Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար Արմենուհի Ավետյանի հետ:

—  Ի՞նչ է արգանդի միոման և ինչի՞ հետևանքով է այն առաջանում:

—  Միոման (ֆիբրոմիոման ) արգանդի մկանային հյուսվածքի բարորակ գոյացություն է: Միոման հիմնականում առաջանում է արգանդի մկանային բջիջների ակտիվ տրոհման արդյունքում։ Առաջացման պատճառները, թերևս, մինչ օրս հայտնի չեն, սակայն հայտնաբերվել է, որ օրգանիզմում էստրոգենների սեկրեցիայի շատացման դեպքում գոյացման հավանականությունը մեծանում է, ուստի հիպերէստրոգենեմիան խթանում է միոմաների աճը։  Ըստ տեղակայման` միոման կարող է լինել արգանդի մկանի հաստության մեջ ինտրամուրալ, աճել դեպի արգանդի խոռոչը և  արգանդից դուրս ՝ որովայնի խոռոչ: Երբ միոման արգանդի մկանի մեջ է կամ դրանից դուրս, կինն ամբողջ կյանքի ընթացքում կարող է նույնիսկ չիմանալ դրա գոյության մասին, քանի որ ակնհայտ ախտանիշներ չկան: Կլինիկորեն գոյացությունը կանանց հիմնականում խանգարում է ծավալների և տեղակայման պատճառով:

Ըստ վիճակագրության, նկատվում է միոմաներով հիվանդացության երիտասարդացում, որի հիմքում սթրեսներն են, էնդոկրին խանգարումները,  անառողջ սննդակարգը, ֆիտոհորմոններով հագեցած սնունդը, որոնք, ինչ խոսք, շաղկապված ազդում են ներզատական համակարգի բոլոր գեղձերի վրա:

«Արմենիա» ՀԲԿ, Գինեկոլոգիական կաբինետ—  Ո՞ր դեպքում են կանայք դիմում գինեկոլոգին: Որո՞նք են արգանդի միոմայի գոյության մասին ահազանգող ախտանիշները:

—  Կանայք հիմնականում դիմում են այն ժամանակ, երբ ունենում են առատ դաշտան կամ մինչդաշտանային շրջանում` արյունային արտադրություն: Արգանդի միոմա ունեցող կանայք հիմնականում գանգատվում են գոտկային հատվածում ցավերից, հաճախամիզությունից, երբեմն` փորկապությունից: Ինչպես նշեցի, որոշ տարբերակներում միոմաների առկայությունը կանանց չի անհանգստացնում, և դրանք հայտնաբերվում են կանխարգելիչ նպատակով բժշկին այցելելու ժամանակ:

—  Կարո՞ղ է միոման վերածվել չարորակ գոյացության:

—  Իմ բժշկական պրակտիկայում նման բան չեմ հանդիպել, չնայած եզակի դեպքեր գրականությունում նկարագրվում են:

—  Հիմանակում ո՞ր տարիքի կանանց մոտ կարող է առաջանալ միոմա, և արդյո՞ք վիրահատական միջամտությունը պարտադիր է:

—  Մեզ մոտ հետազոտված կանանց 20-25%-ի մոտ հայտնաբերվել է միոմա, հիմնականում 30 և բարձր տարիքի կանանց մոտ: Ինչ վերաբերում է վիրահատություններին, ապա վիրահատում ենք խնդիր ունեցողների 7-8%-ին: Արմենիա բժշկական կենտրոնում հոսպիտալիզացված յուրաքանչյուր կին անցնում է պարտադիր գինեկոլոգիական զննում, որի արդյունքում հայտնաբերվում են միոմաները։ Ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր է տեսնել տարբեր չափերի միոմաները՝ միլիմետրերից մինչև հսկայական ծավալ: 30-40% դեպքերում մենք կարողանում ենք որոշել միոմայի կոնկրետ տիպը և համապատասխան մոտեցում ցուցաբերել: Հատկապես ուշագրավ են միոմաների կոմբինացված ձևերը, այսինքն, եթե տեսնում ենք, օրինակ, արգանդի միոման զուգակցվում է կլիմաքսի շրջանի հետ և առկա է նաև արգանդի լորձաթաղանթի հաստացում բջջաբանական փոփոխություններով , որոնք օնկոլոգիական ռիսկ են ներկայացնում, առաջարկվում է վիրահատական միջամտություն։ Իհարկե՛, վիրահատությունը մեծ տրավմա է կնոջ կյանքում, հատկապես, եթե առկա են ուղեկցվող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, վահանագեղձի կամ սրտի հիվանդություններ: Ինչ վերաբերում է երիտասարդներին` հաշվի առնելով տարիքը, միոմայի չափերն ու աճման տենդենցները, գրեթե չենք վիրահատում: Կանանց համար խնդիրն ավելի պատկերավոր դարձնելու համար միոման համեմատում ենք հղիության հետ՝ հինգ, վեց շաբաթական և այլն: Գրականության մեջ գրանցված է մինչև 60 կգ քաշով միոմա: Իմ պրակտիկայում հանդիպած ամենամեծ միոման եղել է 4-5 կգ:

«Արմենիա» ՀԲԿ, Գինեկոլոգիական կաբինետ—  Ներկայում միոմաների բուժման ի՞նչ եղանակներ կան:

—  Միոմաները էստրոգենների քանակի հետ անմիջական կապ ունեցող հիվանդություններ են: Օրգանզիմում էսթրոգենների քանակի ավելցուկը վտանգում է կանանց առողջությունը: Միոմաների զարգացման համար նպաստող է նաև ժառանգականության գործոնը: Կանայք հնարավորինս պետք է խուսափեն հղիության արհեստական ընդհատումներին դիմելուց, և ընդհանրապես, արգանդի հետ կապված ցանկացած միջամտությունից, քանի որ դրանք նույնպես խթանում են միոմաների զարգացմանը: Ինչպես արդեն նշեցի,  ներկայումս բժիշկներն առավել միտված են միոմաների ոչ վիրահատական բուժմանը, և վիրահատական մեթոդին դիմում են միայն մեծ միոմաների պարագայում, կամ արգանդի խոռոչի որոշ ախտաբանությունների այլընտրանքային բուժման բացակայության դեպքերում: Երբ երիտասարդ աղջիկների մոտ է հայտնաբերվում միոմա, մենք պարզապես իրականացնում ենք դինամիկ հսկողություն:

—  Ձեր կարծիքը բուսաբուժության մասին:

—  Բուսաբուժությունը չեմ ընդունում: Կան դեղեր, որոնք կնոջ օրգանիզմում նվազեցնում են էսթրոգենների արտադրությունը, բայց յուրաքանչյուր բուսական միջոց ինքն իր արժեքով չի կարող արդյունավետ լինել անգամ երկարատև օգտագործման պարագայում:

—  Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը:

—  Քանի որ Հայաստանն էնդեմիկ օջախ է համարվում, խորհուրդ եմ տալիս օգտագործել  յոդ պարունակող սնունդ և գոնե տարին մեկ անգամ հետազոտվել, որը կդիտարկվի որպես կանխարգելիչ քայլ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ