Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Թթազգիներ - Moraceae. սև թութ - Morus nigra L., սպիտակ թութ - Morus alba L.

Թթազգիներ - Moraceae. սև  թութ - Morus nigra L., սպիտակ թութ - Morus alba L.

Թթենին պատկանում է Moraceae ընտանիքին, որն ընդգրկում է 24 տեսակ։ Տարածված են մշակովի երկու տեսակները` սևը և սպիտակը, հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։

 

Թթենու հայրենիքը Չինաստանն է։ Հին ժամանակներից մշակվում է նաև Միջին Ասիայում, Հարավային Եվրոպայում և Կովկասում։ Թթենիներն աչքի են ընկնում երկարակեցությամբ՝ ապրում են գրեթե 300 տարի։

Բուժման նպատակով օգտագործում են թթենու պտուղները, տերևները, արմատը, բնափայտը և կեղևը։


Սև և սպիտակ տեսակների պտուղները  պարունակում են մոտավորապես 4% կիտրոնաթթու, 10,5 - 40մգ/% ասկորբինաթթու, 10.9% շաքարներ (թարմ պտուղներում), որոնց թվում՝ 26.76-56.24% գլուկոզա, 0,18-15.34% ֆրուկտոզա, 14,73-83% սախարոզա, ինչպես նաև պեկտինային նյութեր, դաբաղանյութեր, ճարպաթթուներ,1,5%  ազոտային միացություններ, 0.1% ֆոսֆորական թթու։ Հանքային տարրերից առկա են ֆոսֆորը, պղինձը և երկաթը (հատկապես սև թթի մեջ)։


Թթենու տերևներում հայտնաբերվել են ասկորբինաթթու (77-148 մգ/%), կարոտին, եթերային յուղ (0,0025%)։ Կեղևը պարունակում է տրիգոնելին ալկալոիդ, բնափայտը ևþ տերևներըև դաբաղող և ներկող նյութեր (պիգմենտ՝ մորին)։


Սննդում օգտագործում են թարմ կամ չոր պտուղները, ինչպես նաև նրանցից պատրաստված օշարակը։ Թարմ պտուղներից պատրաստում են պաստեղ, մուրաբա, օշարակ, գինի, քացախ, օղի, դոշաբ։ Հյութը քամելուց հետո չոր մնացորդն օգտագործում են որպես սուրճի փոխարինիչ։ Չոր պտուղները աղում են, խառնում ալյուրի հետ՝ բլիթներ թխելու համար։ Չոր պտուղները շատ համեղ են, երկար են պահպանվում և կարող են ծառայել որպես շաքարի փոխարինիչ։ Սպիտակ թթենու տերևները հիմնական սննդանյութ են շերամապահության համար գրեթե բոլոր կլիմայական գոտիներում։


Թթից ստացվող պատրաստուկները մինչև օրս օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։


Թարմ պտուղների ջրաթուրմը կամ կոմպոտը կիրառվում է որպես խորխաբեր և միզամուղ միջոց։


Սպիտակ թութ - Morus alba L.Սպիտակ թթի հյութը և թարմ պտուղները խորհուրդ են տրվում սիրտանոթային, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, դեպքում։ Սրտամկանի սնուցման խանգարման, սրտի արատների ժամանակ նշանակում են 1-2 բաժակ հյութ 1 ճաշի գդալ մեղրով` օրը 4-5 անգամ, ուտելուց հետո (բուժման կուրսը` 3-4 շաբաթ)։ Մեղրով խառնած հյութը (1 մաս մեղր, 4 մաս հյութ) օգտագործում են բերանի խոռոչի ախտահարումների դեպքում` ողողումների ձևով։ Սև թթի հյութը կամ պտուղները շաքարախտով հիվանդների համար շաքարի փոխարինիչներ են։ Պտուղներն ունեն միզամուղ, լուծողական, ջերմիջեցնող, քրտնաբեր ազդեցություն և արդյունավետ են մարսողության խանգարումների, սպաստիկ կոլիտների ժամանակ (պետք է ուտել հատկապես առավոտյան` քաղցած վիճակում)։


Պտուղներից ստացվող ջրաթուրմը, որի պատրաստման համար վերցնում են 2 ճաշի գդալ թարմ կամ չոր պտուղներ, ավելացնում են մեկ բաժակ եռացրած ջուր, թրմում ջրաբաղնիքում, 15 րոպե և սառեցնելուց հետո քամում թանզիֆով։ Խմում են 1/3-1/4 բաժակ, օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ, 3-4 շաբաթ տևողությամբ։ Պտուղներից պատրաստված ջրաթուրմը ընդունելուց հետո խորհուրդ չի տրվում թեյ խմել, քանի որ վերջինիս մեջ պարունակվող դաբաղանյութերը թթի օգտակար նյութերի հետ նստվածք են առաջացնում` վերածելով այն անլուծելի միացությունների։


Ժողովրդական բժշկության մեջ թթի դոշաբը լայնորեն օգտագործվում է ոչ միայն որպես հիանալի սնունդ, այլև անխառն կամ եռացրած ջրում թեյի ձևով` գրիպի, վերին շնչուղիների սուր բորբոքումների, բրոնխիտների և թոքաբորբերի, հոդացավերի, գլխացավերի, գլխապտույտների, սրտի նևրոզների և այլ հիվանդությունների ժամանակ։ Այն ունի արտահայտված քրտնամուղ հատկություն։ Խորհուրդ է տրվում նաև սիրտանոթային մի շարք հիվանդությունների, սակավարյունության, հետծննդյան արյունահոսությունների, մոլոքորի և քութեշի ժամանակ։

Հեղինակ. Նաիրա ՉԻՉՈՅԱՆ, դ.գ.թ., դոցենտ Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ