Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Սրոհունդ սովորական - Зверобой обыкновенный - Hypericum perforatum L.

Սրոհունդ սովորական - Зверобой обыкновенный - Hypericum perforatum L.

Հայկական տարանունները - արևքուրիկ, եզնածաղիկ դաշտի, թեյի ծաղիկ, հազարածաղիկ, հայֆարիզոն, հիպերիկոն, հոտմոտ, մկան աղիք, մշահամուկ, պոպղակ

Դեղաբույսի նկարագրությունը: Սրոհունդազգիների ընտանիքին պատկանող, 20-60     սմ բարձրության, ուղիղ, ողորկ ցողունով բազմամյա խոտաբույս է: Տերևները նստադիր են, հակադիր, ձվաձև, ամբողջաեզր: Ծաղիկները բազմաթիվ են, ոսկեդեղնավուն, սերմերը` մանր, ծակոտկեն ու դարչնագույն: Ունի ճյուղավորված, գորշ դարչնագույն արմատ: Ծաղկում է ողջ ամռան ընթացքում. պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Աճում է չոր և լուսառատ տարածքներում, անտառային և անտառատափաստանային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 2300 մ բարձրության վրա` հաճախ տալով ցրված բուսուտներ: Սովորական, բծավոր, կոշտամազավոր, նրբագեղ և այլ տեսակներից գիտական բժշկության մեջ ճանաչում է գտել միայն սովորական սրոհունդը, իսկ մյուս բոլոր տեսակները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ: Մեր հանրապետությունում սովորական սրոհունդը առատ պաշարներով հանդիպում է գրեթե ամենուր: Բույսը ձմեռում է լավ, բազմանում է սերմերով, պտղակալում` կանոնավոր:

 

Ցեղի «Հիպերիկում» անվանումը հունարեն «հիպո» և «էրիկե» բառերի միացությունից է, որը նշանակում է հավամրգու տակ, կամ հավամրգիների մեջ, հավանաբար, ելնելով այն բանից, որ առաջին անգամ մարդիկ սրոհունդը գտել են հավամրգիների մեջ, իսկ տեսակի «պերֆորատում» անվանումը լատիներեն նշանակում է ծակծկված, ելնելով այն բանից, որ բույսի տերևները պատված են թափանցիկ, կետավոր գեղձերով:

 

Քիմիական բաղադրությունը: Բույսը պարունակում է 10-12% դաբաղանյութեր, ներկանյութեր (հիպերիցին, պսևդոհիպերիցին), խեժանյութեր, 5-6% անտոցիաններ, սապոնիններ, գլիկոզիդ հիպերոզիդ, C վիտամին, ռուտին, նիկոտինաթթու, կարոտին, խոլին, ալկալոիդների հետքեր, կվերցիտրին, իզոկվերցիտրին, կվերցետին, 0,2-0,3% եթերայուղ, որն իր հերթին պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, իզովալերիանաթթվի բարդ եթերներ, ցերիլ սպիրտ և այլն:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է դեղաբույսի վերգետնյա մասը, որը մթերում են ծաղկման ընթացքում` մինչև պտղակալելը, կտրելով մկրատով կամ մանգաղով, առանց ցողունային կոշտ մասերի: Հումքը չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, կախած կամ փռած վիճակում: Չոր հումքը, որը կազմում է նախնականի 25%-ը, փշրում են, հեռացնում կոշտ մասերը և պահում թղթով փաթաթած, տուփերի մեջ: Մթերման ժամանակ պետք է թողնել առանձին բույսեր` սերմացուի համար, իսկ բույսն արմատահան անել բոլորովին անթույլատրելի է: Չոր հումքը պետք է ունենա բնականին մոտ տեսք, բալասանային հոտ, դառը, տտիպ համ: Այն պիտանի է օգտագործման շուրջ 3 տարի:

 

 

Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Նրա մասին դեռևս նշել են Հիպոկրատը, Պլինիոսը և Դիոսկորիդը, իսկ միջնադարում` Պարացելսը և Տաբերնեմոնտանուսը, որոնք օգտագործել են այն տարբեր հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ճանաչվել է որպես հրաշագործ միջոց և նույնիսկ ընդունված է եղել այն հավատը, որ «տեր աստծո կողմից տրված այս զենքն ուղղված է կախարդների ու սատանաների դեմ». ահա թե ինչու սրոհունդը ժողովուրդն անվանում է նաև «աստվածային», «աստծո ողորմություն»:

 

Ավիցեննան սրոհունդի սերմերի յուղը` կաթիլների ձևով, օգտագործել է մանկական պրակտիկայում` լսողության խանգարումների ժամանակ: Նա դեղաբույսը ճանաչել է որպես վերքամոքիչ, ցավազրկող և միզամուղ, այդ իսկ պատճառով այն օգտագործել է դժվար լավացող խոցերի և վերքերի, նստաներվի բորբոքումների ժամանակ և այլն: Մ. Հերացին դեղաբույսն օգտագործել է ջերմերի և փորկապության ժամանակ, իսկ Ամիրդովլաթը («հայը ֆարիղոն», «հոռմցի տատի» և այլ անուններով) օգտագործել է այրվածքների, դեղնուկի, դժվարամիզության, ուռուցքների, ջերմության բարձրացման, կոնքացավի ժամանակ և այլն: Այնուհետև բժշկապետը նշում է, որ բույսի սերմերն օժտված են հակաբեղմավորիչ և վիժեցնող հատկություններով:

 

Դեղաբույսը Հնդկաստանում օգտագործվում է որպես որդամուղ: Հին Ռուսիայում ժողովրդական հեքիմները գտնում էին, որ «ինչպես առանց ալյուրի հաց չի կարելի թխել, այնպես էլ առանց սրոհունդի հնարավոր չէ բուժել մարդկանց և կենդանիների բազմաթիվ հիվանդություններ». նրանք սրոհունդը համարում էին «99 հիվանդությունների դեղաբույս», օգտագործելով ռևմատիզմի, գոտկանյարդի բորբոքման, պոդագրայի, արյունախխումով ընթացող թոքային պալարախտի, կանացի արյունահոսությունների, սպիտակաթորանքի, թութքի, լյարդի հիվանդությունների, մաստոպաթիայի, ֆուրունկուլյոզի ժամանակ և այլն: Ուզբեկական ժողովրդական բժշկության մեջ որպես հատուկ դեղամիջոց, սրոհունդն օգտագործվել է լյարդի և ստամոքսի քաղցկեղի ժամանակ: Ղազախները սրոհունդն անվանում են «ջեռաբայ», այսինքն` վերքամոքող և դեղաբույսը լայնորեն կիրառում են այդ առումով: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է լեղուղիների, մասնավորապես լեղաքարային հիվանդությունների, քրոնիկական էնտերոկոլիտների, էնուրեզի ժամանակ և այլն: Չեխական ժողովրդական բժշկության մեջ սրոհունդով բուժում են թարախային վերքերը. այն լայնորեն օգտագործում են շնչուղիների, լեղուղիների և մարսողական տրակտի բազմաթիվ հիվանդությունների ժամանակ: Լեհաստանում սրոհունդը համարվում է հեմոստատիկ և վերքամոքիչ միջոց. օգտագործում են նաև փորկապությունների, նևրասթենիայի, նևրալգիաների, գլխացավերի և անքնության դեպքերում:

 

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ սրոհունդն օգտագործվում է խոցային հիվանդության, տարբեր ծագման պոլիարթրիտների, ռադիկուլիտի, թոքային պալարախտի, թութքի, քրոնիկական հիպերացիդ գաստրիտի, գեղձախտի և առատ դաշտանի ժամանակ: Ֆրանսիայում սրոհունդը համարվում է որպես դիուրետիկ, սրտի աշխատանքն ուժեղացնող և հյուսվածքների ռեգեներացիան խթանող միջոց: Դեղաբույսից ստացվող յուղն օգտագործվում է որպես հակախոցային միջոց:

 

Սրոհունդն օֆիցինալ է մեզ մոտ և մի շարք այլ երկրներում: Ֆարմակոլոգիական հետազոտությունները պարզել են, որ բույսի թուրմը կամ մզվածքը` ներերակային սրսկման ձևով, խթանում են սրտի աշխատանքը, ուժեղացնում նրա կծկման ամպլիտուդը, բարձրացնում արյան ճնշումը և սեղմում անոթները: Այն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում ինչպես գալենյան, այնպես էլ նորագալենյան պատրաստուկների ձևով: Հիմնավորված է, որ սրոհունդի դեղամիջոցները` ջրաթուրմի, եփուկի, ոգեթուրմի, մզվածքի և այլ ձևերով, ունեն ուժեղ մածող, ախորժակը լավացնող, հեմոստատիկ, լեղամուղ, հակամիկրոբային, հյուսվածքների ռեգեներացիան խթանող, հականեխիչ և հակաբորբոքիչ հատկություններ: Դրանք` ներքին ընդունման ձևով, դրական են անդրադառնում քրոնիկական գաստրիտների, խոցային հիվանդության, էնտերոկոլիտների, լեղաքարային հիվանդության, ցիստիտների և բազմաթիվ այլ հիվանդությունների բուժման ընթացքի վրա:

 

 

Իմանինը և նովոիմանինը, որպես հակաբիոտիկներ, սինթեզվել են սրոհունդից և առաջարկվել Ուկրաինական գիտությունների ակադեմիայի կողմից` պրակտիկ կիրառման համար: Շնորհիվ այդ պատրաստուկների հակամիկրոբային ներգործության, դրանք կիրառվում են վիրաբուժության մեջ` ինֆեկցված վերքերի, կարբունկուլի, մատնաշնչի, ֆուրունկուլյոզի, մաստիտների, այրվածքների ժամանակ և այլն: Կրծքային վիրաբուժության մեջ այս դեղամիջոցների կիրառումը, հատկապես երեխաների մոտ, տալիս է հրաշալի արդյունք: Ուշագրավ է այն, որ նովոիմանինը ներգործում է անգամ հակաբիոտիկակայուն այն ստաֆիլակոկերի վրա, որոնք ետվիրահատական շրջանում մեծ դժվարությունների առաջ են կանգնեցում մասնագետներին (Մոսկովեց Ս.): Մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում այս պատրաստուկները կիրառվում են մաստիտների, պտուկների ճաքվածքների, ստոմատոլոգիայում` խոցային ստոմատիտների, գինգիվիտների և ալվեոլյար պիորեայի, քիթ-ականջ-կոկորդի բնագավառում` ռինիտների, ֆարինգիտների, լարինգիտների, հայմորիտների, տոնզիլիտների, օտիտների, մաշկային հիվանդությունների մեջ` երկար ժամանակ չլավացող խոցերի, ինչպես նաև 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքների ժամանակ: Իմանինը և նովոիմանինը բաց են թողնվում փոշու ձևով: Դրանցից պատրաստում են լուծույթներ, որոնք օգտագործվում են ողողումների, լվացումների, տամպոնների, ինհալացիայի ձևով և այլն: Պարզվել է, որ այս դեղամիջոցների ազդեցության տակ արագ չորանում է վերքի մակերեսը, վերանում ախտածին միկրոֆլորան, լավ արտահայտվում հյուսվածքների գրանուլացիան: Ստոմատոլոգիայում գինգիվիտներն ու ստոմատիտները բուժելու համար կիրառում են նաև «սրոհունդի յուղը» , որը նախ չի գրգռում հյուսվածքները և ամենակարևորը` արդյունքով բոլորովին չի զիջում բուժման մեջ այս ուղղությամբ լայն ճանաչում գտած ռատանիային:

 

Ա.Դ. Վիզիրը և Վ.Ն. Գրուշան` սրոհունդը խառնելով այլ դեղաբույսերի հետ, թթվածնային կոկտեյլի ձևով, այն օգտագործել են խոցային հիվանդության բուժման ժամանակ: Բուժման կուրսն ավարտելուց հետո (որը տևել է 2-3 շաբաթ) նրանք արձանագրել են հիվանդների մեծամասնության ստամոքսի սեկրետամոտոր ֆունկցիաների նորմալացում:

 

Սրունքի տրոֆիկ խոցը բուժելու նպատակով Ա.Բ. Սելիսկին 1 մաս սրոհունդը ջրաբաղնիքում 3 ժամ եռացրել է 10 մաս ավտոլի կամ բուսայուղի մեջ, որից հետո այն քամել է ու ստացված յուղամզվածքի 85 գ-ին ավելացրել 3 գ. ցինկի օքսիդ և 12 գ. ստեարին: Այս քսուքի կիրառումից հեղինակը ստացել է լավ արդյունք:

 

Կ.Բ. Բալիցկին` համահեղինակներով, դեղաբույսի ջրաթուրմը` թրջոցալաթի ձևով օգտագործել է կրծքագեղձի պնդացումների և ուռուցքների ժամանակ: Ըստ Վ. Շյոնենբերգերի, սրոհունդը վերականգնում է օրգանիզմի կորցրած ռիթմը և հավասարակշռությունը, վերացնում ընկճվածությունը և նյարդայնությունը, նյարդային թուլությունը, տագնապային վիճակը և նյարդային հողի վրա առաջ եկած հյուծվածությունը: Այն օգնում է ցնցումային վիճակին, կարգավորում կանանց դաշտանը:

 

Դեղաբույսը լայն կիրառում ունի նաև հոմեոպաթիայում:

 

Մեր կողմից սրոհունդը, եփուկի ձևով, օգտագործվել է քրոնիկական գերսեկրետոր և գերթթու գաստրիտով տառապող հիվանդությունների բուժման համար: Եփուկը հիվանդներն ընդունել են 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ, ուտելուց հետո, 3-4 շաբաթ տևողությամբ, ստամոքսային չափավոր դիետայի պայմաններում: Հիվանդների զգալի մասի մոտ դեղաբույսի օգտագուրծումից ոչ միայն լավացել են ստամոքսային սուբյեկտիվ և օբյեկտիվ տվյալները, այլև որոշ չափով թեթևացել են այն նեյրոդիստոնիկ երևույթները (ընդհանուր անհանգիստ վիճակ, ջլային բարձր ռեֆլեքսներ, արտահայտված կարմիր դերմոգրաֆիզմ, ակրոցիանոզ, քրտնոտություն, վերջույթների դող և այլն), որոնք հաճախ ուղեկցում են մարսողական տրակտի քրոնիկական հիվանդություններին:

 

 

Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 3 ճաշի գդալ մանրացրած սրոհունդը լցնում են 250 մլ եռման ջրի մեջ, թրմում 2 ժամ, ապա ըմպում 1/3-ական բաժակ` օրական 3 անգամ: Կամ 10 գ. հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում նույն եղանակով: Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 10 րոպե, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-ական բաժակ` օրական 3 անգամ, ուտելուց հետո: Ջրիկ մզվածք պատրաստելու համար 20 գ հումքը 400 մլ ջրում եռացնում են մինչև նրա կիսվելը, ապա քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց հետո: Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը` 1:10 հարաբերությամբ, խառնում են 70° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, քամում ու ըմպում 30-40-ական կաթիլ` օրական 3 անգամ: Կամ` 15-20 գ. հումքը մեկ շաբաթ թրմում են 1-2 լ 70° սպիրտի մեջ, քամում, ապա ընդունում ջրով, 30-ական կաթիլ` օրական 3 անգամ` ուտելուց հետո (ցիստիտների, կոլիտների և լեղաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաև, բերանի ողողման համար):


Հումքից նույն ձևով պատրաստում են ոգեթուրմ սովորական օղու մեջ` 1:5-ի հարաբերությամբ: Քսուք պատրաստելու համար 1 մաս ոգեթուրմը խառնում են 4 մաս կովի կարագի հետ: «Սրոհունդի յուղ» պատրաստելու համար վերցնում են 500 գ թարմ հումք, ավելացնում 1 լ արևածաղկի յուղ և 0,5 լ սպիտակ գինի, թրմում 3 օր, ապա գոլորշիացմամբ լուծույթից անջատում գինին: Ստացված դեղամիջոցն օգտագործում են խոցային հիվանդության ժամանակ, 1-ական ճաշի գդալ, քաղցած վիճակում կամ ուտելուց 3-4 ժամ հետո, 1-2 ամիս տևողությամբ: Այս յուղը միաժամանակ օգտագործվում է վերքերի, մաշկային խոցերի և պառկելախոցերի բուժման նպատակով: Կամ` 1 ճաշի գդալ ծաղկաբույլին ավելացնելով 1 բաժակ բուսայուղ, շուտ-շուտ թափահարելով, թրմում են 2 շաբաթ, հետո քամում ու կիրառում մաշկային ախտահարումների ժամանակ: Դեղաբույսի ոգեթուրմը մտնում է դեղատներում պատրաստի վիճակում բաց թողնվող կապսիտրին կոմպլեքս պատրաստուկի կազմի մեջ, որը քսման ձևով օգտագործվում է ռադիկուլիտների, նևրիտների, միոզիտների և արթրիտների ժամանակ որպես ցավ հանգստացնող և կազդուրիչ միջոց: Իմանինը, որը բաց է թողնվում դեղատներում փոշու ձևով, կիրառվում է արտաքին` լուծույթների, քսուքի և ցանափոշու ձևով: Նովոիմանինը դեղատներում բաց է թողնվում սպիրտային լուծույթների ձևով:


Թարախային, գարշահոտ վերքերի բուժման համար վերցնում են սրոհունդ, կաղնու կեղև և վաղենակ` 1:2:1 հարաբերությամբ, որից պատրաստում են եփուկ ու թրջոցների ձևով դնում վերքերի վրա: Լեղուղիների բորբոքումների և քարերի առկայության դեպքում վերցնում են 40-ական գրամ սրոհունդ և անթառամ, ավելացնում 30 գ ծտապաշար, 10 գ երիցուկ և 20 գ բեկտենու կեղև: Այս խառնուրդից 4 ճաշի գդալ լցնում են 1 լ ջրի մեջ, թողնում ողջ գիշերը, առավոտյան եռացնում 7-10 րոպե, ըմպում 1-ական բաժակ` օրական 5 անգամ: Խորհուրդ է տրվում առաջին բաժակն ըմպել ուտելուց առաջ, իսկ մնացած 4-ը` ուտելուց հետո, 1 ժամ ընդմիջումներով: Տևական լուծերի ժամանակ վերցնում են հավասարաչափ սրոհունդ և հազարատերևուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում քաղցած վիճակում` օրական 2-3 անգամ: Միզուղիների քարային ախտահարումների ժամանակ վերցնում են 25-ական գրամ սրոհունդ, ուրց և ծիծեռնախոտ: Այս խառնուրդից 4 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 լ եռման ջրում, ապա ըմպում միանվագ` լոգանք ընդունելով հանդերձ: Խոլեցիստիտների և խոլանգիտների ժամանակ վերցնում են 30 գ սրոհունդ, 10 գ գայլուկի ծաղիկներ, 20-ական գրամ անանուխ, օշինդր և կատվախոտի արմատ: 3 թեյի գդալ այս խառնուրդից 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանվագ` օրական 2 անգամ: Լյարդի ցիռոզների ժամանակ վերցնում են 20-ական գրամ սրոհունդ, հազարատերևուկ, ձիաձետ և եղերդակի արմատ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 3 անգամ, 1 օրվա ընթացքում: Դժվար լավացող վերքերի դեպքում վերցնում են 40-ական գրամ սրոհունդ, ձիաձետ և երիցուկ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1/2 լ եռման ջրում, ապա թրջոցալաթի ձևով դնում են վերքի վրա:


Այլ օգտակար հատկանիշները: Բույսն ունի արտահայտված ֆիտոնցիդային հատկություն: Արտադրում է առատ ծաղկափոշի: Որպես համեմունք օգտագործվում է ձկնեղենային ուտեստների և ոգելից խմիչքների մեջ, ինչպես նաև որպես թեյի փոխմիջոց:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ