Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիություն. 6-րդ ամիս

21 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 23)
Չնայած երեխան արագ տեմպերով ճարպ է հավաքում, սակայն նա դեռ կարմիր է և կնճռապատ: Դա տեղի է ունենում, քանի որ մաշկածածկույթն ավելի արագ է ձևավորվում, քան կհասցնեն նրա տակ ձևավորվել բավարար չափով ճարպային կուտակումներ:
Կարմրությունը պայմանավորված է մաշկի մեջ պիգմենտների կուտակմամբ, որոնք այն դարձնում են ավելի քիչ թափանցիկ:
Երեխան ավելի ու ավելի ակտիվ է դառնում, սակայն շարժումներն ու հարածները դեռ թույլ են: Էնդոսկոպիայով պտղի տեսապատկերներում կարելի է տեսնել, ինչպես է պտուղն արգանդում պորտալարը բռնում և հրվում նրա շրջակա աշխարհը կազմող ամնիոնի մեջ:
Երեխան շարունակում է փոքր քանակներով կուլ տալ շրջակա հեղուկից և հեռացնել այն օրգանիզմից մեզի տեսքով: Պտղաջրերից ստացած հեղուկն ու շաքարը նրա համար ընկերքից և պորտալարից ստացված սննդի կարևոր աղբյուր են: Հեղուկի կլանումը կարող է զկրտոց առաջացնել, որը դուք կզգաք` կթվա, թե պտուղը կարծես «ցատկոտում» է ձեր ներսում:
Մաշկի պիգմենտացիայի շնորհիվ երեխայի ձեռքերը կարմրավարդագույն են: Դեռ վերջերս նա բերանն էր մտցնում բութ մատը, իսկ այժմ սկսում է, իրոք, ծծել: Ամբողջությամբ ձևավորված են երեխայի եղունգները: Երեխան շարունակում է աճել և պատրաստվել լույս աշխարհ գալուն: Նա արգանդում իրեն հարմարավետ է զգում, Բրեկստոն-Հիքսի կծկացավերը չեն անհանգստացնում: Այժմ նրանում նախնական կղկղանք` մեկոնիում է կուտակվում:
Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, կազմում է մոտ 30 սմ:
Քաշը` մոտ 500-510 գ:
Հետևելով վաղածին երեխաներին, որոնց քնի ռիթմը նման է պտղի քնի ռիթմին, հնարավոր է պարզել, թե ինչպես է կազմակերպված պտղի օրական ակտիվությունը հղիության հինգերորդ ամսում: Ամեն ինչ շատ պարզ է. նա քնում է գրեթե 24 ժամ, և ակտիվության կարճատև ընթացքին հետևում է 50 րոպե տևողությամբ հանգիստը: Նրա սիրտը բաբախում է նույն ռիթմով, որն ապացուցում է, որ նա քնած է խորը և շարունակական քնով մինչև ներարգանդային կյանքի 28-րդ շաբաթը:
Այնուամենայնիվ, նա ձեզ հրում է ոտքերով, բայց դա չի նշանակում, որ նա, արթնանալով, լիարժեք շփում է հաստատում ձեզ հետ: Նա լողում է ամնիոտիկ հեղուկում, կպչելով արգանդի պատերին, ռեֆլեքսորեն պատասխանելով ձեր մարմնի շարժումներին: Ռեֆլեքսորեն, քանի որ կամայական պատասխանի համար պետք է ուղեղի հասունություն, որի զարգացումը դեռ չի ավարտվել:
Զարգացման այս ընթացքում նրա կամայական շարժումները հնարավոր են դառնում, քանի որ, սկսած երրորդ ամսից, ողնուղեղի նյարդաթելերը, որոնք մտածողության օրգաններ չեն, հետևողականորեն միանում են նրա մկանների նյարդաթելերին:
Այսպիսով նա կանխորոշում է այն քայլերը, որոնք կզարմացնեն մանկաբույժներին ծննդի ժամանակ: Խոսքն ավտոմատ քայլերի մասին է, որը գրանցված է նրա գեներում: Այս շարժումները ողնուղեղում ոչ վաղուց ձևավորված նեյրոնների` ռիթմի գեներատորների, շնորհիվ են:
Դուք ինքներդ
Դուք ավելի հստակ եք տարբերում ապագա փոքրիկի շարժումները ո´չ միայն այն պատճառով, որ նա մեծանում է և ավելի հաճախ շարժվում, այլ որ նրանց հաճախականությունը հնարավորություն է տալիս ավելի հստակ տարբերակել դրանք:
Դուք նկատում եք, որ փոքրիկն իր վարժությունների համար օգտագործում է այն ժամանակը, երբ դուք հանգստանում եք: Իրականում դա այդպես չէ, ուղղակի այդ ժամանակ դուք ավելի ուշադիր եք նրա շարժումների նկատմամբ:
22 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 24)
Պտղի երկարությունը կազմում է մոտ 30 սմ, քաշը` 600-680 գ:
Այսպիսի պտուղը կարող է ծնվել կենդանի և կատարել արտարգանդային շնչառական շարժումներ, նույնիսկ ապրել հատուկ ինկուբատորային պայմաններում` թոքերի արհեստական օդափոխության և ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման հատուկ միջոցների օգտագործմամբ:
Նրա ականջը ոչ միայն լսողության օրգան է, այլև հավասարակշռության կենտրոն: Վեստիբուլյար ապարատը տեղակայված է ներքին ականջում: Վերջինիս շնորհիվ փոքրիկը կարող է պտտվել` առանց գլխապտույտ զգալու, ինչպես նաև տարբեր դիրքեր ընդունել, երբ լողում է ամնիոտիկ հեղուկում:
Ձեր փոքրիկի վեստիբույլար ապարատը կատարյալ է, վերջինիս շնորհիվ նա կողմնորոշվում է տարածության մեջ` իր «տրամադրությանը» համապատասխան, և ոտքերով հենվելով արգանդի պատերին՝ հարմար տեղավորվում:
Հետազոտողները ենթադրում են, որ նա այս մեթոդն ու վեստիբույլար ապարատից ստացված ինֆորմացիան օգտագործում է, որպեսզի լույս աշխարհ գալու համար հարմար դիրք ընդունի: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ ծննդաբերության պահին այլ դիրք ունեցող փոքրիկի վեստիբուլյար ապարատը թերզարգացած է:
Մաշկի տակ շարունակվում է ճարպային շերտի կուտակումը, որը թույլ է տալիս պահպանել մարմնի օպտիմալ ջերմաստիճանը և խուսափել գերսառեցումից: Այդ պատճառով վաղածին փոքրիկներին պահում են հատուկ ինկուբատորներում, առանց այս պայմանների նրանք ուղղակի չեն ապրի:
Դուք ինքներդ
Արգանդը հասնում է ստոծանուն, և ձեր թոքերը զրկվում են ամբողջ ծավալով շնչելու հնարավորությունից: Որպեսզի թոքերը կարողանան ողջ ծավալով օդով լցվել, կրծքավանդակը լայնանում է 5-7 սմ: Այս լայնացումը հնարավորություն է տալիս կլանել 20% ավելի թթվածին, որն անհրաժեշտ է ձեր երկուսին:
Այս շաբաթում դուք կարող եք զգալ արգանդի կրճատումները (որովայնային պատի լարվածություն)` այսպես կոչված Բրեկստոն-Հիքսի կծկացավերը: Դա նորմալ է՝ արգանդը կամաց-կամաց սկսում է նախածննդաբերական վարժությունները: Սակայն դուք պետք է իմանաք նաև այն զգացողությունների մասին, որոնք չի կարելի անուշադրության մատնել: Վաղաժամ ծննդաբերության նշանները հետևյալն են՝
- Արգանդի կծկացավերի հաճախականությունը հասնում է ժամում 5 և ավելի անգամի,
- Սեռական օրգաններից ալ կարմիր արյան արտահոսք,
- Պրեկլամփսիայի (սուր կամ երկարատև ցավեր որովայնում, սրտխառնոց) նշաններ
- Անսպասելիորեն սեռական օրգաններից թափանցիկ հեղուկի արտահոսք,
- Մղկտուն ցավեր գոտկատեղում,
- Կոնքերի ներքին հատվածում ուժեղ ճնշում,
Նման նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Երեխայի շարժողական ակտիվությունն արտաքինից հիշեցնում է նորածնի շարժումների:
23 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 25)
Երեխան աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Նրա քաշը մոտ 700 գրամ է: Շարունակվում է ոսկրա-հոդային համակարգի ինտենսիվ ամրացումը:
Այս շաբաթում երեխան կամաց-կամաց սկսում է բացել աչքերը, այժմ նրանք գրեթե ամբողջությամբ ձևավորված են, ակնախնձորի բոլոր շերտերն այնպիսին են, ինչպես կլինեն ծնվելու ժամանակ: Եթե երեխան երկնագույն աչքեր ունի, ապա նրանք արդեն երկնագույն են: Սա արդարացի է ցանկացած ռասայի մարդու համար չնայած այն հանգամանքին, որ աչքերի վերջնական գույնը կպարզվի միայն ծննդից ամիսներ անց:
Երեխան դեռ բավականին թույլ է և նիհար, բայց դա շուտով կփոխվի, քանի որ ճարպի կուտակումը հիմնականում տեղի է ունենում հղիության ավելի ուշ շրջանում: Նրա քաշը ծննդաբերության ժամանակ նշանակալիորեն կավելանա, կգիրանա և բոլոր նորածիններին բնորոշ թմբլիկություն ձեռք կբերի: Մաշկը նախկինի պես կարմրավուն է և խորշոմավոր, սակայն ենթամաշկային ցանցաշերտի զարգացմանը զուգընթաց կհարթվի և ավելի բաց գույն ձեռք կբերի: Երեխան արդեն ունի եղունգներ, թարթիչներ և հոնքեր, բայց հարաբերականորեն փոքր են և շարունակում են աճել:
Երեխայի մաշկի տակ երևում են երակները: Փոքրիկը լսում է ձեզ և այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը: Թեև մենք ենթադրում ենք, որ արգանդում լուռ է, սակայն փոքրիկը, այնուամենայնիվ, ձեր ներսում շրջապատված է աղմուկով՝ ձեր համար ալսելի ձեր սրտի բաբախյունը, մարսողության ժամանակ փորի ղռղռոցը, և այլն: Դուք նույնիսկ կարող եք զգալ, որ երեխան լսում է՝ քանի որ անսպասելի բարձր ձայնից նա կարող է ուժեղ հրել կամ կտրուկ շարժվել ձեր ներսում: Նաև երեխան տեսնում է արգանդ թափանցող լույսը: Հետևաբար այն կարծիքը, որ երեխան արգանդում մթության և լռության մեջ է, սխալ է:
Փոքրիկի երկարությունը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 32,5-33 սմ է
Քաշը` մոտ 794-800 գ:
Վեցերորդ ամիսը, ինչպես և հինգերորդը, կարելի է անվանել շարժման ամիսներ: Պտուղն ակտիվորեն շարժվում է, եթե քնած չէ, իսկ քունը կազմում է նրա օրվա մեծ մասը՝ 16-20 ժամ:
Վերլուծելով քնած պտղի ուղեղի կենսահոսանքների գրանցումը՝ էլեկտրոենցեֆալոգրաման, մասնագետները զարմանքով պարզեցին, որ նա ևս ունի քնի երկու փուլ՝ դանդաղ և արագ քուն, ինչը բնորոշ է հասուն մարդուն:
Վեցերորդ ամսում պտուղը դառնում է խոշոր և շարժուն, ուրվագծվում է նրա անհատականությունը, նա արդեն «դեմքի արտահայտություն» ունի: Ուղեղի ծավալը մեծանում է, կառուցվածքը՝ կատարելագործվում, ձևավորվում են ուղեղի գալարները: Նա պատրաստվում է մտածելու, տեսնելու, լսելու և զգալու:
Այս ժամանակից երեխան սկսում է կատարել մշտական շնչառական շարժումներ: Շնչառական համակարգի հիմքը դրվում է հղիության երկրորդ-երրորդ շաբաթներում, իսկ հետո` 18 շաբաթվա ընթացքում, այս համակարգի օրգանները բարդանում են և ճյուղավորվում: Բրոնխային ծառը բառացիորեն աճում է և ճյուղավորվում բրոնխների և բրոնխիոլների: Աճելով թոքերի մեջ` նրանք բաժանում են վերջինիս հյուսվածքները մասերի և հատվածների: Ամենաուշ ձևավորվում են թոքաբշտիկային ալվեոլային ելքերը` ալվեոլներով լեցուն նրբագույն օդատար խողովակները: Այս մանրադիտակային պղպջակների նրբագույն պատերի միջոցով տեղի է ունենում ածխաթթու գազի փոխարինումը կենսական թթվածնով: Սակայն ալվեոոլները կուղղվեն ու կլցվեն օդով միայն նորածնի առաջին շնչի հետ: Այժմ փոքրիկն ընդամենը «մշակում» է համակարգը՝ կատարելով րոպեում 50-60 շնչառական շարժումներ:
Ընդ որում թոքային հյուսվածքներում օդ չի հասնում, իսկ պտղաջրերը հասնում են: Սակայն նրանց քանակությունը փոքր է, նրանք շուտ ներծծվում են և պտղին վնաս չեն պատճառում: Շնչառական շարժումները կարող են դադարել 1-1,5 ժամ, ապա նորից վերականգնվել:
Շնչառական շարժումներ կատարելու հնարավորությունն ապահովում է շնչառական կենտրոնը, որը վերջնականապես ձևավորվում է երկայնաձիգ ուղեղում 22-23-րդ շաբաթվա ընթացքում: Այս կենտրոնի զարգացումը զգալիորեն դանդաղում է, եթե մոր օրգանիզմը ենթարկվում է դիպվածային, առավել ևս մշտական թունավորման այն նյութերով, որոնք պարունակում են ծխախոտն ու ծխախոտի ծուխը, ալկոհոլը, թմրանյութերը: Այս նյութերի ազդեցության տակ, որոնց համար, փաստորեն, ընկերքի արգելքը չի գործում, ճնշվում է պտղի կենտրոնական նյարդային համակարգը, հետևաբար նաև գլխուղեղում գտնվող շնչառական կենտրոնը: Իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ ծննդյան պահին ո´չ շնչառական կենտրոնը, ո´չ թոքերը, ո´չ էլ բրոնխները ամբողջությամբ պատրաստ չլինեն կատարելու իրենց գործառույթները:
Այժմ պտղի թթվածնով ապահովվածությունը կախված է նրանից, արդյո՞ք զարգացած է ընկերքի մազանոթային համակարգը և ինչ ինտենսիվությամբ է կատարվում արգանդաընկերքային արյան շրջանառությունը: Եթե անոթային համակարգի վրա կինը գրեթե չի կարող ազդել, քանի որ ընկերքն ու նրա համակարգը ձևավորվել են երրորդ ամսի վերջին, ապա արյան շրջանառությունը ակտիվացնել հաջողվում է: Դրա համար պետք է մշտապես կատարել որոշակի ֆիզիկական վարժություններ, որոնք կօգնի ընտրել հղիությանը մշտապես հետևող բժիշկը, և որքան հնարավոր է շատ գտնվել մաքուր օդում, շատ շարժվել:
Վեցերորդ ամսում լավ ձևավորված են պտղի մարսողական համակարգի բոլոր հատվածները՝ կերակրափողը, ստամոքսը, բարակ և հաստ աղիները, լյարդը, ենթաստամոքսային գեղձը: Ստամոքսի և աղիների լորձաթաղանթում արդեն կան արտազատական բջիջներ, որոնք ծննդից հետո կսկսեն արտադրել աղիքային և ստամոքսային հյութերը: Լյարդն ակտիվորեն անցնում է իր հիմնական գործառույթների կատարմանը, այդ թվում` գլիկոգենի սինթեզին և պահպանմանը, որոնք պտղի ածխաջրերի հիմնական աղբյուրն են: Արյունաստեղծ գործառույթներն ամբողջությամբ իրենց վրա են վերցնում կարմիր ողնուղեղը, փայծաղը, լիմֆատիկ հանգույցները:
20-րդ շաբաթից սկսած՝ պտուղը մորից ընկերքի միջոցով սկսում է իմունոգլոբիններ ստանալ, որոնք ապահովում են նրա պասիվ իմունիտետը, սակայն փոքրիկի իմունային ուժը դեռ շատ թույլ է և նրա գլխավոր պաշտպանը մայրական օրգանիզմն է:
Եթե մայրը հիվանդանում է, օրինակ, գրիպով, դա կարող է իր հետքը թողնել պտղի սիրտ-անոթային, արտազատական և այլ համակարգերի վրա: Այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես հազիվ նշմարելի, այնպես էլ` բավականին լուրջ: Ելնելով դրանից` գրիպի համաճարակի դեպքում պետք չէ գտնվել մարդկանց կուտակման վայրերում, որտեղ հնարավոր է անկախ ձեր կամքից շփում գրիպով կամ օդակաթիլային ճանապարհով տարածվող այլ հիվանդություններով հիվանդների հետ: Խիստ կարևոր է ժամանակին հայտնաբերել և բուժել սեռական օրգանների հիվանդությունները, մաշկի թարախային հիվանդությունները, ուշադիր հետևել քիթ-կոկորդային համակարգին և ատամներին: Լավ կլինի, եթե այդ ամենն արվի մինչև հղիությունը:
Վեցերորդ ամսվա ընթացքում ավարտվում է գլխուղեղի հատվածների անատոմիական ձևավորումը, ավելի վաղ ձևավորված հատվածներին միանում են միջին ուղեղն ու փոքր ուղեղը, իսկ գլխուղեղի մակերևույթին ավարտվում է գալարների և ակոսների ձևավորումը: Այնուամենայնիվ դեռ չի ավարտվում կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը, որը շարունակվում է նաև ծննդից հետո:
Վեց ամսական պտղի դեմքը դառնում է բավականաչափ իմաստավորված: Կոպերը բացում են լավ ձևավորված աչքերը, որոնց վերևում հստակ տարբերակվում են հոնքերը: Բավականին հստակ գծագրվում է քիթը, սակայն ամենահետաքրքիրն ականջներն են, որոնց չափերը մեծանում են և վերջնական տեսքի գալիս: Ականջախեցին, որի զարգացումը սկսվել էր սաղմնային կյանքի երկրորդ ամսում, ձևավորվում է աստիճանաբար մեծացող ելունդների խմբից: Դա խիստ անհատական գործընթաց է և երբեք հայտնի չէ, թե քանի ելունդ կաճեն և որտեղ կլինի նրանց սերտաճումը: Այստեղից էլ` տարբեր մարդկանց մոտ ականջախեցիների ձևերի տարբերությունը: Պատահական չէ, որ քրեագիտության մեջ դա անձի իդենտիֆիկացիայի հիմնական մեթոդներից մեկն է:
Թեև վեցերորդ ամսում բոլոր օրգանները ձևավորված են և կատարում են իրենց գործառույթները, պտուղը դեռ հասունացած չէ: Եթե նա ծնվի այս ընթացքում, ինչը կարող է պատահել ընկերքի շերտազատման կամ այլ պատճառներից, նրա կենդանի մնալու հավանականությունը քիչ է՝ չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին:
Վեցերորդ ամսում արագորեն աճում է գլխուղեղի ծավալը: Համեմատություն՝ 2 ամսեկանում այն կշռում է 2,0 գ, 5-ում՝ 20-25 գ, իսկ 6-րդ ամսի վերջին՝ 100գ:
Խիստ կրճատվում է ողնուղեղի հարաբերակցությունը գլխուղեղի նկատմամբ՝ երեք ամսեկանում այն 1:18 էր, իսկ 6 ամսեկանում՝ 1:100 :
Վեցերորդ ամսում գործում են պտղի բոլոր զգայական օրգանները: Այդ գործառույթների ձևավորումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ. Սկզբում` երեք ամսեկանում, ձևավորվում են մաշկի շոշափողական զգայարանները, 3,5 ամսեկանում՝ համային, հինգերորդ ամսում նրանց է միանում վեստիբույլար գործառույթը, որն ապահովում է հավասարակշռության պահպանումը, իսկ հետագայում՝ հինգ-վեց ամսեկանում ձևավորվում են տեսողական և լսողական զգայարանները:

|
Մեդ-Պրակտիկ
17.12.2015
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Հղիության ցանկացած ժամկետում էլ ցանկալի չէ մազերը ներկել, հատկապես վտանգհավոր է առաջին եռամսյակում, քանի որ պտղի օրգանները դեռ լիովին ձևաևվորված չեն, և ներկի կազմի մեջ մտնող քիմիական նյութերը կարող են վնասել պտղին: Եթե այնուամենայնիվ որոշել եք ներկել, ընտրեք բնական ծագում ունեցող և առանց ամիակի ներկեր:




Մեդ-Պրակտիկ
17.12.2015
Հարգելի Lena, բարև Ձեզ: Քանի որ կա պտղի ներարգանդային աճի դանդաղում, հարկավոր է անընդհատ հսկողություն, հետևելու համար պտղի աճին: Կոնկրետ աճի դանդաղումը հակացուցում չե ինքնաթիռ նստելու համար: Քանի որ կա խնդիր, հարկավոր է անընդհատ հսկղության տակ լինել, եթե նույնիսկ մեկնում եք որոշ ժամանակով:




Մեդ-Պրակտիկ
17.12.2015
Հարգելի ARPINE, բարև Ձեզ: Գրականության մեջ նմանատիպ դեպքեր նկարագրված չեն, միգուցե եզակի դեպքերում հանդիպում է, միանշանակ պնդել չի կարելի: Ամեն դեպքում հսկողություն պետք է: Երեխայի ծնվելուց հետո հարկավոր է անպայման հետազոտել, ըստ այդմ որոշել հետագա տակտիկան:




Gayane
14.12.2015




Lena
10.12.2015




ARPINE
23.11.2015




Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի Rafaela, բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք, Ձեզ ինչի համար է նշանակվել գենետիկական հետազոտությունն: Ձեր բացասական արյունն առաջին հղիության ընթացքում բարդություններ չի առաջացնի: Ծննդաբերությունից անմիջապես հարկավոր է պարզել երեխայի ռեզուս պատկանելիությունը, եթե երեխայի արյունը նույնպես բացասական լինի, ոչինչ հարկավոր չէ անել: Եթե երեխան լինի ռեզուս դրական, հարկավոր է Ձեզ ներարկել հակառեզուսային իմունոգլոբուլին, որպեսզի հաջորդ հղիությունների ժամանակ պտղի մոտ հեմոլիտիկ հիվանդություն չառաջանա:




Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի Սոնա, բարև Ձեզ: Կարդիոմագնիլը իհարկե վտանգավոր չէ, այն նվազեցնում է արյան մակարդունակությունը: Ինչ վերաբերում է կլեքսանին, այն ևս պետք է նշանակվի անոթաբանի կամ հեմատոլոգի կողմից: Հղիության 23 շաբաթում "Դ դիմերի" քանակը Ձեզ մոտ նորմայի սահմաններում է, սակայն կախված հղիության ընթացքից, հնարավոր է նորից կլեքսան ստանալու կարիք լինի: Ցանկալի է խորհրդակցել անթաբանի հետ:




Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի Haekush, բարև Ձեզ: Խնդրում եմ նշեք, այժմ քանի շաբաթական է Ձեր հղիությունը: Եթե պլացենտան կենտրոնական տեղակայում չի ունեցել, շատ հավանական է, որ հղիության վերջին ամիսներին պլացենտայի առաջադրություն չլինի, հատկապես եթե նախկինում եղել է եզրային: Դա կարելի է պարզել ՈՒՁՀ միջոցով:




Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի Hermine, բարև Ձեզ: -3.5 կարճատեսությունը համարվում է միջին աստիճանի միօպիա, և եթե կեսարյան հատման համար այլ ցուցումներ չկան, համարվում է հարաբերական ցուցում: Քանի որ Ձեր արդեն չորրորդ ծննդաբերությունն է, ցանկալի է ծննդաբերել բնական ծննդաբերական ուղիներով:




Մեդ-Պրակտիկ
21.11.2015
Հարգելի Nana, բարև Ձեզ: Ներկա դրությամբ "Դ"դիմերի քանակը Ձեզ մոտ նորմայի սահմաններում է, սակայն հետագա բուժման համար անպայման հարկավոր է դիմել Ձեր բուժող բժշկին և անոթաբանին, քանի որ կախված ընդհանուր վիճակից, գենետիկ հետազոտությունների տվալներից բուժման պլանը տարբեր է, հատկապես, եթե նախկինում վիժումներ եք ունեցել:




Rafaela
03.11.2015




Սոնա
03.11.2015




Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:




hermine
24.10.2015




haekush
24.10.2015




Nana
23.10.2015




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Nare, բարև Ձեզ: Արդեն առաջացած բծերը վերացնել ցավոք հնարավոր չէ, սակայն կարող եք կանխել դրանց հետագա առաջացումը: Կարող եք օգտագործել հատուկ հղիեների համար քսուքներ կամ լոգանքի գելեր, որոնք բարձրացնում են մաշկի էլաստիկությունը և կանխում բծերի առաջացումը: Կարող եք ձեռք բերել դեղատներից: Մաշկի էլաստիկությունը բարձրացնելու համար շատ արդյունավետ է նաև նշի յուղի օգտագործումը, որը ևս կարող եք ձեռք բերել դեղատներից:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի SATENIK, բարև Ձեզ: Պտղի խաղը առաջնածինները նորմայում զգում են 19-20-րդ շաբաթից սկսած, իսկ կրկնածինները մեկ շաբած ավելի շուտ: Արդեն 24-րդ շաբաթում պետք է որ նորմալ ռիթմով զգայիք պտղի խաղը: Հարկավոր է անպայման դիմել գինեկոլոգի, կատարել ՈՒՁՀ, հարկ եղած դեպքում նաև Դոպլերոգրաֆիա, համոզվելու համար, որ արգանդ-ընկերքային արյան շրջանառության խանգարում չկա:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Lian, բարև Ձեզ: Հղիության երկրորդ եռամսյակում հարբուխն այնքան վտանգավոր չէ, եթե չկա ջերության բարձրացում և հազ: Կարող եք օգտագործել վիտամին Ց: Եթե կունենաք ջերմաստիճանի բարձրացում, հազ, դիմեք տեղամասային գինեկոլոգին համապատասխան բուժում ստանալու համար:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Lili, բարև Ձեզ: "Կարդելիպ"-ն իր մեջ պարունակում է ձկան յուղ, որը նպաստում է արյունատար անոթների, նյարդային համակարգի զարգացմանը, ինչպես նաև կարգավորում է նյութափոխանակային պրոցեսները: Դեղի ընդունման ցուցումներում նշված է, որ հղիության ընթացքում ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:




Մեդ-Պրակտիկ
07.07.2015
Հարգելի Alina, բարև Ձեզ: Հղիության ընթացքում օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ տեղաշարժեր, որոնք բերում են քթի անոթների փխրունության, ավելանում է շրջանառող արյան ծավալը, որոնց հետևանքով երբեմն նկատվում է քթային արյունահոսություն: Եթե արյունահոսության դեպքերը հաճախակի չեն, օրինակ շաբաթական մեկ անգամից ավելի չեն լինում, անհանգստանալու կարիք չկա: Քթային արյունահոսություն հղիության ժամանակ կարող է դիտվել նաև կալցիումի, երկաթի և վիտամին K-ի անբավարարության դեպքում: Ցանկալի է դիմել գինեկոլոգի, նշված միներալների և վիտամինի պակասը լրացնող վիտամինային կոմպլեքս նշանակելու համար:




nare
28.06.2015




SATENIK
28.06.2015




lian
21.06.2015




Lili
17.06.2015




Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի MARIAM, բարև Ձեզ: Հղիության ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ տեղաշարժերի հետևանքով կարող է նկատվել լիբիդոյի` սեռական ցանկության իջեցում, երբեմն նաև ուժեղացում: Անհանգստանալու կարիք չկա, դա կապված է հղիության հետ: Հատկապես հղիության երկրորդ եռամսյակում կանանց մեծ մասի մոտ նկատվում է սեռական ցանկաության իջեցում:




Alina
14.06.2015




Մեդ-Պրակտիկ
12.06.2015
Հարգելի SARA, բարև Ձեզ: Առաջնաիծին կանայք պտղի խաղը նորմայում զգում են հղիության 20-րդ շաբաթից սկսած: Մինչև 24-րդ շաբաթը համարվում է նորմա: Կախված օրգանիզմի առանձնահատկություններից կարող են լինել որոշ տատանումներ: Եթե հղիությունն ընթանում է նորմալ և ըստ ՈՒՁՀ տվյալների պտղի ենթադրյալ քաշը համապատասխանում է ժամկետին, անհանգստանալու կարիք չկա:




Մեդ-Պրակտիկ
08.06.2015
Հարգելի ELEN, բարև Ձեզ: Կալցիումի օրական պահանջը կարելի է լրացնել նաև այլ սննդամթերքների միջոցով, օրինակ մսամթերքի: Բավականաչափ կալցիում պարունակվում է նաև բալի, խնձորի, կաղամբի, նեխուրի մեջ: Նշված մթերքների ամենօրյա օգտագործումը բավարար է օրգանիզմում կալցիումի դեֆիցիտը կանխարգելելու համար: Ընդհանրապես կալցիումի պրեպարատներ հղիության ընթացքում նշանակվում են այն դեպքում, երբ առկան են կալցիումի դեֆիցիտի կլինիկական նշաններ, կամ արյան անալիզի միջոցով, պարզվել է, որ կալցիումի քանակը նորմայից քիչ է: Օրգանիզմում կալցիումի դեֆիցիտն արտահայտվում է եղունգների փխրունությամբ, մազերի թափվելով, մկանների ջղակծկումներով և այլն:




Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն