Սալուտեմ 2.2021
Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2
«Ավագյան» բժշկական կենտրոնի 4 բժիշկ պատահաբար գործընկերներ դարձան նաև հոսպիտալում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե բոլոր բուժհաստատությունները և բուժաշխատողների մեծ մասը ներգրավված էին պատերազմում տուժած զինծառայողների տարհանման, առաջին օգնության ցուցաբերման և բուժման հետագա գործընթացի կազմակերպման գործում։
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկները՝ Տիգրան Քամալյանը, Սամվել Վարդանյանը, Նորայր Միքայելյանը, Արթուր Ավետիսյանը, տարբեր օրերի են մեկնել Արցախ և պատահականորեն միմյանց հանդիպել են Մարտունու շրջանի հոսպիտալում։
Պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Սամվել Վարդանյանը պատմում է.
«Պատերազմի լուրը լսելուն պես գնացել եմ զինկոմիսարիատ։ Այնտեղ ինձ ասացին, որ երբ հարկ լինի, կկանչեն։ Անցավ 2 օր՝ չկանչեցին, նորից գնացի, բացատրեցի, թե ինչ մասնագետ եմ, իմ փորձառությունը ներկայացրեցի, որից հետո ասացին՝ կարող եք պատրաստվել և երկու ժամից գնալ»։
Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի պատմությունը գրեթե նույնն է.
«Հենց առաջին օրերից գնացի զինկոմիսարիատ։ Չզանգեցին այնքան ժամանակ, մինչև զայրացա… Ստիպված ուղարկեցին։ Երբ հասա Արցախ, Նորայրն արդեն այնտեղ էր։ Հետո միացան Արթուրն ու Սամվելը։ Եվ այդպես բոլորս հայտնվեցինք նույն տեղում` Մարտունու հոսպիտալում»։
Նորայր Միքայելյանը դիմածնոտային վիրաբույժ է, նա էլ պատմում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ լսել է պատերազմի մասին լուրը, կապ է հաստատել 2016-ի քառօրյայում միասին աշխատած բժիշկների հետ, ու բոլորը միասին միանգամից մեկնել են Արցախ։
Անոթային վիրաբույժ Արթուր Ավետիսյանը հավելեց.
«Արցախում բոլորս միասին էինք հոկտեմբերի 2-ից։ Իհարկե, ոչ մեկը չէր կարող պատկերացնել պատերազմի մասշտաբները, վիրավորների թիվը, և ադապտացիոն շրջան բոլորիս հարկավոր էր։ Շատ արագ կարողացանք հունի մեջ մտնել ու հարմարվել: 44 օր և ավելի անցանք էքստրեմալ բժշկության, մահվան, կյանքի և կռվի միջով։ Կային բժիշկներ, որ մնացին Արցախում ավելի քան 60 օր»։
«Այն, ինչ տեսանք, անհնար էր նույնիսկ պատկերացնել, անգամ հոլիվուդյան ֆիլմերում,- պատմում է Սամվել Վարդանյանը։- Բեկորային, բազմաբեկորային վիրավորումներ, խոր այրվածքներ... Բայց մենք վիրաբույժ ենք, շոկի մեջ ընկնելու իրավունք չունենք։ Վիրավորներին տեսնելով՝ միայն փրկելու մասին էինք մտածում, մյուս զգացմունքները բթանում էին… Բոլորս, բոլոր բժիշկները…»։
Տիգրան Քամալյանի խոսքով՝ մեր վիրավորներին փրկելու համար արել են անգամ անհնարինը:
«Ամեն ինչ կազմակերպված էր կատարվում, փորձում էինք առավելագույնս արդյունավետ աշխատել, որքան հնարավոր էր շատ զինվորների փրկել։ Ամեն ծանր վիրավորի համար հավաքվում էինք, խորհրդակցում, միասին որոշում էինք, թե ով կանի հերթական ծանր վիրահատությունը»։
Պատերազմի ընթացքում բժիշկները ոգեշնչվել և տպավորվել են տարբեր դրվագներով, պատմություններով, որոնք, ինչպես իրենք են ասում, ուժ են տվել իրենց։
Նորայր Միքայելյանն առանձնացնում է 18-20 տարեկան զինվորներին։
«Ապշեցնում էր նրանց պատրաստակամությունը։ Հոսպիտալում էլ, անկախ առողջական վիճակից, ոչ թե իրենց մասին էին մտածում, այլ առաջնահերթությունը տալիս էին ընկերոջը։ Մինչև մահ չեմ մոռանա այդ ամենը… Պատերազմի ընթացքում հայ զինվորներն արել են առավելագույնը, հայ զինվորը չի պարտվել…»։
Տիգրան Քամալյանի խոսքը բույժքույրերի և մայրապետերի մասին է, որոնց ներկայությունն ու կամքը փոխանցվում, ոգեշնչում էր նաև իրենց:
«Մի դրվագ պատմեմ. բավականին ուժեղ հրետակոծություն էր, ու ոչ մեկը չէր կարող ասել, թե չի վախենում: Բոլորս էլ հասկանում էինք՝ հաջորդ ռումբը կարող է ընկնել մեզ վրա… Մեր աղջիկներից մեկը վեր կացավ և ամբողջ ուժով բոլորիս վրա գոռաց՝ մի հատ ձեզ հավաքե՛ք: Պատկերացրեք՝ նույնիսկ ամենավախկոտն էլ իրեն հավաքեց, որովհետև հասկացանք՝ պետք է անենք մեր գործը, և վե՛րջ»։
Սամվել Վարդանյանը պատմում է միասնական, համակարգված աշխատանքի մասին.
«Պատերազմում վերջի սերնդի զինվորական տեխնիկա էր կիրառվում, գերակշռում էին բեկորային և բազմաբեկորային վնասվածքները, այրվածքային և վնասվածքային համալիրը պահանջում էր 2-3 մասնագիտացված վիրաբույժ` միաժամանակ. պետք էր փրկել ոտքը, կատարել որովայնային վիրահատություն, դադարեցնել ներքին արյունահոսությունը, մշակել խոր այրվածքները… Այդպիսի դրվագներն անթիվ էին, վիրավորումների բնույթը բարդ էր և ծանր»։
Պատերազմի ամբողջ ընթացքում՝ ամեն օր, բժիշկները ստիպված էին կայացնել որոշումներ, որոնք կարող էին բեկումնային, ճակատագրական լինել զինծառայողների և նրանց կյանքի համար:
«Ունեինք սահմանափակ թվով՝ 4-5 վիրահատական սեղան։ Լինում էր այնպես, որ բոլորը զբաղված էին, բայց բերում էին նոր վիրավորներ: Ստիպված վիրահատում էինք նաև միջանցքներում, քանի որ վիրավորին այլ բուժկետ տեղափոխել չէինք հասցնի»։
Արթուր Ավետիսյանը չի մոռանում վաշտի կամ ջոկատի երիտասարդ հրամանատարներին, որոնք չէին թողնում իրենց օգնություն ցույց տալ, նույնիսկ ստիպելով կամ ուժի գործադրմամբ, մինչև չէին համոզվում, որ իրենց զինվորներին արդեն ցույց են տվել անհրաժեշտ բուժօգնությունը, որ նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
«Ունեինք դեպքեր, որ սպան կամ շարքային զինվորը, որին պատրաստվում էինք վիրահատել, վճռական պնդում էր՝ յոդ քսի՛, հետ գնամ։ Տղաները շատ դուխով էին, որոշում ընդունելը` սպոնտան»։
Բժիշկներիի բոլոր որոշումների հիմքում նախ` զինվորների կյանքը փրկելն էր, հետո` վնասված վերջույթները պահպանելը։
Տիգրան Քամալյանը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ բոլորը գիտակցել են՝ վիրավորումը այնպիսին է, որ դժվար է փրկել կյանքը, բայց վիրահատել են՝ հրաշքի հավատալով. Աստված միշտ շատ փոքրիկ հույս ու շանս թողնում է։
«Հաճախ դեմ էինք գնում ռազմադաշտային վիրաբուժության կանոններին՝ հնարավորին շատ կյանքեր փրկելու համար։ Իրականում ունեցել ենք լավ արդյունք. 2000 հոգուց ընդամենը 8-10 զինվոր է մահացել, այն տղաները, որոնց հոսպիտալ են հասցրել արյունաքամ, անհուսալի վիճակում»։
Նման ուղի անցած բժիշկներն ինչպե՞ս են վերադառնալուց հետո ինտեգրվում բնականոն կյանքին։ Այս հարցին պատասխանելուց առաջ նրանք խոր հոգոց հանեցին…
«Մի քանի օրում ամբողջ արժեհամակարգդ է փոխվում, ապրածդ ամբողջ կյանք վերագնահատում ես, վերստին արժեքավորում։ Ամեն ինչ փոխվել է՝ սկսած ընտանիքի, երեխաների, ապագայի հետ կապված հարցերից մինչև աշխատանքային առօրյա։ Ամեն ինչի սկսում ես այլ կերպ նայել ու հասկանում ես՝ արժեքներն ուրիշ տեղ են։
Առանձնահատուկ ուզում եմ խոսել Մարտունու հոսպիտալի պետ Լևոն Ջիվանշիրյանի մասին (ներկայում Իվանյանի հոսպիտալի պետն է)։ Նա կարողացավ այնպես կազմակերպել մեր աշխատանքը, որ ժամսլաքի ճշգրտությամբ էինք աշխատում։ Ինքը կարող էր գնալ խրամատից զինվոր բերել, մասնակցել վիրահատությանը և, միաժամանակ, կազմակերպել հոսպիտալի շուրջօրյա աշխատանքը։ Ակամա հետևում էինք նրա օրինակին, Նորայրը բազմիցս դիրքերից վիրավոր զինվոր է բերել: Նրա օրինակով կարող եմ հաստատ ասել՝ հենց ա՛յս տեսակ կազմակերպիչներ են հարկավոր մեր բանակին, այսպիսի՛ հրամանատարներ են պետք»։
44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում լինելով ռազմաճակատում՝ բժիշկները չէին մոռանում նաև իրենց երևանյան պացիենտներին։ Զանգում էին, զգուշացնում, որ Արցախում են։ Ով տեղեկանում էր, ասում էր` մենք լավ ենք, դուք ձեր ու զինվորների մասին մտածեք։
Նորայրը հավելում է.
«Իմ հիվանդներից շատերը նշանակված օրը եկան, բայց ոչ թե վիրահատության, այլ իրենց օգնությունն առաջարկելու, տեղահանվածներին ապաստաններ տրամադրելու համար»։
Հետաքրքրվեցիք, թե եղե՞լ են դեպքեր, որ պատերազմի օրերին հանդիպած վիրավոր զինծառայողին մինչև այդ ճանաչելիս լինեին։ Տիգրան Քամալյանը հիշեց.
«Սոցցանցերից հայտնի զինծառայող Վարազդատ Սանեյանին ես էի վիրահատել, թեպետ ինքը չէր հիշում։ Շատ ուրախացա, երբ տեսա, որ ամուսնացել է, անգամ երկու ոտքով մեքենա է վարում։ Դժվար էր հավատալ, որ նա կհաղթահարեր։ Եղբայրը նույնպես մեզ մոտ է վիրահատվել»։
Խոսելով պատերազմից հետո ձևավորված ընկերության մասին՝ բժիշկները համակարծիք էին. «Նախկինում Երևանում չորսս պարզապես բժիշկներ էինք, հանդիպելիս բարևում էինք։ Պատերազմում մեկ ժամ հետո հարազատ էինք, ամուր թիմ էինք` միասին ամեն ինչ անելու պատրաստ»։
Տիգրան Քամալյանն ավելացրեց.
«Միմյանց հանդեպ հոգատարություն ու հոգացավություն կար ամեն հարցում։ Երբ մեկս տասը և ավելի ժամ տևած վիրահատությունից հետո ուժասպառ մի անկյուն էր գտնում, մյուսներս, անկախ մեր վիճակից, ծածկում էինք նրան, սուրճ եփում… Չգիտեմ՝ դա գոյատևման, ինքնապաշտպանական բնա՞զդ էր, թե մի այլ բան, բայց «մարտական ընկեր» հասկացությունը, ըստ իս, հենց այս ամենի ամբողջությունն է, ոչ թե պարզապես նույն տեղում միասին գտնվելը»։
Զրույցն ավարտելիս վերջին հարցը հնչեց՝ պատրա՞ստ եք կրկին մեկնել ռազմաճակատ, եթե, Աստված մի արասցե, անհրաժեշտություն լինի։ Բոլորի պատասխանը հստակ էր ու աներկբա՝ այո՛, մի՛շտ պատրաստ։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Ֆրանսիացի վիրաբույժ, կենսաբան և ախտաֆիզիոլոգ, 1912 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ անոթների կարման օրիգինալ մեթոդների և հյուսվածքային կուլտուրաների աճեցման...
Բոլորիս հայտնի է արևահամ այս պտուղը։ Նուրբ և հյութալի պտղամիսը, թավշյա կեղևը ոչ մեկին անտարբեր չի թողնում։
Հայաստանում գեթ մեկ անգամ եղած ճանապարհորդները, ովքեր հնարավորություն են ունեցել փորձելու...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Հնագույն ժամանակներում մարդիկ փնտրում էին թարմացնող միջոցներ, որոնք կօգնեին դիմակայել ամառվա շոգին։ Պաղպաղակի ինքնատիպ «նախորդներն» էին մրգային հյութերը՝ խառնված ձյան կամ սառցի հետ, որոնք հայտնի էին հին Արևելքում...
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...
Մեր զրուցակիցն է ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը...
Հանքային ջրերի մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. XV դարի հնդկական Վեդաներում։ Մարդիկ հնուց հանքային ջրերն օգտագործում էին հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Հանքային ջրերի արդյունավետության...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ականավոր ռուս վիրաբույժ, ռուսական նյարդավիրաբուժության հիմնադիր, ռազմաբժշկական գործի կազմակերպիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ստեղծման նախաձեռնող և առաջին նախագահ...
Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը.:...
Արցախյան պատերազմից հետո այն եզրահանգմանը եկանք, որ յուրաքանչյուր մարդ ՝ զինվորական, թե հասարակական գործիչ, պետք է լինի իր տեղում և անի իր աշխատանքը` հավուր պատշաճի։ Մարտական գործողությունների ժամանակ...
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն