Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Գայլահատ մահացու - Волчеягодник смертельный - Daphne mezereum L.

Գայլահատ մահացու - Волчеягодник смертельный - Daphne mezereum L.

Հայկական տարանունները - անտառի յասաման, դափնյակ, կակղենիկ, կատվենիկ, մազարիոն, տերևատ

Դեղաբույսի նկարագրությունը: Գոճմակազգիների ընտանիքին պատկանող, 03-1,5 մ բարձրության թուփ է: Աճում է ենթալպյան գոտու սաղարթավոր անտառներում, հիմնականում ստվերոտ, հումուսային խոնավ հողերում, ցաքուցրիվ, ոչ մեծ բուսուտներով: Վաղ գարնանը, երբ ձորակներում ու հեղեղատներում դեռևս նստած է ձյունը, բոլորովին տերևազուրկ բույսի ճյուղերը (այստեղից էլ տերևատ անունը) ծածկվում են նուրբ, վարդայասամանագույն ծաղիկներով, որոնք ունեն վանիլի կամ հակինթի բուրմունք: Տերևները նշտարաձև են, ծաղիկներիը` փնջաձև: Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է, գնդաձև, փայլուն կորիզներով, որոնք պարունակում են հեշտ ցնդող յուղ, հասունանում է ամռան վերջերին: Ամբողջ բույսը, բացի ծաղիկներից, ունի բնորոշ տհաճ հոտ: Գայլահատի բազմաթիվ տեսակներից միայն 5-ն են, որ աճում են մեր հանրապետությունում:

 

Քիմիական բաղադրությունը: Բույսի կեղևը պարունակում է դաֆնին, իսկ պտուղները` կոկկոգնին գլիկոզիդներ: Բույսի տարբեր մասերում հայտնաբերված են գորշադեղնավուն կուպր (մեզերին), ճարպայուղ (որով էլ պայմանավորված է տհաճ հոտը), դեղին ներկ, շաքար, տանիդ, ստերոիդ սապոնիններ, տրիտերպեններ: Գայլահատը խիստ թունավոր է: Թունավոր է ամբողջ բույսը` ծաղիկները, տերևները, կեղևը, պտուղները և արմատը:

 

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են հիմնականում կեղևը և պտուղները: Կեղևը մթերում են վաղ գարնանը կամ ձմռանը, իսկ պտուղները` հասունանալուց անմիջապես հետո: Կեղևը մանր կտրտված վիճակում չորացնում են ստվերում` միջանցուկ քամու տակ, իսկ պտուղներն` անմիջապես արևի տակ ու պահում տուփերի մեջ: Հումքի պիտանելիությունը 2 տարի է:

 

Դեղաբույսն ունի բուժական կիրառման հին պատմություն` գլխավորապես ժողովրդական բժշկության մեջ և հոմեոպաթիայում: Կեղևը օֆիցինալ է միայն սակավաթիվ երկրներում: Կեղևի և պտուղների ոգեթուրմն օգտագործվում է արտաքին` ռևմատիզմի, պոդագրայի, նևրալգիայի, պարալիզների, այտուցների, տարբեր բնույթի դիաթեզների և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև թարախակույտերի շուտ հասունացման նպատակով: Տարբեր ժողովուրդներ պտուղներն օգտագործում են թրոմբոֆլեբիտի դեպքում որպես հակամակարդող միջոց: Պարզված է, որ հակամակարդիչ հատկությամբ օժտված է դաֆնետինը, որն առաջանում է դաֆնին գլյուկոզիդի ճեղքվելուց: Պտուղներն այս նպատակով օգտագործելու դեպքում պահանջվում է դրանց միջից հատուկ եղանակով հեռացնել գրգռիչ, թունավոր մասը: Կեղևը թրջում են ջրում կամ քացախում, մանանեխի ծեփուկների նման դնում են բորբոքված հոդերի կամ նյարդերի շրջանում: Կեղևը նույն նպատակով օգտագործվում է նաև քսուքի ձևով: Կեղևի ոգեթուրմը մի քանի րոպե պահում են բերանում և թափում` լեզվի մկանների պարեզի ժամանակ, իսկ մզվածքն օգտագործում են գեղձախտի և ջրգողության դեպքերում` ներքին ընդունման ձևով:

 

Պտուղները Հունաստանում օգտագործում են որպես լուծողական, իսկ կեղևը` որպես տեղական գրգռիչ միջոց: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է կոլիտների և ստամոքսային որոշ հիվանդությունների ժամանակ, իսկ քսուքի ձևով` ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի դեպքերում:

 

 

Գայլահատի մասին ուշագրավ տվյալներ է նշում Ամիրդովլաթը: Նա գրում է, որ բույսի տերևները` գինու մեջ կամ խաղողի հյութով օգտագործելիս, բուժում է ժանտախտը կամ առաջացնում անընկալունակ վիճակ այս հիվանդության նկատմամբ: Միաժամանակ նշվում է, որ գայլահատը օգնում է ջրգողության, ատամի ցավի, գլխացավի, պիսակի, մաշկի «չոր խոցերու» ժամանակ, նպաստում աղիներից կլոր որդերի դուրս գալուն: Ըստ Կ. Գաբիկյանի, բույսի տերևները մեղրով օգտագործելով, դրական արդյունք է ստացվում ջրգողության ժամանակ, իսկ կառապանները գայլահատն օգտագործում են ձիերի մաշկի վրա եղած վերքերը բուժելու նպատակով:

 

Գայլահատն օժտված է հակամիկրոբային և նախակենդանիները ոչնչացնող հատկությամբ:

 

Կիրառման եղանակները; Կեղևից կամ պտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20 գ հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ապա այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Նույն հումքերից մզվածք պատրաստելու համար վերոհիշյալ եփուկը եռացնում են մինչև նրա կես բաժին մնալը, ապա ընդունում ջրով, 1-2 կաթիլ` օրական 3 անգամ: Ոգեթուրմ պատրաստելու համար 1 գ չոր կեղևահումքը թրմում են մի քանի օր 64 գ 70° սպիրտի մեջ, ապա ընդունում 1-2-ական կաթիլ` օրական 3-4 անգամ: Քսուք պատրաստելու համար 5 մաս ոգեթուրմը խառնում են 10 մաս վազելինի կամ կարագի հետ, ապա օգտագործում արտաքին ձևով:

 

 

Բույսի այլ հատկանիշները; Գայլահատը խիստ թունավոր է: Հյութի մի կաթիլն` ընկնելով մաշկի վրա, առաջ է բերում արտահայտված գրգռում, իսկ շրթունքների վրա` ցավոտ այտուցներ: Ավելի վտանգավոր է, երբ հյութն ընկնում է աչքերի մեջ: Պտուղները բավականաչափ քաղցր են: Թունավորումը առաջ է գալից բույսի հետ շփվելուց, անգամ սենյակում դրված ծաղիկների հոտից: Պրակտիկայում մեզ հանդիպել են գայլահատով թունավորված հիվանդներ, որոնց թունավորման պատկերն արտահայտվել է ընդհանուր թուլությամբ, քնկոտությամբ, ապաթիայով, նողկանքով: Պտուղներով թունավորվելը հիշեցնում է ատրոպինային թունավորումը, բնորոշ` փսխումով, լուծով, կոկորդի քերծմամբ, բերանի չորության զգացումով, ստամոքսացավով, գլխապտույտով, վախով, տեսողության խանգարումով, վերջույթների դողով, սրտային առիթմիայով, շնչարգելությամբ: Նման դեպքերում կատարվում են ստամոքսային լվացումներ, ներարկվում նարկոտիկներ, սրտային միջոցներ և այլն:

 

Ուշագրավ է այն, որ մարդու համար խիստ թունավոր այս պտուղները հաճույքով ուտում են որոշ թռչուններ և դրանով իսկ տարածում բույսի սերմերը: Ի դեպ, գայլահատի թփերին անասունները խուսափում են մոտենալ:

 

Գայլահատը դեկորատիվ և մեղրատու բույս է և կարիք ունի պաշտպանության, քանի որ նրա արեալները այնքան էլ մեծ չեն: Եվրոպական մի շարք երկրներում այն վաղուց համարվում է անհետացող բուսատեսակ և վերցված է հատուկ հսկողության տակ:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ