Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 4.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4

Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները հաճախ ի հայտ են գալիս վաղ հասակում: Երեխան կարող է չնկատել և չգանգատվել վատ տեսողությունից, ուստի ծնողն ինքը պետք է ուշադրություն դարձնի որոշ նշանների վրա, որոնք կարող են վկայել ակնաբանական խնդրի մասին:


Երեխան կկոցում է աչքերը: Սա հիմնականում կարճատեսության նշան է: Կկոցելով աչքերը՝ երեխան բնազդաբար փորձում է փոքրացնել իր տեսադաշտը, ինչը հանգեցնում է տեսողության ժամանակավոր լավացման:


Երեխան չի կարողանում երկար կենտրոնանալ գրելու, կարդալու կամ նկարելու վրա, այսինքն՝ այնպիսի աշխատանքի վրա, որի համար անհրաժեշտ է տեսողության սրում: Սա նշանակում է, որ երեխայի աչքերը շուտ են հոգնում, և տեսողության շտկման կարիք կա:


Երեխան թեքված է նայում իր առջև դրված առարկային: Սա առավել հաճախ հանդիպող նշան է աստիգմատիզմի դեպքում: Աստիգմատիզմ ունեն գրեթե բոլոր մարդիկ, բայց եթե դա խանգարում է նորմալ տեսողությանը, հարկ է շտկել ակնոցով կամ կոնտակտային ոսպնյակներով: Այո՛, փոքր տարիքում թույլատրվում է կոնտակտային ոսպնյակներ կրել:


Երեխան կարդալիս հաճախ կորցնում է տեղը: Սա առավել բնորոշ է դպրոցական տարիքի երեխաներին և դարձյալ վկայում է թույլ տեսողության մասին:


Երեխան խուսափում է կարդալուց, գրելուց, նկարելուց։ Նա չի ուզում լարել աչքերը`կանխելով դրան հաջորդող աչքերի ցավն ու գլխացավը:


Աչքերին մոտ է պահում գիրքը, տետրը, նկարչական պարագաները: Սա ևս հատուկ է դպրոցահասակ երեխաներին։ Նրանք կարող են բողոքել նաև գրատախտակը վատ տեսնելուց:


Տեսողության սքրինինգներ


Երեխայի կյանքի առաջին տարում տեսողական օրգանն անցնում է զարգացման մեծ ճանապարհ: Սքրինինգը միջոցառումների խումբ է` ուղղված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, ժամանակին բուժմանը և հետագա բարդությունների կանխարգելմանը:


Ըստ Ակնաբույժների ամերիկյան ասոցիացիայի՝ խորհուրդ է տրվում տեսողության սքրինինգներ անցնել հետևյալ շրջաններում.

 

  • Նորածնային շրջան. կարմիր ռեֆլեքսի ստուգում՝ ռետինոբլաստոմա հիվանդության հերքման համար:
  • 6-12 ամսական. նախորդ հետազոտության կրկնում։ Կատարվում է նաև ակնագնդերի շարժումները ստուգող գործողություն՝ առարկաներին հետևելու ունակությունը պարզելու համար:
  • 12-36 ամսական. կրկնում են նախորդ կետի բոլոր ստուգումները:
  • 3-5 տարեկան. երեխայի տեսողությունը ստուգում են աղյուսակների օգնությամբ (ըստ պատկերների անունների): Այս շրջանում շեղումները շտկելը բավականին հեշտ է, հնարավոր է անգամ հիմնովին վերացնել:
  • 5 տարեկան և ավելի. այս տարիքում զրոյանում է ի ծնե հեռատեսությունը, ուստի կարող են կարճատեսության հետ կապված նշաններ ի հայտ գալ:
 

Անգամ գանգատների բացակայության դեպքում ցանկալի է տարին մեկ անգամ դիմել ակնաբույժի:

 


Կարճատեսությունը և հղիությունը


Կարճատեսություն է կոչվում տեսողական օրգանի այն ախտաբանությունը, որի դեպքում ինչ-ինչ պատճառներով լուսային ճառագայթները հավաքվում են ոչ թե ակնահատակի վրա, այլ դրանից առաջ, ինչի հետևանքով մարդը հեռվում գտնվող օբյեկտները պարզ և հստակ չի տեսնում: Կարճատեսությամբ տառապում է բնակչության 27%-ը։ Բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված՝ այս ցուցանիշը տարեցտարի աճում է:


Կարճատեսությունը վերջնական բուժում չունի, այն շտկվում է ակնոցով, կոնտակտային ոսպնյակներով կամ լազերային շտկումով:


Ամենօրյա պրակտիկայում ակնաբույժներին հաճախ են դիմում հղիության ու ծննդաբերության ընթացքում տեսողական խնդիրների հնարավոր բարդացումներին առնչվող հարցերով, որոնց մասին բազմաթիվ թյուր կարծիքներ են շրջանառվում։


Միֆ 1-ին


Եթե աղջիկն ունի կարճատեսություն, պետք է ծննդաբերի կեսարյան հատումով: Միանշանակ`ոչ: Ծննդալուծման եղանակի ընտրությունը կախված է միայն ակնահատակի վիճակից:


Միֆ 2-րդ


Հղիության ընթացքում կարճատեսությունը վա-տանում է անվերադարձ: Սա ևս թյուր կարծիք է։ Հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների հետևանքով հնարավոր է կարճատեսության աննշան ավելացում, սակայն ծննդաբերությունից հետո, երբ կարգավորվում է հորմոնալ ֆոնը, մեծամասնության մոտ տեսողությունը ևս կարգավորվում է:


Միֆ 3-րդ


Եթե կինը տարել է լազերային շտկման վիրահատություն, պետք է ծննդաբերի կեսարյան հատումով: Լազերային կորեկցիան կատարվում է աչքի առաջային հատվածի վրա և չի ազդում ակնահատակի վրա:


Միֆ 4-րդ


Հղիներին չի կարելի կրել կոնտակտային ոսպնյակներ: Հղիության ընթացքում և հետծննդաբերական առաջին ամսիներին որոշ չափով ավելանում է եղջերաթաղանթի զգայունությունը, ինչը կարող է տհաճություն առաջացնել, սակայն կոնտակտային ոսպնյակներ կրելու համար հակացուցում չէ:


Եթե հղի կինը կարճատեսություն ունի, ապա ցանկալի է, որ նա անկնաբանական լայնածավալ հետազոտություն անցնի հղիության 28-35-րդ շաբաթների ընթացքում, երբ ակնհատակում եղած փոքրիկ շեղումները (կարևոր է դրանց տեղակայումը) կարող են շտկվել համապատասխան միջամտությամբ, և կինը կծննդաբերի բնական ճանապարհով: Ի դեպ, ծննդալուծման տեսակն ընտրում է ոչ թե ակնաբույժը, այլ` գինեկոլոգը:


Նանա Նահապետյան,
ակնաբույժ-օրդինատոր
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
instagram.com/ thebabyclub_arm

Սկզբնաղբյուր. Սալուտեմ, առողջ ապրելակերպի ամսագիր №4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ