իջևանի, Էջմիածնի, Արտաշատի, Մեղրու և հանրապետության այլ շրջաններում:

 

Ցեղի անունն առաջացել է լատիներեն «ռուբեռ» բառից, որը նշանակում է կարմիր` ելնելով բույսի արմատների և կոճղարմատի գույնից, իսկ «տինկտորում» նշանակում է ներկատու:

 

Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատը և արմատները պարունակում են օքսիմեթիլ և օքսիանտրախինոնային ածանցյալների 5-6% գլիկոզիդներ, որոնք ճեղքելով տալիս են ներկանյութեր` ալիզարին, քսանթոպուրպուրին, պսևդոպուրպուրին և այլն, միաժամանակ` շաքար, պեկտինային և դաբաղիչ նյութեր, կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու, սպիրտ: Տերևներում հայտնաբերված են կիտրոնաթթու, ալկալոիդների հետքեր, իսկ մատղաշ ընձյուղներում` գլիկոզիդ ասպերուլոզիդ:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի կոճղարմատն ու արմատները, որոնք հանում են բահով, մարտ - ապրիլ ամիսներին, ինչպես նաև` օգոստոսից մինչև ուշ աշուն, անջատում վերգետնյա մասերից, մաքրում հողից, լվանում սառը ջրով ու փռում տանիքում` չորանալու, կամ չորացնում` 45-50° պայմաններում: Հումքի պիտանելիությունը 2 տարի է: Տորոնի մասին դեռևս նշել է Պլինիոսը, իսկ Դիոսկորիդն այն օգտագործել է կոկորդի հիվանդությունների, Ավիցեննան` ասթմայի ժամանակ:

 

 

Մ. Հերացին («գունարմատ» անվան տակ) դեղաբույսն օգտագործել է որպես միզամուղ` ձգձգվող ջերմերի, ջրգողոթյան, լյարդի և փայծաղի հիվանդությունների ժամանակ: Բժշկապետը նշում է, որ այլ բուսամիջոցների հետ խառնված, տորոնն օգտակար է ստամոքսամուտքի ուռուցքների ժամանակ: Ամիրդովլաթը դեղաբույսը («ֆուֆվայ» կամ «տորուն» անվանումներով), բացի վերոհիշյալ դեպքերից, օգտագործել է նաև ճաղատության, դեղնուկի, ծնկան ցավերի, պիսակի, քոսի, էկզեմայի, իմպետիգոյի, գազանահարության, քթային արյունահոսության, գլխի և դեմքի մաշկի օջախային մազաթափության, նևրալգիաների, կոնքացավի և ընդհամուր թուլության ժամանակ: Բացի այս բոլորից, բժշկապետը նշում է, որ դեղաբույսը միզամուղ է, նպաստում է վիժմանը, լուծում է միզաքարերը, մաքրում և թարմացնում է դեմքի մաշկը: Իսկ եթե դեղորայքի օգտագործման ժամանակ առաջ է գալիս մեզի գույնի փոփոխություն («արյունամիզություն»), ապա այն վերցնելու համար Ամիրդովլաթն առաջարկում է ընդունել եզան լեզվի հունդ` դարչինով կամ սոսու սերմերով: Բոլոր այս դեպքերում նա տորոնն օգտագործել է եփուկի կամ թուրմի ձևով, իսկ արտաքին` շփման ձևով, հաճախ խառնելով մեղրի կամ քացախի հետ: Գորտնուկը բուժելու համար Մասրճուեն առաջարկել է այն կտրելուց հետո վրան քսել տորոնի հյութ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ անանուխի հետ խառնված` տորոնն օգտագործվել է դեղնուկի Ժամանակ:

 

Չինական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես տոնուսավորող և մածող միջոց, իսկ Հնդկաստանում այն օգտագործում են միզամուղների և լեղուղիների հիվանդությունների ժամանակ: Հոմեոպաթիայում տորոնն օգտագործում են ռախիտի և թոքային պալարախտի դեպքերում: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տորոնի պատրաստուկները տալիս են փայծաղի բորբոքումների, ռախիտի և դաշտանի ուշացման դեպքերում: Աշխարհի տարբեր երկրներում տորոնն օգտագործվում է նաև բազեդովյան հիվանդության, էքսուդատիվ դիաթեզների, պոդագրայի, փորկապությունների, գոտկային ցավերի ժամանակ և այլն:

 

Փորձնական աշխատանքները ցույց են տվել, որ տորոնի պատրաստուկները բացասաբար չեն ազդում արյան ճնշման և շնչառության վրա, ընդհակառակը, ուժեղացնում են սրտի կծկումները` չխախտելով նրա ռիթմը, բարձրացնում են աղիների տոնուսը և ուժեղացնում կծկումները: Ունեն միզամուղ հատկություն, օժտված են որոշակի մանրէասպան ակտիվությամբ, իջեցնում են միզավազանների հարթ մկանների տոնուսը, միաժամանակ ուժեղացնելով այդ մկանների գալարակծկումները և նպաստում քարերի առաջշարժմանը: Այս արդյունքն ավելի ակնառու է մկանների սպաստիկ վիճակում (Ա.Դ. Տուրովա):

 

 

Դեղաբույսն օֆիցինալ է մեզ մոտ, Նիդեռլանդիայում: Արմատներից և կոճղարմատից պատրաստված չոր մզվածքը, հաբերի ձևով, օգտագործում է միզամուղների թթու ֆոսֆատային և թրթնջկաթթվային քարերը լուծելու նպատակով: Ըստ որում` այն չի ներգործում միզաթթվային քարերի վրա: Դեղամիջոցը տալիս են նաև պրոֆիլակտիկ նպատակով` երիկամների ետվիրահատական շրջանում, ինչպես նաև բորբոքման ֆոսֆատուրայի ժամանակ` դարձյալ միզուղիների քարային մասնիկները լուծելու նպատակով: Դեղաբույսի պատրաստուկներն ավելի արդյունավետ լուծում են կալցիումի, մագնեզիումի ֆոսֆորաթթվական և թրթնջկաթթվական աղերը: Ըստ Ա.Դ. Տուրովայի, արմատափոշին կամ նրա եփուկն ավելի արդյունավետ են հաբերից: Տորոնի պատրաստուկների տևական կիրառումից աստիճանաբար փխրանում և քայքայվում են միզուղիների քարերը: Այս երևույթն առաջներում կապում էին բույսի մեջ պարունակվող ռուբերիտրինաթթվի հետ, որը բարձրացնելով մեզի թթվայնությունը, գտնում էին , որ դրանով էլ նպաստում է քարերի լուծմանը և դուրս գալուն: Ներկա ժամանակում տորոնի քարալույծ հատկությունը կապում են նրա մեջ պարունակվող ներկանյութերի անմիջական ներգործության հետ: Դա ապացուցվում է նրանով, որ կենդանի ոսկրը` շնորհիվ կալցիումական աղերի, հեշտությամբ ներծծում է տորոնայի ներկանյութերը և ռեակցիայի մեջ մտնում դրանց հետ: Ավելին, տորոնի շնորհիվ ընկած քարերը լինում են խորդուբորդ, ծակոտկեն , դյուրաբեկ և ներկված դեղաբույսի վարդակարմիր գույնով: Մինչդեռ տորոնով չբուժվող հիվանդների մոտ ընկած քարերը հարթ են ու գորշասպիտակավուն: Ըստ որում` եթե բուժման ընթացքում մեզը ներկվում է կարմիր, դեղորայքի դոզան համարվում է բավարար: Մեզում, այս դեպքում, հնարավոր է հայտնաբերել ռուբերիտրինաթթու և ալիզարին: Կլինիկորեն հիմնավորված է տորոնի մզվածքի խիստ բարձր արդյունավետությունը միզաքարային հիվանդության ժամանակ: Նշենք, որ դեղաբույսի չոր մզվածքը` հաբերի և կաթիլների (ցիստենալ) ձևով, լայնորեն օգտագործվում է ոչ միայն միզաքարային և լեղաքարային հիվանդությունների, այլ միզուղիների բորբուքումների, խիթերի և նիկտուրիայի (գիշերամիզության) ժամանակ: Չոր մզվածքը մտնում է նաև նույն նպատակի համար կիրառվող արտասահմանյան ռովատենեկս պատրաստուկի բաղադրության մեջ:

 

Մեր կողմից տորոնի կոճղարմատի և արմատների ջրաթուրմը, փոշին և հաբերը օգտագործվել են սուր և քրոնիկական պիելոցիստիտների և խոլեցիստիտների դեպքում: Դեղորայքի դոզաները կարգավորել ենք մեզի գույնով. այսպես, եթե այն տորոնից սկսել է կարմրել, ապա դեղամիջոցի դոզան համարել ենք բավարար: Բուժման 3-4-րդ օրերից հիվանդների մեծամասնության մոտ պակասել են հաճախամիզությունը, միզուկի, վերցայլային և գոտկաշրջանի այրոցներն ու ցավերը: Բուժման 10-րդ օրում հիվանդների գերակշռող մասի մոտ միզարձակումը դարձել է ազատ ու անցավ, կանոնավորվել է մեզի գույնը, նրա միջից պակասել կամ լրիվ վերացել են էրիթրոցիտները, լեյկոցիտները, լորձը, միզուղների էպիթելային բջիջները և այլ բորբոքական տարրեր: Զգալիորեն լավացել է հիվանդների ինքնազգացումը, նորմալացել ջերմությունը և արյան պատկերը: Բուժման շնորհիվ դրական տվյալներ են արձանագրվել նաև խոլեցիստիտների ժամանակ: Մենք կարծում ենք, որ տորոնի պատրաստուկները, բացի լիթոլիտիկ ներգործությունից, օժտված են նաև արտահայտված հակաբորբոքիչ ներգործությամբ ինչպես միզուղիների, այնպես էլ լեղուղիների մի շարք բորբոքումների ժամանակ:

 

 

Կիրառման եղանակները: Ջրաթուրմը պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ սառը ջրում թրմում են 8 ժամ, հետո քամում: Հումքի վրա այս անգամ լցնում են 1 բաժակ եռման ջուր և թրմում 15 րոպե, որից հետո ստացված սառը և տաք թուրմերը խառնում են իրար ու ըմպում 1 օրում` 5-6 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ սառը ջրում թրմում են 10 ժամ, ապա եփում , հովացնում ու ըմպում առավոտյան, գոլ վիճակում: Արմատափոշին ընդունում են 1-ական գրամ` ջրով, օրական 3 անգամ: Չոր մզվածքի հաբերը, որ պատրաստի բաց են թողնում դեղատներում, 0,25-ական գրամ դոզայով ընդունում են 2-3-ական հաբ, օրական 3 անգամ, կես բաժակ գոլ ջրով, 20-30 օր և կրկնում կուրսը 4-6 շաբաթ հետո: Ցիստենալը բաց է թողնվում դեղատներում` այլ միջոցների հետ համակցված, կաթիլների ձևով: Այն ընդունում են 3-4-ական կաթիլ` շաքարի վրա, բերանում ծծելով: Քարային խիթերի ժամանակ միանվագ ընդունում են 20 կաթիլ որպես սպազմալիտիկ, հակաբորբոքիչ և միզամուղ: Միզաքարային հիվանդության ժամանակ վերցնում են 40 գ տորոն, 20-ական գրամ մասուր, գիհու պտուղներ և կեչու տերև: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 10 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա եփում 5 րոպե և ըմպում կումերով, 1 օրվա ընթացքում: Էքսուդատիվ դիաթեզների ժամանակ վերցնում են 30-ական գրամ տորոնի և օճառախոտի արմատներ, 15-ական գրամ կռատուկի և խատուտիկի արմատներ, 10 գ մատուտակի արմատ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 15 րոպե եփում են 1 բաժակ եռման ջրում, հովացնում, քամում ու ըմպում 1-ական բաժակ` օրական 3 անգամ: Բազեդովյան հիվանդության ժամանակ վերցնում են 40-ական գրամ տորոնի և օճառախոտի արմատներ, 20 գ մատուտակի արմատ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 15 րոպե եփում են 1 բաժակ ջրում, ըմպում առավոտյան` 1-2 բաժակ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Բույսի ստորգետնյա մասից ստանում են ներկ, որով ներկում են բուրդը, լայնորեն օգտագործում են գորգագործության մեջ` վարդագույն, մորեգույն և մանուշակագույն երանգներ ստանալու համար: Տորոնի ներկը դարեր շարունակ չի խունանում: Նրանից ստանում են կարմիր թանաք: Բուսը նաև նեկտարատու է: Բուսուտների հետագա պահպանման համար տորոնը վերցված է մշակման:

 

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Heini

21.10.2015

Hallo! Could you give me some information about Krapp(Rubia tinktorum) in english, german or russian, please?I'm interesting about: - the place of its growing, -if its possible to bye the hole roots -how much schould i pay if i bye aprx 1/2 kg Thanks, H.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ