Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ բժշկական կենտրոն. Մանկական հասակի նյարդավիրաբուժության բաժանմունք


ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ  բժշկական կենտրոն. Մանկական հասակի նեյրովիրաբուժական ծառայություն

Մանկական հասակի նեյրովիրաբուժական ծառայությունը հիմնադրվել է 1983 թ. փետրվարին Երևանի N 3 մանկական կլինիկական հիվանդանոցի (ներկայիս “Սուրբ Աստվածամայր” ԲԿ) մանկական վիրաբուժության բաժանմունքի կազմում ենթաբաժանմունքի ձևով` պրոֆ. Ս. Զոհրաբյանի նախաձեռնությամբ: Բաժանմունքում աշխատել են նեյրովիրաբույժներ Մ.Մ. Մարտիրոսյանը և Լ.Ս. Մովսիսյանը: 1986 թ. այն գործել է որպես 30 մահճակալանոց ինքնուրույն բաժանմունք, որը մինչև 2005 թ. ղեկավարել է նեյրովիրաբույժ, բ.գ.թ. Ռ.Ի. Օգանեզովը: 2006 թ. բաժանմունքը ղեկավարում է նեյրովիրաբույժ, բ.գ.դ. Մ.Մ. Մարտիրոսյանը: Բաժանմունքում աշխատում են երկու նեյրովիրաբույժ, նեյրոօֆթալմոլոգ, կլինիկական օրդինատորներ, փորձառու բուժքույրեր:


Բաժանմունքում բուժվում են հիմնականում գանգուղեղային և ողնուղեղային վնասվածքներով, կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) զարգացման արատներով (ողնուղեղային և գանգուղեղային ճողվածքներ, հիդրոցեֆալիա, ներգանգային կիստաներ), ԿՆՀ բորբոքային և ծավալային գոյացություններով (թարախակույտ, էխինոկոկ, ուռուցքներ), անոթային ախտահարումներով (անևրիզմա, մալֆորմացիա) հիվանդներ: Մասնագիտական հետազոտման և, անհրաժեշտության դեպքում, վիրահատական բուժման են ենթարկվում նաև գանգուղեղային վնասվածքների մնացորդային երևույթներ և տարբեր պատճառներից գանգի դեֆեկտ ունեցող հիվանդներ:


ԿՆՀ մի խումբ ախտահարումների դեպքում (հիդրոցեֆալիա, ներգանգային կիստաներ, լիքվորոցիրկուլյացիայի խանգարման բերող որոշ ուռուցքների հեռացման նախնական փուլ) կատարվում են վենտրիկուլո-պերիտոնեալ և վենտրիկուլո-ատրիալ շունտավորման վիրահատություններ, ինչը թույլ է տալիս բարձրացնել բուժման արդյունավետությունը:


Բժշկական կենտրոնում նեյրովիզուալիզացիայի սարքերի (համակարգչային շերտագրություն, նեյրոսոնոգրաֆիա) տեղադրումից հետո հնարավորություն է ստեղծվել վաղ հայտնաբերել ներգանգային սպոնտան արյունազեղումները նորածինների ու կրծքի հասակի երեխաների մոտ և, անհրաժեշտության դեպքում, իրականացնել վիրահատական բուժում:


Բաժանմունքում ներդրվել են վիրահատական բուժման նվազ տրավմատիկ և խնայողական եղանակներ` գանգի դեֆեկտի առաջնային և երկրորդային պլաստիկա` մանրացրած աուտո-ոսկրով, թարախակույտերի և քրոնիկ հեմատոմաների բուժում` ֆրեզային անցքերից դրենավորման միջոցով, սուբգալեալ դրենաժների տեղադրում` ներգանգային սպոնտան արյունազեղումներով երեխաների մոտ: 2008 թ. կիրառվում է նեյրոէնդոսկոպիկ եղանակով վիրահատությունների կատարման մեթոդը:


Բաժանմունքը Առողջապահության Ազգային Ինստիտուտի մանկական նեյրովիրաբույժների պատրաստման հենակետն է, սպասարկում է նաև ԼՂՀ և Ջավախքի մանկահասակ բնակչությանը:


Բժշկական կենտրոնն ունի գիտապրակտիկ կապեր Սանկտ Պետերբուրգ Ա.Լ. Պոլենովի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտի հետ: Կլինիկայի մի շարք աշխատակիցներ անցել են վերապատրաստում այդ ինստիտուտում: Որոշ բարդ վիրահատությունների կատարման համար այնտեղից հրավիրվում է մանկական նեյրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, մեր հայրենակից պրոֆ. Վ.Ա. Խաչատրյանը:


Վերջին 5 տարում բաժանմունքի աշխատակիցների կողմից տպագրվել են 12 գիտական աշխատություններ (հոդվածների և թեզիսների տեսքով), ներկայացվել են զեկուցումներ վիրաբուժական միջազգային գիտաժողովներում:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ