Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Արյունխմիկ դեղատու - Кровохлебка лекарственная - Sanguisorba officinalis L.

Արյունխմիկ դեղատու - Кровохлебка лекарственная - Sanguisorba officinalis L.

Հայկական տարանունները - արյունախում, արյունածուծ, արյունակուլ, արյունխոտ, արյունքամ, կարմրագլխիկ, ջերմատակ

Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, մինչև 1 մ բարձրության: Տերևները բարդ են, կենտ փետրաձև: Ծաղկաբույլը հասկ է, գլանաձև, արյունաբոսոր ծաղիկներով: Սերմերը մանր են, դարչնագույն: Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին: Բույսը ջրասեր է, հիմնականում աճում է խոնավ մարգագետիններում, անտառի բացատներում, գետեզրերին, ենթալպիական գոտիներում: Ձմեռում է լավ, պտղակալում` կանոնավոր, բազմանում` սերմերով: Անունը ծագել է լատիներեն արյուն կլանող, արյուն խմող բառերից, հավանաբար հիմք ընդունելով բույսի արտահայտված արյունադադարեցուցիչ հատկությունը:

 

Քիմիական բաղադրությունը: Բույսը հարուստ է դաբաղանյութերով, որոնց քանակը նրա առանձին մասերում տատանվում է 12-25%-ի սահմաններում: Արմատները պարունակում են գալլաթթու, թրթնջկաթթու, էլլագաթթու, սապոնիններ (սանգվիսորբին, պոտերին), գալլատանիտ, թրթնջկաթթվային կալցիում, պիգմենտ, օսլա, եթերայուղ: Տերևներում հայտնաբերված է C վիտամին և կարոտին: Միկրոտարրերից պարունակում է մանգան, մագնեզիում, երկաթ, վանադիում և այլն:

 

Բուժական նշանակությունը: Բուժման համար կիրառվում են հիմնականում բույսի արմատը և կոճղարմատը, երբեմն էլ նրա վերգետնյա մասը: Մթերվում է աշնանը, երբ սկսում են թառամել տերևներն ու ծաղիկները: Արմատը հանում են բահով, թողնելով բուսուտների 30-50%-ը` հաջորդ տարվա աճի համար: Արմատ` անջատելով վերգետնյա մասից, լվանում են սառը ջրով, կտրատում 10-15 սմ երկարությամբ, չորացնում արևի տակ կամ լավ քամահարվող սենյակում կամ 40-50° պայմաններում: Լավ չորացրած հումքը կորացնելուց պետք է դյուրաբեկ լինել: Հումքը պահում են պարկի մեջ` պարբերաբար խառնելով: Այն ունի սև, գորշավուն տեսք, կոտրված մասում` դեղնավուն, անհոտ, խիստ տտիպ համով: Հումքի պիտանելիությունը մոտ 5 տարի է:

 

 

Արյունխմիկը հայկական ժողովրդական բժշկության մեջ հայտնի է եղել որպես լուծը և աղիքային արյունահոսությունը դադարեցնող, դաշտանը կարգավորող, հավկուրությունը բուժող (հյութն աչքերին կաթեցնելու եղանակով) և արյան ճնշումը իջոցնող միջոց: Չեխական ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է որպես միզամուղ միջոց, իսկ անասնաբուժական պրակտիկայում` որպես որդամուղ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ բույսի կոճղարմատն օգտագործվում է դիզենտերիան և ստորին վերջույթների երակաբորբը բուժելու համար, ինչպես նաև արյունահոսությունները դադարեցնելու նպատակով: Մեր երկրի, ինչպես նաև Լեհաստանի և Ֆրանսիայի ժողովրդական բժշկության մեջ արյունխմիկը եփուկի ձևով օգտագործվում է գլխացավերի, անգինայի, պալարախտային արյունախխման, առատ դաշտանի, տարբեր տեսակի լուծերի, ինչպես և արտաքին ձևով` վերքերի բուժման ժամանակ: Չինաստանի և Տիբեթի ժողովուրդների մեջ բույսն ամբողջովին օգտագործվում է որպես մածող, ցավը հանգստացնող և արյունահոսությունը դադարեցնող միջոց, հատկապես արյունային փսխման, աղիքային և թութքային արյունահոսությունների դեքերում: Արմատի և կոճղարմատի մզվածքի կիրառումն ընդունվել է գիտական բժշկության կողմից և 1961 թ. մտել պետական ֆարմակոպեայի մեջ: Արմատի մզվածքը տեղային կիրառման ձևով ցուցաբերում է արտահայտված անոթասեղմիչ և հակաբորբոքիչ ազդեցություն: Միաժամանակ փորձնականորեն պարզված է, որ բույսի ջրիկ մզվածքը սեղմում է ճագարի մեկուսացված ականջի և գորտի որովայնամզի անոթները, արգելում աղիների շարժունակությունը, դրդում արգանդի մկանները, առաջ բերելով նրանց տետանիկ կծկումներ (Ն.Ֆ. Գոֆշտադտ): Բույսի հակաբորբոքիչ ներգործությունն, արտաքին կիրառման ձևով, ակնհայտ է. այսպես մանանեխի ծեփուկից առողջ մաշկի վրա առաջ եկած կարմրությունը արյունխմիկի թրջոցներից վերանում է 3 անգամ ավելի շուտ` ջրային թրջոցի ներգործության համեմատությամբ: Դեղաբույսի այս հատկանիշը մենք հաջողությամբ կիրառել ենք կոմպրեսների ձևով մաշկային բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև մեղվի, պիծակի և այլ թունավոր միջատների խայթոցների ժամանակ: Ընդ որում, նկատվել է ցավերի մեղմացում, այտուցի և մաշկի կարմրության պակասում:

 

 

Օժտված լինելով ուժեղ ֆիտոնցիդային հատկությամբ, արյունխմիկի մզվածքը ինչպես սննդային պայմաններում, այնպես էլ օրգանիզմում կործանարար ազդեցություն է թողնում աղիքային ցուպիկի, մասնավորապես` որովայնային տիֆի, պարատիֆերի և դիզենտերիայի հարուցիչների վրա: Բույսի պատրաստուկները ոչնչացնում են նախակենդանիներին, հատկապես տրիխոմոնադներին, որով էլ լայն կիրառություն են գտել գինեկոլոգիական պրակտիկայում` տրիխոմոնդային կոլպիտների բուժման համար: Արյունխմիկը օգտագործվում է նաև բոլոր տեսակի լուծերի (հատկապես արյունային), ստոմատիտների, գինգիվիտների (լնդաբորբ), որոշ տեսակի ներքին արյունահոսությունների, գրիպի, անգինայի, կլիմաքսի ժամանակ և այլն:

 

Ե.Ի. Բելյաևը նշում է բույսի մզվածքի դրական ազդեցությունն արտակարգ առատ դաշտանի, ետվիժումային արյունահոսության, հեմոռագիկ մետրոպաթիայի (արգանդախտի) և ֆիբրոմիոմայի ժամանակ: Ն.Գ. Կովալևան, բացի արմատից, կիրառում է նաև բույսի վերգետնյա մասը, նշելով նրա արդյունավետությունը որպես մածող, հակաբորբոքիչ, արյունադադարեցնող և մանրէասպան միջոց դիզենտերիայի և խոցային կոլիտի ժամանակ: Մեր տվյալներով բույսի եփուկը բարերար ներգործություն է թողնում նաև տարբեր պատճառներից առաջ եկած սուր գաստրիտների ընթացքի վրա: Ստամոքսի շրջանի ցավերի դադարեցման հետ մեկտեղ վերանում կամ մեղմանում են նողկանքը, փսխումը, ստամոքսի բքնածությունը:

 

 

Կիրառման եղանակները: Արմատից եփուկ պատրաստելու համար վերցնում են 15-20-30 գ չոր հումք, 30 րոպե եռացնում 200 մլ ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ, կամ` կես ճաշի գդալ մանրացրած կոճղարմատը 8 ժամ թրմում են 1-2 բաժակ ջրի մեջ, հետո եռացնելու աստիճանի հասցնում ու քամում: Մզվածքն ըմպում են 1-ական ճաշի գդալ, օրվա մեջ 2-3 անգամ` ուտելուց հետո: Կամ` 1 բաժակ եռման ջրի մեջ լցնելով 1 ճաշի գդալ հումք, եռացնում են 30 րոպե, հովացնում, քամում և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ: Եփուկ պատրաստելիս արմատի հետ հավասարաչափ կարելի է օգտագործել նաև բույսի տերևները: Դեղատներում հիմնականում վաճառվում է բույսի ջրիկ մզվածքը, որն ընդունվում է 30-50-ական կաթիլ, ջրով` օրական 3-4 անգամ: Արմատափոշին լինում է հաբերի ձևով «սորբեքս» անվան տակ: Հաբն ընդունվում է մեկական` օրական 3-6 անգամ: Ստամոքսային № 6 թեյի մեջ մտնում են հավասարաչափ` արյունխմիկի և մանդիկի կոճղարմատներ: Որպես մածող միջոց, այս խառնուրդից 2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում 1 օրում, 3-4 անգամ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Արյունխմիկը մեղրատու բույս է, միաժամանակ պիտանի է դեկորատիվ նպատակների համար: Արժեքավոր անասնակեր է: Ցողունագոյացման շրջանում պարունակում է մեծ քանակությամբ սպիտներ, ճարպեր, թաղանթանյութ և այլն: Մատղաշ ընձյուները և տերևներն օգտագործում են կերակրի մեջ: Շնորհիվ մեծ քանակի դաբաղանյութերի, օգտագործվում է կաշվի դաբաղման պրոցեսում: Ծաղիկների եփուկը գործվածքեղենը ներկում է գորշ և կարմիր:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ