Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Սոցիոլոգը, գինեկոլոգն ու քահանան՝ հղիության արհեստական ընդհատման մասին

Սոցիոլոգը, գինեկոլոգն ու քահանան՝ հղիության արհեստական ընդհատման մասին

Հղիության արհեստական ընդհատման թեմայով «Օրրան» հաղորդման հյուրեր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ու գինեկոլոգ-մանկաբարձ Գայանե Ավագյանը խնդիրը ներկայացրին տարբեր տեսանկյուններից։

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ հղիության արհեստական ընդհատումների մի զգալի մասը պայմանավորված է ներընտանեկան խնդիրներով, երբեմն նույնիսկ աբորտի են ենթարկում լիովին առողջ առաջնեկին, քանի որ ամուսնական կյանքը հենց սկզբից լի է լինում վեճերով և արագ հասնում քայքայման։ «Եվ ի՞նչ է ստացվում. սիրով բեղմնավորված երեխան պետք է զոհաբերես, քանի որ ամուսնությունը չի ստացվել»,- ասաց նա։

Գայանե Ավագյանն ուրախությամբ նշեց՝ պաշտոնական և այլընտրանքային հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երկրում անչափահաս աղջիկների շրջանում հղիության արհեստական ընդհատման թիվը չի աճում։ Նրա կարծիքով՝ դրանում դեր ունի նաև ուսումնական գործընթացում առկա վերարտադրության իրավունքների, սեռական կյանքի, հղիանալուց պաշտպանվելու միջոցների մասին դասընթացը։

Քահանան հարցը դիտարկեց մարդու իրավունքների տեսանկյունից: «Յուրաքանչյուր անձ ունի ապրելու իրավունք. յուրաքանչյուր անձի կյանքին սպառնացող վտանգը պիտի կանխվի»,- մարդու սահմանադրական իրավունքները հիշեցրեց նա՝ հավելելով, որ մի դեպքում, երբ երեխան ցանկալի է, բժիշկը խորհուրդ է տալիս պտուղը համարել մարդ, մյուս դեպքում՝ ասում, թե մարդ չի մինչև չորս ամսեկանը։ «Կա վավերագրական ֆիլմ՝ «Ճիչ», ուր ցուցադրվում է հենց մինչև չորս ամսեկան երեխայի արձագանքը, երբ նրան պոկում են մորից»,- ասաց նա։

Սոցիոլոգը հիշեցրեց, որ բազմազավակ ընտանիքներում է երեխան ձևավորվում՝ որպես լիարժեք մարդ. քրոջ հետ շփվելով եղբայրը սովորում է հասկանալ կանանց, փոքրերի նկատմամբ հոգ տանելով՝ պատասխանատու լինել, «եթե հայրն ու մայրն էլ մի փոքր սիրով ու բարեկիրթ են լինում, դաստիարակությունը դառնում է լիարժեք»։ «Մենք հարևան ունեինք, յոթերորդ երեխան պիտի ունենար, բոլորն ասում էին, եթե ծնես, կմեռնես։ Նա ծնեց … ու … մահացավ։ Կյանքը զոհաբերեց իր երեխայի համար։ Այսօր նման կնոջ չես հանդիպի։ Արժեքները փոխվել են՝ ավտոմեքենա, շքեղ կյանք»,- ասաց Ադիբեկյանը։

Քահանան հորդորեց խնդիրը դիտարկել հիմքից. նա նշեց, որ սեռական դաստիարակության ծավալուն գրականություն տրամադրելուց հետո դժվար է դեռահասներից խոհեմություն ակնկալել։

«Ոչ ոք չի խրախուսում արտամուսնական հարաբերությունները,- առարկեց գինեկոլոգը,- մենք նրանց տալիս ենք ռեալ տեղեկատվություն. եթե դու ընտրել ես այդ ուղին ու ապրում ես սեռական կյանքով, կարող ես հղիանալ»։ Նա շնորհակալություն հայտնեց մեր եկեղեցուց, որ չի արգելում հղիության արհեստական ընդհատումը, ինչպես Կաթոլիկ եկեղեցին, քանի որ, ըստ նրա, միևնույնն է, այդ որոշումը կայացնողները այն իրականացնում են։ «Ասում են՝ Իտալիայից ինքնաթիռներն ավելի ծանր են գնում, քան՝ վերադառնում։ Իտալիայից գնում են կողքի երկրները, աբորտ անում, հետ գալիս. ո՞րն է իմաստը»,- նշեց նա։

«Մարդը, դժբախտաբար, բանական էակ չէ,- պատասխանեց Ադիբեկյանը։-Մենք իղձավոր ենք: Այ, եթե մենք կարողանանք մեր իղձերը հոգևորացնենք, էդ ընդհարումը մարմնականի, զգայականի ու հոգևորի, չի լինի»։

Ամփոփելով՝ քահանան հիշեցրեց, որ մեր կյանքում դժվարությունների առաջ կանգնում ենք առավել հաճախ գործած մեր սխալների արդյունքում։ Երկմտելու առիթը չունենալու համար՝ թերաճ, զարգացման արատներով երեխային լույս աշխարհ բերել, թե սպանել, ըստ նրա, հարկ է հիշել, որ մեր կյանքում ամեն ինչ ազդում է և ազդելու է մեր սերնդի վրա՝ « վերջ տանք թմրամոլությանը, հարբեցողությանը և ցանկացած դեպքում լույս աշխարհ բերենք մեր մանկանը»։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ