Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիության և մայրության ուղեցույց (սկիզբը` նախորդ համարներում)

Հղիության և մայրության ուղեցույց (սկիզբը` նախորդ համարներում)

Հղիության 16-րդ շաբաթ

Արգանդը լայնանում է` տրամադրելով պտղին տարածություն, նորմալ աճի համար: Պտղաջրերն այս փուլում հասնում են մոտավորապես 250 մլ-ի:

 

Որոշ դեպքերում հղիության 16-20 շաբաթներում իրականացվում են հատուկ հետազոտություններ և թեստեր, որոնք անվտանգ են և հնավորություն են տալիս հայտնաբերելու Դաունի հիվանդության և ողնաշարի հնարավոր ճողվածքի առկայությունը: Երբեմն առաջանում է հատուկ հետազոտման, մասնավորապես ամնիոցենտեզի միջոցով պտղաջրերի ուսումնասիրման անհրաժեշտություն:

 

Պտուղը 16-րդ շաբաթում.


քաշը 100-120 գրամ է, 

երկարությունը`16 սմ

Պտուղը կարող է գլուխը ուղիղ պահել, դեմքի մկանները ձևավորված ենե նա սկսում է «դեմքը ծամածռել» և բերանը բացել, մռայլվել: Արդեն կուտակվել է բավական կալցիում ոսկորների ձևավորման համար: Եթե պտուղը իգական սեռի է, ապա ձվարանները, որոնք պարունակում են ավելի քան 5 մլն ֆոլիկուլներ, որովայնից իջնում են կոնքային շրջան:

 

Հղիության 17-րդ շաբաթ


Որպեսզի ընկերքի միջոցով ապահովվի աճող պտղի սնուցումը, շրջանառվող արյան ծավալը մեծանում է գրեթե 40%-ով, հղիի սիրտն աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Արյունատար փոքր անոթներում ծանրաբեռնվածությունը մեծանում է, մասնավորապես լնդերի և քթի խոռոչի մազանոթներում: Հնարավոր է քթային թեթևակի արյունահոսություն, ինչպես նաև արյունահոսություն լնդերից:

 

Արգանդն արդեն տեղակայված է պորտի մակարդակից 3.5-5 սմ ցածր: 

 

Պտուղը 17-րդ շաբաթում.


քաշը 150 գրամ է, 

երկարությունը` 17-18 սմ

Պտուղը և պլացենտան արագ աճում են: Հղիության վերջում պլացենտան ամուր սկավառակ է` 2.5 սմ հաստությամբ, 480-500գ քաշով, 16-18 սմ տրամագծով: 17-րդ շաբաթում ընկերքը լրիվ ձևավորված է, որն ընդունում է օրգանական նյութերը և արտազատում նյութափոխանակության արգասիքները: Այդ շաբաթում կուտակվում է «գորշ ճարպ»-ը, որը ճարպային հյուսվածքի յուրահատուկ տեսակ է և խիստ անհրաժեշտ է օրգանիզմի ջերմափոխանակության համար:

 

Հղիության 18-րդ շաբաթ


Առաջնահղիների համար 17-18-րդ շաբաթն առավել հետաքրքրական ժամանակահատվածն է: Այդ շրջանում կինը սկսում է զգալ պտղի շարժումները: Սովորաբար կրկնահղիները պտղի խաղը զգում են 14-15-րդ, առաջնահղիները` 17-18րդ շաբաթում:

 

Պտուղը 18-րդ շաբաթում.

 

քաշը 160-180 գրամ է, 

երկարությունը`  20-21սմ

Պտուղը սկսում է զգալ արտաքին աշխարհը և տոտիկով խփում է մոր որովայնին, նաև լսում է նրան: Քիչ-քիչ զգայուն է դառնում աչքի ցանցաթաղանթը: Քանի դեռ արգանդի խոռոչում կա ազատ տարածություն, պտուղը ակտիվ շարժվում է, խաչում է տոտիկները, հետ է թեքվում, ծծում է ձեռքի մեծ մատը, կատարում «սալտո մորտալե»:

 

Կարծիք կա, որ պտուղը զգում է արտաքին աշխարհի փոփոխությունները: Եթե հղին մերկ որովայնը պահի արևի վառ ճառագայթների տակ, ապա պտուղը կտեսնի բաց վարդագույն ճառագայթում:

 

Հղիության 19-րդ շաբաթ


Հղին աստիճանաբար ընտելանում է պտղի շարժումներին, հետևում, թե ինչպես է նա շարժվում արգանդում: Կնոջ քաշը շարունակում է ավելանալ, ազդրերը լայնանում են, որովայնը` մեծանում, որը չի կարող չազդել կեցվածքի վրա: Դա անհանգստություն է պատճառում հատկապես քնելու ժամանակ:

 

Հղիի և պտղի համար ամենանախընտրելի դիրքը ոտքերը կծկած կամ ձգած պառկելն է մի կողքի վրա (գերադասելի է ձախ), մի ոտքը մյուսին խաչած և բարձը դրած դրանց արանքում: Մի անհանգստացեք, եթե արթնանաք մեջքի վրա պառկած դիրքով: Վտանգավոր ոչինչ չկա, ուղղակի նորից շրջվեք կողքի: Դուք կարող եք մի քանի գիշեր անհարմարավետություն զգալ, բայց շուտով կհարմարվեք նոր դիրքին:

 

Պտուղը 19-րդ շաբաթում.


քաշը 230-250 գրամ է, 

երկարությունը` 22-23 սմ

Պտղի գլխուղեղը շարունակում է աճել: Մեծ, անհամաչափ գլուխը նշան է այն կարևոր դերի, որը խաղում է գլխուղեղը պտղի զարգացման գործում: Նեյրոնները, նյարդային բջիջները կապ են հաստատում ուղեղի և մկանների միջև, երեխայի շարժումները դառնում են ավելի կարգավորված: Գլխիկի վրա երևում են փոքր ականջները: Ձևավորվում են ատամների սաղմերը: Ծայրանդամներն ունեն համաչափ չափսեր, ներբանը` 2.5 սմ  է, երկարություն, որի հարաբերությունն ազդրին և սրունքին արդեն կլինի մշտական, անփոփոխ: 


Հղիության 20-րդ շաբաթ

 

Հղիությունն արդեն նկատելի է, ձեր իրանը նախկինը չէ, իսկ փորը էականորեն մեծացել է: Արգանդի հատակը գտնվում է պորտից մի քիչ ցած: Աճող արգանդը միջնորդավորված ձևով ճնշում է և թոքերի, և ստամոքսի, և երիկամների վրա, այդ պատճառով կարող են լինել հևոց, մարսողության խանգարում, հաճախամիզություն, որովայնի, ազդրի շրջանում ի հայտ գալ շագանակագույն, արծաթագույն, կարմիր բծեր:

 

Պտուղը 20-րդ շաբաթում.


քաշը 280-300 գրամ է

երկարությունը 25 սմ

Այս շաբաթում պտղի մաշկը հաստանում է և դառնում քառաշերտ: Ճարպագեղձերը սկսում են արտադրել մոմանման արտազատուկ, որը կոչվում է նախնական քսուկ: Այն կպահպանի պտղի մաշկը, որը մշտապես ողողվում է հարպտղաջրերով`ամնիոտիկ հեղուկով: Նախնական քսուկը պահպանվում է մաշկի վրա` առաջնային աղվամազերով` լանուգոյի միջոցով: Սկսում են աճել գլխի մազերը, ոտքերի և ձեռքերի մատիկների վրա առաջանում են եղունգներ: Էլեկտրոնային մոնիթորի միջոցով ծնողները կարող են լսել պտղի սրտի բաբախումները:

 

Հղիության 21-րդ շաբաթ

 

Հետագա 10 շաբաթներին հղիի քաշի ավելացումը կազմում է ավելացած ընդհանուր քաշի մոտավորապես կեսը: Նրա ախորժակը լավանում է: Արագացած նյութափոխանակությունը պահանջում է լրացուցիչ կալորիաներ, անհրաժեշտ է լավ սնվել, բայց պետք չէ չարաշահել միայն մի տեսակի սննդամթերքե հատկապես, եթե դա ճարպոտ է ու քիչ սննդարար: 

 

Մի զարմացեք, եթե հանկարծ ինչ-որ անսովոր բան ուտելու ցանկություն զգաք: Դա կոչվում է խեղաթյուրված ախորժակ:

 

Պտուղը 21-րդ շաբաթում.


քաշը 350-400 գրամ է,

երկարությունը` 25-26 սմ

Պտղի արյան մեջ արդեն բավական բարձր է արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) քանակը: Սկսում են արտադրվել արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտները), որոնք պատասխանատու են տարբեր վարակների ընկճման համար, լեզվի վրա` ձևավորվել համային պտկիկները, մարսողական համակարգն արդեն ի վիճակի է պտղի կուլ տված ջուրը և շաքարը անջատել ամնիոտիկ հեղուկից, պրոցեսը տեղի է ունենում ստամոքսից մինչև ուղիղ աղիք:  

 

Շատ հղիներ իրենց պտղին գերձայնային էկրանի վրա տեսնելով` ընդունում են նրան որպես ընտանիքի նոր անդամ, այդ նկարը փակցնում են լուսանկարի ալբոմում, որպես երեխայի առաջին նկար: 18-րդ շաբաթից երեխան ընտելանում է ծնողների կյանքի ռիթմին: Շատ կարևոր է չնյարդայնանալ հղիության ժամանակ, կարողանալ լավ հանգստանալ: Պտուղն արդեն արձագանքում է արտաքին ազդակներին, ուստի հաճախակի շոյեք որովայնը: Նրան դուր է գալիս, երբ մայրը և հայրը խոսում են իր հետ, երգում նրա համար, միացնում երաժշտություն: Այն երեխաները, որոնք հաճախ լսել և ընկալել են ծնողների ձայնը դեռևս արգանդում, ավելի հանգիստ են ծնվելուց հետո, ճանաչում են ծնողների ձայնը:

 

Պտղի շարժումները կարևոր չափանիշ են նրա վիճակը գնահատելու համար: Եթե փոխվում են շարժումների ինտենսիվությունն ու բնույթը` ապա խորհրդակցեք բժշկի հետ:

 

Հղիների հագուստը

 

Հղիության ժամանակ հարմար է հագնել լայն և ազատ ոճի ցանկացած հագուստ, ազատ տաբատներ և կոմբինիզոններ, վրայից` վերնաշապիկ կամ մեծ չափսի սվիտեր: Նույն հագուստը կարելի է օգտագործել նաև ծննդաբերությունից մի քանի ամիս հետո: 

 

Հղիների համար նախատեսված հագուստների վրա, որպես կանոն, նշում են կնոջ նախնական չափերը: Խորհուրդ ենք տալիս ընտրել հասարակ և հարմար մոդելներ: Ավելի լավ է հարստացնել հագուստը աքսեսուարներով:

 

Արյան արագ շրջանառության պատճառով հղիները հաճախ քրտնում են, ուստի հագուստը պետք  է լինի բնական կտորներից, որոնք «շնչում են», կոշիկները` հարմար, ցածր և լայն կրունկով, առանց կոշկակապերի: 

 

Կուրծքը շատ արագ է մեծանում, ուստի հղիության վաղ շրջանում հղին պետք է հագնի հարմար կրծկալներ:

 

Բժշկական խորհրդատվություն և համապատասխան բուժում պահաջող գանգատներ. 

 

  • ձեռքերի և ոտքերի այտուց,
  • կարճ ժամանակահատվածում քաշի ավելացում,
  • արյան ճնշման բարձրացում, այտուցներ, սպիտակուցի առկայությունը մեզում,
  • դիաբետով հիվանդ հղիների մոտ լուծ, սրտխառնոց ու փսխում` օրը մի քանի անգամ (այդ վիճակը կարող է հանգեցնել ջրաաղային փոխանակման խանգարման և քաշի պակասման),
  • արյունային արտադրություն, ցավոտ կծկումներ, ուժեղ գլխացավեր, ջերմության բարձրացում, տեսողության խանգարում և այլն: 

 

Նման վիճակների դեպքում անհրաժեշտ է անհապաղ բժշկի դիմել:

 

(շարունակելի)

Հեղինակ. Ռազմիկ Աբրահամյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Ավագյան բ.գ.դ., դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ