Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Օճառախոտ դեղատու - Мыльнянка лекарственная - Saponaria officinalis L.

Օճառախոտ դեղատու - Мыльнянка лекарственная - Saponaria officinalis L.

Հայկական տարանունները - աճառի, շմորտակ, փրփրիկ, օճառաբույս, օճառախոտ

Դեղաբույսի նկարագրությունը: Մեխակազգիների ընտանիքին պատկանող, նուրբ, 30-90 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է: Ունի երկարավուն, հակադիր դասավորված տերևներ: Ծաղիկները խոշոր են, հնգաթերթիկ, բուրավետ (հատկապես գիշերվա ժամերին), վարդագույն կամ սպիտակ, 3-7 կուտակված տերևածոցերում: Ամբողջ բույսը մերկ է կամ մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև հոկտեմբեր, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատով: Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր: Մեզ մոտ աճում է 5 տեսակ, հիմնականում ցանքերում, խոտհարքներում, արոտատեղերում, անտառի բացատներում, ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, հանրապետության գրեթե բոլոր շրջաններում:

 

«Սապոնարիան» լատիներեն «սապո» բառից է, որը նշանակում է օճառ, ելնելով այն բանից, որ բույսն օժտված է օճառանման հատկությամբ:

 

 

Քիմիական բաղադրությունը: Բույսի արմատներում և կոճղարմատում հայտնաբերվել են 20-35% տրիտերպենային սապոնիններ, որոնց շաքարային մասը կազմում են գենցիոբիոզան և սապոնարոզան, այնուհետև` խիստ այրող համով սապոռուբրին, սապոտոքսին, սապոռուբրինաթթու, լորձ, C վիտամին, որը ճեղքվելով վեր է ածվում գլյուկոզայի և վիտեքսինի:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են օճառախոտի արմատները (կոճղարմատը), որոնք հանում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը, լվանում սառը ջրով, հեռացնում մանրաթելիկները և չորացնում բացօթյա, արևի տակ: Մշակված հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի ժամկետով:

 

Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Ամիրդովալաթը դեղաբույսը («օշնան» անվան տակ) օգտագործել է բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարումների, տեսողության խանգարումների, մեզի և դաշտանի ետպահումների ժամանակ: Այն մաքրում է ստամոքսը, լավացնում միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է դաշտանը, օգնում է ջրգողությանը: Խառնելով մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը նշանակել է «նեխած խոցերի» դեպքում: Իր իսկ մեջբերումով, Էհանան բույսի վերգետնյա մասը տրորված վիճակում դրել է քթի մեջ` ֆուրունկուլի դեպքում: Ըստ Ղ. Ալիշանի մեջբերման, «դեղաբույսը` քսելով գլխին, առողջացնում է մաշկի խոցը»:

 

 

Չինական բժշկության մեջ բույսի սերմերն օգտագործել են որպես ծննդկանի կաթն ավելացնող և ցավազրկող միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների հետ, սերմերը քսուքի ձևով օգտագործում են էկզեմայի և թեփոտվող որքինի ժամանակ: Աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատների, որոշ դեպքերում նաև տերևների թուրմը կամ եփուկը օգտագործում են որպես խուխամուղ, լուծողական, միզամուղ, լեղամուղ, փքահան և «արյունը մաքրող» միջոց: Օճառախոտն ընդհանրապես կիրառվում է լյարդի, երիկամների և փայծաղի հիվանդությունների, ռևմատիզմի, ջրգողության, պոդագրայի, համառ հազի, հարբուխի, բրոնխիտների, բրոնխէկտազիաների, լարինգիտների, քիթ-ըմպանային ախտահարումների, գեղձախտի, նողկանքի, կրծքային հեղձուկի նոպաների, մաշկացանով ուղեկցվող նյութափոխանակության խանգարումների և վեներական հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսն արտաքին ձևով օգտագործվում է էկզեմայի, թեփոտվող որքինի, ֆուրունկուլի, թարախային խոցերի, քոսի, մաշկային համառ ցանավորումների դեպքերում և այլն: Արմատների և տերևների եփուկը կիրառվում է կոմպրեսների և լոգանքների ձևով: Սակայն դեղաբույսի երկարատև ընդունումից կամ մեծ դոզաներից առաջ է գալիս ստամոքսաաղիքային տրակտի գրգռում, փսխում, լուծ, իսկ արտաքին կիրառման դեպքերում` մաշկի գրգռվածություն: Ատամնացավի ժամանակ բույսի արմատը ծամում են և հպում ցավոտ մասին, եփուկով ողողում են կոկորդը` անգինայի և թրջոցալաթ դնում քթի մեջ` հարբուխի ժամանակ:

 

Դեղաբույսի արմատներն ու կոճղարմատն օֆիցինալ են Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Պորտուգալիայում: Հոմեոպաթներն այն կիրառում են ցրտառական հիվանդությունների ժամանակ: Ֆարմակոլոգիորեն հիմնավորվել է, որ սապոտոքսինը համարվում է հեմոլիտիկ թույն: Օճառախոտով կենդանիների թունավորման դեպքերում առաջ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածություն, ցնցումներ, ծանր դեպքերում` շնչական կենտրոնի կաթված և մահ: Դեղաբույսն անասնաբուժության մեջ կիրառվում են աղիների հիվանդությունների և ճիճվակրության դեպքերում, ունի արտահայտված մանրէասպան և միջատասպան հատկություններ:

 

Մենք օճառախոտի արմատների եփուկն օգտագործել ենք սուր և քրոնիկական, ոչ քարային բնույթի խոլեցիստիտների ժամանակ: Մեզ հաջողվել է բացահայտել դեղաբույսի սպազմալիտիկ, լեղամուղ, ջերմ իջեցնող և ցավերը հանգստացնող հատկությունները: Եթե լեղուղիների սպաստիկ սեղմումների հետևանքով, նախքան բուժումը, հիվանդների 32%-ի մոտ ծծմբաթթվական մագնեզիումի լուծույթից ընդհանրապես չեն ստացվել լեղու բաժինները, ապա օճառախոտի կիրառումից 7-10 օր հետո տվյալ խմբի հիվանդների գերակշռող մասի մոտ մեզ հաջողվել է ստանալ լեղու բոլոր բաժինները: Բուժման շնորհիվ մեղմացել կամ լրիվ վերացել են հիվանդների աջ թուլակողի հատվածի ցավերը, պակասել է մաշկի, սկլերաների և փափուկ քիմքի ենթադեղնուկային վիճակը, դադարել են մի շարք դիսպեպտիկ երևույթներ: Հետագայում դեղաբույսի պարբերաբար օգտագործումը կանխել է հիվանդագին պրոցեսի կրկնումը:

 

 

Կիրառման եղանակները: Արմատներից թուրմ պատրաստելու համար 1-2 թեյի գդալ մանրացրած հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման կամ սառը ջրում, ապա ըմպում 1/4 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 6-10 գ հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ:

 

Եփուկ պատրաստելու համար 6 գ հումքը 30 րոպե եփում են 200 մլ ջրում (լավ է ջրաբաղնիքում), ըստ համի ավելացնում օշարակ, հովացնում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Կամ` 50 գ հումքը 1 լ ջրում եփում են 10-15 րոպե, հովացնում, քամում ու ըմպում օրական 3-4 բաժակ` ստամոքսաաղիքային տրակտի, երիկամների, փայծաղի, լյարդի և մաշկային մի շարք բորբոքական բնույթի հիվանդությունների ժամանակ: Կամ` 2 թեյի գդալ հումքը 200 մլ ջրում 15 րոպե եռացնելուց հետո հովացնում, քամում են ու որպես խուխամուղ ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` ուտելուց հետո: Այս եփուկի ներգործությունն ավելի ուժեղացնելու համար ավելացնում են 5 գ հացի սոդա: Մ.Ա. Նոսալը փայծաղի հիվանդությունների ժամանակ առաջարկել է վերցնել 20-ական գրամ աճառախոտի արմատ և ուռենու կեղև, 15 րոպե եռացնել 1 լ եռման ջրում, ապա ըմպել օրվա մեջ 3 բաժակ:

 

Փորկապությունների ժամանակ վերցնել 25-ական գրամ օճառախոտի և խատուտիկի արմատներ և երիցուկի ծաղիկներ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 6 ժամ թրմել 0,5 լ ջրում, ապա եռացնել ու օգտագործել միկրոհոգնայի ձևով: Որպես հակառևմատիկ միջոց առաջարկվում է վերցնել 25-ական գրամ օճառախոտի և եզնարգելի արմատներ, դառնանուշ, մորմի ընձյուղներ և ուռենու կեղև: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ 10 րոպե թրմում են 0,5 լ եռման ջրում, հետո եռացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական բաժակ` օրվա մեջ 5-6 անգամ: Օճառախոտն` այլ դեղաբույսերի հետ խառնված, օգտագործում են էքսուդատիվ դիաթեզների և բազեդովյան հիվանդության ժամանակ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Շնորհիվ մեծ քանակության սապոնինների, օճառախոտի արմատներն ունեն լավ փրփրող հատկություն. օգտագործվում է հալվայի, կրեմի, զովացուցիչ խմիչքների և գարեջրի արտադրությունում: Օճառախոտն օգտագործվում է նաև կրակմարիչների մեջ, նուրբ հագուստեղենը լվանալու համար և այլն: Բույսն ուտում են միայն ոչխարները: Այն դեկորատիվ է, օգտագործվում է ծաղկաթմբերը ձևավորելու համար:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ