Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների ու գործողությունների սահմանափակ, ստերեոտիպային և կրկնվող դրսևորումներով: Այդ որակական փոփոխությունները անհատի գործունեության համընդհանուր գիծ են և դիտվում են բոլոր իրավիճակներում:


«Աուտիզմը» (հունարեն «autos» բառից) թարգմանաբար նշանակում է՝ «ինքս», հոգեկան վիճակ է, որը բնորոշվում է ինքնամփոփությամբ (Ռ.Ն. Ազարյան, 2012):


«Աուտիզմ» եզրույթն առաջին անգամ գործածել է շվեյցարացի հոգեբույժ է. Բլեյլերը 1912 թվականին:


1943 թ. որպես առանձին համախտանիշ աուտիզմը նկարագրվել է Լեո Կանների աշխատանքներում: Որպես աուտիզմի առաջնային առանձնահատկություն նա նշել է «ծայրահեղ մեկուսացումը», որն ուղեկցվում է վարքի ստերեոտիպայնության ձևերով և խոսքային խանգարումներով, շարժումների կարծրատիպությամբ և զգայական ազդակներին անհամապատասխան հակազդումներով:

 

Լ.Կանները, ուսումնասիրելով 11 դեպք, հանգեց այն եզրակացության, որ գոյություն ունի հոգեկան զարգացման խանգարումներով յուրահատուկ համախտանիշ, որն անվանեց վաղ մանկական աուտիզմ՝ ՎՄԱ (անվանում են նաև «Կանների համախտանիշ»)։

 

Կանները ոչ միայն առանձնացրեց այդ համախտանիշի բնորոշ գծերը, այլև նկարագրեց կլինիկական ախտանշանների զարգացման ընթացքը։


Մանկական աուտիզմի ախտանշաններով երեխաների երկրորդ հետազոտությունը կատարվել է ավստրիացի մանկական հոգեբույժ Հ. Ասպերգերի կողմից 1944 թ.: Եթե Լ. Կանները վաղ մանկական աուտիզմը դիտում էր շիզոֆրենիկ ասպեկտի խանգարումների շարքում՝ կապելով այն աֆեկտիվ խանգարումների հետ, ապա Հ. Ասպերգերի կողմից նկարագրած խանգարումները ներառվում են աուտիստիկ պսիխոպաթիաների դասակարգման մեջ:


Աուտիզմը համարվում է նյարդաբանական խանգարում, որն ազդում է ուղեղի բնականոն աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացումը, ինչի հետևանքով տուժում է երեխայի շփումը շրջապատի հետ (Կ. Գիլբերտ, Տ. Պիտերե, 2002)։


Աուտիզմի ախտորոշման ցուցանիշը ամբողջ աշխարհում տարեցտարի շարունակում է աճել: Համախտանիշի կլինիկական պատկերը հեղինակների մեծ մասի կողմից բնութագրվում է բազմաձև և հակասական (Կ.Ս. Լեբեդինսկայա , Օ.Ս. Նիկոլսկայա, Ե.Ռ. Բայենսկայա, Մ.Մ. Լիբլինգ, 1989):


Աուտիզմին բնորոշ են հետևյալ հիմնական առանձնահատկությունները.

 

  • խնդիրներ սոցիալական փոխհարաբերությունների ոլորտում,
  • ստերիոտիպային վարք,
  • խոսքային խանգարումներ (էխոլալիա, մուտիզմ և այլն),
  • զգայական ոլորտի խանգարումներ:


Կ. Լեբեդինսկայան և Օ. Նիկոլսկայան մանկական աուտիզմը սահմանում են որպես հոգեկան զարգացման խանգարում, նյարդային համակարգի ախտաբանություն, որի հետևանքով դժվարանում է արտաքին աշխարհի հետ երեխայի հուզական շփումը (1991): Աուտիզմի հիմնական հոգեբանամանկավարժական հատկանիշներն են՝ աուտիզմը (որպես ախտանիշ), ստերեոտիպային վարքը, վախերը (ֆոբիաները), ագրեսիան և ինքնաագրեսիան, անսովոր հետաքրքրությունները, աֆեկտիվ հակազդումների խանգարումները, խոսքային և շարժողական յուրահատուկ խանգարումները: Թվարկված հատկանիշներն ամփոփվում են «հոգեկան աղճատված զարգացում» հասկացության մեջ:


Կան հոգեբանական տեսություններ, որոնք փորձում են բացատրել աուտիզմի բնույթը: Տեսություններում որպես առաջնապատճառ նշվում են հուզական ոլորտի խանգարումները։ Առանձնացվում է տեսությունների 2 խումբ:

 

  1. Ըստ առաջին խմբի տեսությունների՝ աուտիզմի բոլոր դրսևորումների պատճառը հուզական ոլորտի խանգարումներն են (Կ.Ս. Լեբեդինսկայա , Օ.Ս. Նիկոլսկայա, Ե.Ռ. Բայենսկայա, Մ.Մ. Լիբլինգ, 1989):
  2. Ըստ երկրորդ խմբի տեսությունների՝ աֆեկտիվ խանգարումները որոշում են աուտիզմ ունեցող անձանց փոխազդեցությունն աշխարհի հետ, իսկ վերջիններս էլ իրենց հերթին առաջանում են կոգնիտիվ ոլորտի խանգարումներից:

Առաջին խմբի տեսության հեղինակները նշում են, որ կենսաբանական անբավարարությունը ստեղծում է յուրահատուկ ախտաբանական պայմաններ, որոնցում «ապրում է» աուտիզմ ունեցող երեխան: Ծննդյան առաջին իսկ պահից նկատվում է երկու ախտածին գործոնների համադրություն` միջավայրի հետ ակտիվ համագործակցելու կարողության խանգարում, որն արտահայտվում է կենսական ներուժի ցածր մակարդակով:


Նշված երկու գործոնները խոչընդոտում են միջավայրի հետ ակտիվ համագործակցության զարգացումը` ստեղծելով նախադրյալներ ինքնապաշտպանության ուժեղացման համար: Վաղ տարիքում աուտիզմով երեխայի վարքին բնորոշ է երկու հիմնական առանձահատկություն։

  • Ինքնապահպանման բնազդի խանգարում, որը դրսևորվում է 1 տարեկանից սկսած: Հանդիպում է ինչպես գերզգուշության ձևով, այնպես էլ բացարձակ վտանգի դեպքում երեխայի անտարբերությամբ: Այս 2 ախտանշանները հանդիպում են առանձին և միասին:
  • Շփման դժվարություններ, որն աուտիզմի առաջնային նշաններից է, դրսևորվում է սկսած 3 տարեկանից: Երեխան շփման ընթացքում չի նայում մեծահասակի աչքերին, չի ժպտում, չի ընդունում գրկելու համապատասխան դիրք։
 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Ազարյան Ռ. Ն., Հատուկ կրթության հանրագիտարան , Եր., 2012թ.
  2. Гилберт К., Питерс Т., Аутизм. Медицинское и педагогическое воздействие. М., Гуманит. Изд. Центр ВЛАДОС, 2002 г.
  3. Лебединская К.С., Никольская О.С., Баенская Е.Р., Либлинг М.М. и др. Дети с нарушением общения. М., Просвещение, 1989 г.
  4. Лебединская К.С., Никольская О.С., Диагностика раннего детского аутизма. М., Просвещение, 1991 г.

Նաիրա Յոլչյան, մանկավարժ, հատուկ հոգեբան
Արևամանուկ երեխաների զարգացման կենտրոն /Arevamanuk child development center
Հասցե. Տիգրան Մեծ, 26ա, 0010, Երևան,
Հեռախոս. +374 55 08 20 01

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ