Հղիություն, ծննդաբերություն
|
|
Հագուստը հղիության ընթացքում. մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյան. morevmankan.am
Ինչպիսի՞ն պետք է լինի հագուստը հղիության ընթացքում։
Հղիությունը յուրահատուկ ժամանակահատված է ցանկացած կնոջ կյանքում: Հղին պետք է կրի հարմարավետ, եղանակին համապատասխանող հագուստ՝ չմոռանալով, որ այն կարող է լինել գեղեցիկ, պարզ և ժամանակակից: Այժմ կան հղիների համար նախատեսված հատուկ մասնագիտացված խանութներ, որտեղ հնարավոր է գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հղիին։
Հղի կնոջ հագուստը պետք է լինի բնական կտորից, որպեսզի ամռանը շոգ չլինի, իսկ ձմռանը չսառեցնի: Արտաքին հագուստը պետք է լինի ազատ, չսեղմող հատկապես չորրորդ, հինգերորդ ամիսներից հետո, երբ հղիի մարմնի ընդհանուր ծավալն ավելանում է, որովայնի չափերը՝ մեծանում:
Ինչպիսի՞ն են պահանջները կոշիկների նկատմամբ։
Խիստ կարևոր է կոշիկի ճիշտ ընտրությունը: Այն պետք է լինի ազատ, թեթև, հարմարավետ, մինչև 3 սմ ամուր, հաստ կրունկով և անպայման բնական նյութից:
Բարձր կրունկը հարմարավետ չէ։ Դրա հետևանքով մարմնի առանցքը կարող է ենթարկվել փոփոխության, տեղաշարժման, որը կբերի ստորին վերջույթների, ողնաշարի, գոտկային մկանների գերլարվածության:
Նեղ կոշիկը կարող է պատճառ դառնալ ոտնաթաթի սեղմվածության, ինչը կարող է նպաստել այտուցների առաջացման, անոթների վնասման, իսկ հակում ունենալու դեպքում՝ որոշակի չափով նաև վարիկոզի առաջացման:
Հղիության ընթացքին զուգահեռ, երբ որովայնի չափերը ևս մեծանում են, հղիի համար դժվար է դառնում կռանալն ու կոշիկները կոճկելը, ուստի, հատկապես հղիության վերջին ամիսներին նախընտրելի է, որ կոշիկները լինեն առանց թելակապերի, ազատ, հեշտ հագնվող և հեշտ հանվող, հարմարավետ, օրինակ, այդպիսին են մարզական կոշիկների որոշ տեսակներ, որոնք բավականին թեթև են։
Հղիի համար ճիշտ չէ նաև լրիվ տափակ կոշիկներ հագնելը, որովհետև ողնաշարը երկու կորություն ունի, և տափակ կրունկները կարող են ամբողջ ողնաշարում՝ վերևից ներքև, առավելապես գոտկային հատվածում, մկանային մեծ լարվածություն առաջացնել, թեքել՝ խախտելով բնական կորությունները և առաջացնելով մարմնի առանցքի փոփոխություն: Դա հատկապես հնարավոր է դառնում հղիության վերջին ժամկետներում, երբ որովայնի չափերը բավականին մեծանում են: Կոշիկը պետք է նաև ապահով լինի ձմռանը, չսահի:
Դա կարևոր է նաև այն պատճառով, որ հղիության վերջին ժամկետներում հաճախ հնարավոր է, որ հավասարակշռության խախտում դիտվի, իսկ անկայուն, անհարմար կրունկներով ընկնելու հավանականությունն ավելի բարձր է: Անհարմար կոշիկները նաև ոտնաթաթի այտուց կարող են առաջացնել:
Մեծ ուշադրություն պետք է դարձնել զուգագուլպաներին, հատկապես ձմռանը. դրանք չպետք է շատ սեղմեն ոտքերը, որովայնը՝ բացառելու համար ոտքերի անոթների ճնշումը, արյան շրջանառության խանգարումները:
Ինչպիսի՞ն պետք է լինեն կրծկալը, ներքնազգեստը։
Շատ կարևոր է կրծկալի ընտրությունը: Պետք է ուշադրություն դարձնել այն
հանգամանքին, որ կրծկալի գոտին լինի լայն՝ ուսային լայն լարերով, որպեսզի չսեղմի և չվնասի մաշկը: Այն պետք է ընտրել կրծքերի չափերով: Կրծկալ կրելն օգնում է, որ կրծքագեղձերը հարմարավետ վիճակում լինեն:
Հղիության վերջին փուլերում՝ ծննդաբերությանը մոտ ժամկետում, կրծքագեղձերը նախապատրաստվում են կրծքով կերակրմանը. դրանք մի փոքր մեծանում են չափերով: Եվ բնական է, որ կրծկալը միշտ պետք է համապատասխանեցվի նրանց չափերին, նույնիսկ մի փոքր ավելի մեծ լինի:
Հղիության վերջին ժամկետներում, երբ կրծքագեղձերն ավելի մեծ են, պետք է կրծկալը լինի փափուկ, առանց երկաթյա մասերի: Գիշերը անհարմարություններից խուսափելու համար երբեմն կարելի է կրծկալը հանել:
Պետք է հիշել, որ հղիության ցանկացած ժամկետում ավելի հաճախ՝ վերջին շրջանում, կրծքագեղձերից լինում է կաթնախեժի արտադրություն: Պետք չէ դրանից վախենալ, բայց և այդ վիճակը ուշադրություն է պահանջում։ Անհրաժեշտ է մշակել պտուկները, կրծքագեղձերը, որպեսզի խեժը չմնա, չչորանա, վարակում և այլ խնդիրներ չառաջացնի: Ներքնազգեստը, վարտիքները, պետք է լինեն բնական կտորներից, ազատ, չսեղմեն և չճնշեն որովայնը: Պետք է ուշադիր լինել նաև անձնական հիգիենայի առումով․ ներքնազգեստը փոխել օրը 1-2 անգամ, որպեսզի որևէ վարակ չզարգանա:
Կարելի՞ է հղիության ընթացքում տաբատ կրել։
Կարելի է, եթե այն ճիշտ է ընտրված: Այստեղ էլ պահանջները նույնն են, ինչ զուգագուլպաների, ներքնազգեստի նկատմամբ: Տաբատը պետք է լինի համապատասխան չափի, հարմար և չսեղմող: Այժմ կան հղիների համար նախատեսված տաբատներ, որոնք որովայնի հատվածում ունեն հատուկ էլաստիկ ռեզիններ, որոնք ազատ են, թույլ և հղիության ժամկետի մեծացմանը զուգահեռ ձգվում են և սեղմող, ճնշող որևէ ազդեցություն չեն թողնում: Տաբատը ևս պետք է լինի բնական նյութից, որպեսզի մաշկը ազատ շնչի, և խնդիրներ չառաջանան:
Ի՞նչ պետք է ձեռնարկել, եթե սխալ հագուստ և կոշիկ կրելու հետևանքով, այնուամենայնիվ, ի հայտ են եկել լայնացած անոթներ, այտուց:
Եթե կան լայնացած անոթներ, անպայման պետք է դիմել մասնագետի, անոթային բժշկի: Համապատասխան հետազոտություններից հետո, եթե նշանակվում է համապատասխան զուգագուլպաների կրում, կանխարգելիչ և բուժական զուգագուլպաներ, դրանք պետք է կրել առավոտյան, հագնել ոտքերը չկախած վիճակում և ամբողջ օրվա ընթացքում մնալ դրանցով: Իսկ գիշերը պետք է հանել:
Որպեսզի որովայնը չկախվի, պետք է կրել բժշկի նշանակած բժշկական գոտիները, եթե ցուցում կա: Այդ ցուցումը վերաբերվում է հղիության որոշակի տիպերի, երբ որովայնի շրջագիծն ավելի մեծ է. դրանք բազմապտուղ հղիություններն են, գերջրությունը, կամ երբ կա որովայնի առաջային պատի թուլություն, ձգվածություն:
Ձեր խորհուրդը հղի կանանց։
Ապագա մայրիկը միշտ պետք է հիշի, որ հղիությունը կնոջ ամենագեղեցիկ շրջաններից մեկն է, և նա պետք է լինի հարմարավետ հագուստով՝ իհարկե չմոռանա գրավչության ու կանացիության մասին:
25.10.2022
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ