Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղամիջոցներ

Շուրջդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց միզարձակման խանգարումների բուժումը Վեզիկարով

Շուրջդաշտանադադարային շրջանը (պերիմենոպաուզա) կնոջ ֆիզիոլոգիական զարգացման ճգնաժամային փուլերից մեկն է: Այն ընդգրկում է նախադաշտանադադարային, դաշտանադադարի և հետդաշտանադադարային փուլերը` սկսած վերջին ինքնաբեր դաշտանից հետո մեկ և ավելի տարի:

 

Վերջին տարիներին միզասեռական խանգարումների համախտանիշի (ՄՍԽՀ) ախտորոշումն ու բուժումը հատկապես շուրջդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց մոտ համարվում է կարևորագույն բժշկասոցիալական հիմնախնդիր, որի արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ՄՍԽՀ դեպքերի հաճախականության աճի միտումով և այդ տարիքի կանանց կյանքի որակի վատացումով, այլև ախտորոշման և բուժման ցածր արդյունավետությամբ, ռեցիդիվների բարձր հաճախականությամբ:

 

Միզասեռական համակարգի ծերացումը դրսևորվում է ոչ միայն հեշտոցային, այլև ցիստոուրետրալ (պոլակիուրիա, նիկտուրիա, ցիստալգիա, իմպերատիվ միզարձակում, անհետաձգելի ու սթրեսային անմիզապահություն, խառը անմիզապահություն) ատրոֆիայի ախտանիշներով:

 

Միզասեռական խանգարումներով կանանց կյանքի որակը զգալիորեն նվազում է (մինչև 78,1%), որի 22,5%-ը բաժին է ընկնում անմիջականորեն միզասեռական խանգարումներին [1, 2]:

 

Ներկայումս հաճախ է քննարկվում տարբեր մեթոդներով (այդ թվում և վիրաբուժական) միզասեռական խանգարումների բուժման հնարավորության հարցը: Դրանից ելնելով` կյանքի որակի գնահատումը, որը դիտվում է որպես ցանկացած հիվանդության և բուժման արդյունավետության գնահատման բաղադրիչ, կունենա կարևոր նշանակություն` պարզելու տարբեր վիրահատական միջամտությունների արդյունավետությունն այդ խանգարումների շտկման հարցում:

 

Այսպիսով, շուրջդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց միզասեռական համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և հետագա ռեաբիլիտացիայի հարցերն արդիական են և կարիք ունեն ուսումնասիրման ու լուծման: 

 

Մեր կողմից «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2007-2010թթ. ընթացքում հետազոտվել և բուժում են ստացել շուրջդաշտանադադարային տարիքի ՄՍԽՀ-ով 158 կանայք, որոնք բուժվել են կոնսերվատիվ և վիրահատական տարբեր մեթոդներով և կազմել են հիմնական խումբը: 

 

Հսկիչ խմբի մեջ ներգրավվել են շուրջդաշտանադադարային շրջանի 84 կին, որոնց մոտ կլինիկական դրսևորումներ չեն նկատվել:

 

Հատուկ ուշադրության է արժանացել մանկածնման ֆունկցիայի գնահատումը, պարզվել են մասնավորապես հղիությունների և ծննդաբերությունների թիվն ու դրանց ընթացքի առանձնահատկությունները, երեխաների քաշը, ինչպես նաև տարած հիվանդությունները, ստացած բուժումները, վիրահատական միջամտությունները, այդ թվում` հեշտոցի պատերի իջեցման ու անմիզապահության հետ կապված վիրահատությունների արդյունավետությունը:

 

Միզապարկի վիճակի գնահատման նպատակով կատարվել է գերձայնային հետազոտություն միզապարկի լցվածության պայմաններում (150-200 մլ), հիվանդին առաջարկվել է հազալ 3-4 անգամ` փոքր ընդմիջումներով: 

 

Եթե մեզի կորուստը տեղի է ունենում միատեսակ ծավալներով, ապա կարելի է ենթադրել միզուկի սֆինկտերի անբավարարության մասին:

 

Երբ մեզի կորուստը հազային ռեֆլեքսի ժամանակ ավելանում է, և տեղի է ունենում միզուկի տեղաշարժ դեպի ներքև ու դուրս, ապա կարելի է ենթադրել հիպերմոբիլ միզուկի մասին:

 

Եթե մեզի կորուստը տեղի է ունենում նաև հազային հրոցից հետո, ապա կարելի է մտածել անմիզապահության խառը ձևի մասին:

 

Միզարձակման գնահատման օրագրում նշվել են նաև միզարձակման խանգարումները` պոլակիուրիան և նիկտուրիան:

 

Կատարվել է ուրոդինամիկ համալիր հետազոտություն` ուրոֆլոումետրիա, հեղուկային ցիստոմետրիա, միզուկի պրոֆիլոմետրիա: 

 

Գերձայնային հետազոտության միջոցով 64 (58,9%) հիվանդի մոտ հայտնաբերվել է հիպոտոնիա, 78-ի (72,9%) մոտ` դետրուզորի կծկողական ակտիվության նվազում, 78-ի (72,9%) մոտ` փականային ապարատի անբավարարություն: Միայն 5 (4,7%) դեպքում է ախտորոշվել դետրուզորի հիպերակտիվություն, 3 դեպքում (2,8%) վերջինս զուգակցված էր միզուկի ոչ կայուն վիճակի հետ: Միզապարկի գերզգայունություն ախտորոշվել է 37 (34,6%) կանանց մոտ, միզուկի ոչ կայուն վիճակ (ներմիզուկային առավելագույն ճնշման դեպքում)` չկոորդինացված կծկանքներ հայտնաբերվել է 3 (2,8%) դեպքում, 7 հիվանդի մոտ (6,5%) կասկածվել է ինֆրավեզիկալ օբստրուկցիա: Վերջինիս համար հիմք է ծառայել բազմակի ուրոֆլոուրոմետրիայի դեպքում ուրետրալ դիմադրության ինդեքսի բարձրացումը 0,25 և մեզի հոսքի առավելագույն արագության նվազումը մինչև 10-15 մլ/վրկ: 

 

Ցիստոսկոպիայի ժամանակ առաջին հերթին հայտնաբերվեցին Լիետոյի եռանկյան և միզապարկի պարանոցի փոփոխություններ, ընդ որում, այդ երևույթները դրսևորվել են լորձաթաղանթի հիպերեմիայով, փխրունությամբ և այտուցվածությամբ, որն էստրոգենների պակասի հետևանք է:

 

Հատուկ հետազոտությունների արդյունքների համաձայն, միզուղիների վարակը (լեյկոցիտների բացակայություն երկբաժականի և Նեչիպորենկոյի թես- տերով), ինչպես նաև մեզի բակտերիոլոգիական ցանքսի միջոցով իսկական բակտերիուրիան և միզուղիների վարակը ժխտվել են: Սթրեսային անմիզապահության ժամանակ, ընդհակառակը, նկատվել է մեզի հոսքի արագության մեծացման միտում, որը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է փականային ապարատի անբավարարությամբ և միզուկի ֆունկցիայի թուլացմամբ:

 

Միզարձակման իմպերատիվ համախտանիշի և սենսոր խանգարումների ժամանակ արձանագրվել է միզապարկի լցման ծավալի կրճատում:

 

Դետրուզորի հիպերակտիվության դեպքում խոսել միզապարկի ֆիզիոլոգիական ծավալի մասին հնարավոր չէ, քանի որ դետրուզորի ճնշման չկոորդինացված տատանումները կարող են ծագել օրվա տարբեր ժամերի, մեզի տարբեր ծավալների դեպքում: Հատուկ ուշադրություն է դարձվել անմիզապահության տարբեր ձևերի դեպքում լցման և էվակուացիայի փուլերի ցուցանիշների ուսումնասիրությանը:

 

Այսպիսով, շուրջդաշտանադադարարային տարիքի կանանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվել են միզարձակման խանգարումներ, մասնավորապես, միզարձակման իմպերատիվ համախտանիշ, սթրեսային և խառը անմիզապահություն, որը համընկնում է գրականության տվյալների հետ [1-3]:

 

Միզարձակման խանգարման համախտանիշով 29 հիվանդ ստացել է փոխարինող հորմոնային բուժում (ՓՀԲ), որն անարդյունավետ է եղել: Նշանակվել է M-խոլինոլիտիկներով բուժում: Գնահատվել է M-խոլինոլիտիկների շարքից սոլիֆենացինի և օքսիբուտինինի արդյունավետությունը, մասնավորապես, ազդեցությունը հաճախամիզության, անմիզապահության, իմպերատիվ «թաց» անմիզապահության հաճախականության վրա: 

 

Կատարվել է նաև M-խոլինոլիտիկների տարբեր պատրաստուկների արդյունավետության գնահատում: Ամենաբարձր արդյունավետությունը հայտնաբերվել է սոլիֆենացինի (վեզիկար) բուժման դեպքում, ընդ որում, հավասարապես արդյունավետ էր դրա 5 և 10 մգ դեղաչափերը (նկ. 1, 2):

 

Նկար 1. M-խոլինոլիտիկների ազդեցությունը միզարձակման հաճախականության վրա

 

Նկար 2. M-խոլինոլիտիկների բուժման արդյունավետության համեմատական գնահատումը

 

Չնայած դեղորայքային բուժման բավարար արդյունավետությանը` անմիզապահության հաճախականությունը հաջողվել է կրճատել 12 ամսվա բուժումից հետո 17 (58,5%) դեպքերում:

 

Բացի այդ, M-խոլինոլիտիկներն ունեն որոշակի հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ (բերանի չորություն, հաճախասրտություն), որը հաճախ պատճառ է դառնում հիվանդների կողմից բուժման ընդհատման: Միզուկային (ուրետրալ) առավելագույն ճնշումը և ճնշումը փակված միզուկի դեպքում նախադաշտանադադարային և հետդաշտանադադարային շրջանումում միզարձակման ծանրության տարբեր աստիճանի խանգարումների դեպքում բուժման ֆոնի վրա ավելացել է միայն 23 (33,8%) հիվանդի մոտ:

 

Ստացված տվյալները ցույց են տալիս, որ ՓՀԲ թողնում է դրական ազդեցություն միզուկի ֆունկցիայի վրա` իջեցնելով հարթ մկանների կծկողականությունը, սակայն միզուկի պրոֆիլոմետրիայի տվյալներով` ներմիզուկային առավելագույն ճնշումը ՓՀԲ դեպքում բուժումից 12 ամիս անց ավելացել է ընդամենը 8-21%-ով:

Նկար 1. M-խոլինոլիտիկների ազդեցությունը միզարձակման հաճախականության վրա

 

 

Նկար 2. M-խոլինոլիտիկների բուժման արդյունավետության համեմատական գնահատումը

 

Սթրեսային անմիզապահության դեպքում համալիր բուժման ժամանակ, համաձայն միզարձակման օրագրի տվյալների, մեզի կորստի հաճախականությունն ու անմիզապահության էպիզոդները հաջողվել է կրճատել մեկ երրորդով, իսկ օգտագործվող տակդիրների քանակը` 2 անգամ: Բացի այդ, փականային ապարատի անբավարարության դեպքում ընտրողական խոլինոլիտիկները, անգամ ՓՀԲ հետ զուգակցված, չունեն բավարար արդյունավետություն: Այդ հիվանդներին առաջարկվել է վիրահատական բուժում (TVT-obturator): 

 

 Այսպիսով, M-խոլինոլիտիկները, հատկապես վեզիկարը (սոլիֆենացին), որը նոր հակամուսկարինային դեղամիջոց է, 10-15 օր ընդունելուց հետո 18 (62,1%) հիվանդի մոտ վերացել են միզարձակման խանգարման ախտանիշները, հաճախամիզությունն ու իմպերատիվ անմիզապահությունը: 

 

Գրականություն

 

  1. Балан В.Е., Тихомирова Е.В., Ермакова Е.И., Гаджиева З.К., Великая С.В. Урогенитальные расстройства в климактерии, Императивные нарушения мочеиспускания в климактерии, Consilium Medicum, Гинекологическая эндокринология, Т. 06, N 9, 2004.
  2. Балан В. Е. Эпидемиология климактерического синдрома, Акуш. и гинек. , 1995. N 3, С. 5-9.
  3. Гаджиева З.К. Функциональное состояние нижних мочевых путей и медикаментозная коррекция нарушений мочеиспускания у женщин в климактерии: Автореф. дис. ... канд. мед. наук. 2001.

Հեղինակ. Նորայր Ղուկասյան «Էրեբունի» բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ