Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 2.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Բժշկի մասնագիտական տոնի և սպիտակ խալաթի պատմությունից. Սալուտեմ ամսագիր

Բժշկի մասնագիտական տոնի և սպիտակ խալաթի պատմությունից. Սալուտեմ ամսագիր

Բուժաշխատողի օրը տոն է ո՛չ միայն բուժաշխատողների, այլև բոլորիս համար, քանի որ յուրաքանչյուր ոք երբևէ հիվանդացել է կամ վնասվածք ստացել, ուստի առնչվել է օգնության հասնող անձնազոհ և պրոֆեսիոնալ սպիտակ խալաթավորների հետ։


Բժշկի մասնագիտությունը


Բժշկի մասնագիտությունն աշխարհի հնագույն և մարդասիրական մասնագիտություններից է։ Չկա մեկ այլ մասնագիտություն, որն այդքան մեծ պատասխանատվություն պահանջի, քանի որ բժշկական սխալի գինը կյանքն է։


Բժշկելու արվեստը հայտնի է անհիշելի ժամանակներից։ Հնուց ի վեր հեքիմները, դեղագործները, ոսկրաբույժները, բուժակներն ու բժիշկներն օգնում էին մարդուն պայքարել հիվանդությունների դեմ։  Իզուր չէ բժշկի մասնագիտությունը համարվում հնագույն ամենաօգտակար մասնագիտություններից մեկը։ Մարդու ամբողջ կյանքը սերտորեն կապված է բարի բժշկի հետ, իսկ եթե փորձանք է պատահում՝ մարդը հիվանդանում է, սպիտակ խալաթավորը հաճախ դառնում է նրա գլխավոր հենարանը։  


Բժշկի մասնագիտությունն անհրաժեշտ և պահանջված է տառացիորեն ամենուր: Հաճախ մեր հաճելի տեսքն էլ բժշկի հմուտ ձեռքերի գործն է։


Մեր օրերում բժշկագիտությունը հասել է ակնառու հաջողությունների. հազարավոր կյանքեր խլող շատ հիվանդություններ հաղթահարված են։ Սակայն, ավաղ, բնությունը նոր անակնկալներ է պատրաստում. նոր վիրուսներ են առաջանում, որոնք հանգեցնում են նոր հիվանդությունների զարգացման։ Եվ նորից բժիշկներն ու գիտնականները գալիս են օգնության. ուսումնասիրում են հիվանդությունը, գտնում են նոր պատվաստանյութեր, վերլուծում բուժման նոր մեթոդները։


Սակայն ահա թե ինչն է հետաքրքիր. մասնագիտությունը հին է, իսկ մասնագիտական  տոնը բժիշկները սկսել են նշել վերջերս: Բժշկի մասնագիտական տոնը հասարակության և յուրաքանչյուր մարդու կողմից բժշկի հսկայական դերն ընդունելու և ճանաչելու օր է համարվում։


Խորհրդային Միությունում  Բուժաշխատողի օրը նըշվում էր ոչ պաշտոնական պայմաններում՝ յուրաքանչյուր հանրապետություն և շրջան` իր հայեցողությամբ։ Եվ միայն 1980 թվականին տոնը հաստատվում է պաշտոնապես՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության  հրամանագրով։ Խորհրդային Միության փլուզումից հետո մի շարք հանրապետություններում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, նաև Հայաստանում, տոնը շարունակում են իրենցը համարել և հարգանքի տուրք մատուցել բժիշկներին ու բուժաշխատողներին՝ կարևորելով նրանց մասնագիտությունն ու կատարած աշխատանքը։


Բուժաշխատողի օրը տարբեր երկրներում նշվում է տարբեր օրերի. Կուբայում նշվում է դեկտեմբերի 3-ին, որը կուբացի համաճարակաբան Կառլոս Խուան Ֆինլեայի ծննդյան օրն է, Հնդկաստանում` հուլիսի 1-ին` լեգենդար բժիշկ, Արևմտյան Բենգալիայի երկրորդ գլխավոր նախարար Բիդխեն Չանդրա Ռոյի պատվին: Իրանում Ազգային բժշկի օրը նշվում է օգոստոսի 22-ին բժիշկ Ավիցենայի ծննդյան տարեդարձի առթիվ։ Բժիշկների ազգային օրը Միացյալ Նահանգներում նշվում է յուրաքանչյուր տարի մարտի 30-ին։  


Սպիտակ խալաթն ավելի քան 150 տարեկան է


Հայտնի է, որ դեռ Հին Հռոմում համաճարակների ժամանակ բժիշկները հիվանդներին այցելում էին հատուկ երկար խալաթներով։

Դեմքերը ծածկում էին երկար կտուցով դիմակով, որի մեջ խոտաբույսեր և խունկ էին լցնում (համարվում էր, որ դրանք փրկում են վարակից)։ Նման զգեստ կրում էին նաև միջնադարյան Եվրոպայի բժիշկները։ Համալսարանական կրթությամբ բժիշկները պատկանում էին բարձր ազնվական դասին։ Շրջանավարտը բժշկի դիպլոմի հետ ստանում էր նաև ոսկե մատանի, սև դրապից թիկնոց և մոռագույն գլխարկ։ Պարացելսուսը գրում էր, որ բժիշկը, բացի համապատասխան հագուստից, պետք է կրի թանկարժեք մատանիներ։ Նրանց հագուստը տարբերվում էր նաև երկարությամբ, և հենց այդ բժիշկներն իրավունք ունեին բարդ վիրահատություններ կատարել։ Կար նաև ավելի ցածր կաստա՝ այսպես կոչված  «կարճափեշերը»։ Հիմնականում նրանք երկրորդ և ավելի ցածր աստիճանի վիրաբույժներն էին (օրինակ, վարսավիրները, կոշտուկներ հեռացնողները և այլն), հիերարխիայում վեցերորդ տեղը զբաղեցնում էին դահիճները։ Աստիճանաբար տպավորիչ պատմուճաններին փոխարինեցին սովորական սյուրտուկները։ Բժիշկներն աշխատանքի գնում էին նույն արտահագուստով. թևքերի վրայի արյունն ու կեղտը հպարտության առարկա էր և մեծ փորձի ապացույց։  


XIX դարում հիմնական չափորոշիչը դառնում է հիգիենան։  Համարվում է, որ  բժշկական խալաթը հենց XIX դարի երկրորդ կեսից է դարձել բժշկական արտահագուստ։ «Խալաթ» բառը փոխառություն է արաբերենից (hil at՝ պաշտոնական զգեստ)։ Գոյություն ունի սպիտակ խալաթի ծագման առնվազն երեք վարկած։  Ըստ մի տեսության՝ դրա ստեղծման հետևում կանգնած է անգլիացի բժիշկ Ջոզեֆ Լիստերը (1827–1912)՝ հակասեպտիկայի տեսության հեղինակը, ով կարճ ժամանակամիջոցում մեծ հեղինակություն է ձեռք բերել բժիշկների շրջանում: Ըստ մյուս տեսության՝ առաջին անգամ խալաթ կրելու առաջարկ արել է ռուս վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովը (1810–1881), որը հայտնի էր ծայրահեղ մաքրակենցաղությամբ։ Ըստ երրորդ տեսության՝ բժշկի սպիտակ խալաթն առաջարկել է ռուսաստանաբնակ մանկաբույժ և հիվանդանոցային գործի կազմակերպիչ Կարլ Ռաուխֆուսը (1835-1915)։


Երկրի վրա բժշկից կարևոր մասնագետ չկա


Բժշկի մասնագիտությանը միշտ հարգանքով են վերաբերվել։ Առանց այս մասնագիտության անհնար է մարդկության զարգացումը։ Եվ այս բնագավառում յուրաքանչյուրը` բժիշկ, բուժակ, մանկաբարձ, բուժքույր կամ մայրապետ, արժանի է հարգանքի։


Բժշկությունը բարդ, բազմաֆունկցիոնալ բնագավառ է։ Այստեղ յուրաքանչյուր ոք կարևոր է և անհրաժեշտ։ Եվ յուրաքանչյուրից է կախված շատերի առողջությունը, հաճախ նաև` կյանքը։ Այս գործը պահանջում է ո՛չ միայն կատարողականություն, պարտավորություն, այլև սրտացավություն, ջերմություն և այլոց ճակատագրերի նկատմամբ պատասխանատվության զգացում։
Բժիշկն ախտորոշում ու բուժում է, և նրա գիտելիքից, ինտուիցիայից, առանձնահատուկ ձիրքից է կախված հիվանդի կյանքը։ Որքան ճիշտ և արագ լինի սկզբնական բուժումը, այնքան կմեծանա հիվանդի ապաքինման հավանականությունը։


Բուժման մեջ պակաս կարևոր չէ բուժքրոջ դերը։ Նրա փորձը, ճարպկությունը, բժշկի նշանակումների իրականացման հմտությունը, հոգատար վերաբերմունքը և հիվանդի վիճակի աննշան փոփոխությունների նկատմամբ ուշադրությունը նույնքան կարևոր են, որքան ճիշտ ախտորոշումը և բուժման նշանակումը։  


Հիվանդների խնամքը, ամենօրյա հիգիենիկ միջոցառումները, որոնցից կախված է հիվանդի առողջությունը և ուժերի արագ վերականգնումը, մայրապետների ուսերին է, որոնք հաճախ ցածր աշխատավարձի դիմաց ծանր աշխատանք են կատարում, կարողանում են հոգ տանել և ապրեցնել։


https://pozdrav.a-angel.ru
https://historymed.ru
www.kp.ru
https://file.liga.nethttps://ivbg.ru


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ