Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ճարպակալում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ճարպակալումն ընդունել է որպես համաճարակ: ԱՀԿ տվյալներով, այս հիվանդությամբ տառապում է աշխարհի յուրաքանչյուր երրորդ բնակիչը: Ու թեպետ ԱՄՆ-ը այս առումով ավելի «տխուր» վիճակում է` այնտեղ ավելորդ քաշից տառապում է բնակչության ավելի քան 68%-ը, այնուհանդերձ մեր վիճակն էլ բարվոք չէ: Հայաստանում 2007թ. տվյալներով ճարպակալության հետ կապված խնդիրներ ուներ բնակչության 56%-ը, այժմ վերոհիշյալ ցուցանիշը 0,8%-ով աճել է, և ցավալին այն է, որ այս հիվանդությունը տարեցտարի ավելի ու ավելի է երիտասարդանում:

 

Ճարպակալումը ճարպերի ավելցուկային կուտակումն է օրգանիզմում. ենթամաշկային բջջանքում, ճարպոնում, այլ օրգաններում և հյուսվածքներում: Ճարպակալման հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարումն է, երբ սննդարար նյութերից ճարպագոյացումը գերազանցում է քայքայմանը: Ճարպակալումն առավել հաճախ պայմանավորված է չափից ավելի սնունդ ընդունելով և նստակյաց, պասիվ կյանք վարելով: 

 

Ճարպակալումը մի շարք հիվանդությունների զարգացմանը խթանող հիմնական գործոնն է: Դրանով տառապող մարդկանց գրեթե 50%-ը ունի հակվածություն զարկերակային բարձր ճնշման, սրտի իշեմիկ, հենաշարժական ապարատի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների, սնկային ախտահարումների նկատմամբ և այլն: Ի դեպ, սրտի հիվանդություններից մահացությունը մեր երկրում մահացության դեպքերի ընդհանուր թվի 60%-ն է կազմում:

 

Ճարպակալման ժամանակ նվազում է աշխատունակությունը, սահմանափակվում է մի շարք մասնագիտություններով աշխատելու հնարավորությունը, երեխաների շրջանում աճում է հաշմանդամների թիվը, կյանքի որակը վատանում է, իսկ տևողությունը կրճատվում 8-10 տարով: Ավելին, մարմնի քաշի նորմայից 10%-ով ավելացումը հաճախ բերում է մահացության 30%-ով աճին:

 

Հետազոտությունների համաձայն, մարմնի զանգվածում ճարպի թույլատրելի սահմանային արժեքներն են` տղամարդկանց համար 18-23, կանանց համար` 25-30%-ը: Կանայք գեր են համարվում օրգանիզմում ճարպի 30 և ավելի, իսկ տղամարդիկ` 25 և ավելի տոկոսի դեպքում: Նշանակություն ունի նաև ճարպային բջջանքի բաշխումը. ճարպը տղամարդկանց մոտ կուտակվում է հիմնականում որովայնի, կանանց մոտ ավելի հաճախ` հետույքի և ազդրերի շրջանում:

 

Ճարպակալման խումբը որոշելու համար կարելի է հաշվարկել գոտկատեղի և ազդրերի շրջագծերի քանորդը: Եթե այդ ցուցանիշը գերազանցում է տղամարդկանց մոտ 1,0, իսկ կանանց մոտ` 0,8-ը, ապա սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը աճում է 3-4, կաթվածինը` 9-10 անգամ: Ցուցանիշի արժեքի մեծացմանը զուգահեռ նկատվում են զարկերակային ճնշման բարձրացում, արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների, գլուկոզայի, ինսուլինի, Na-ի քանակի ավելացում: Ամենաբարձր ռիսկի խմբի մեջ մտնում են նրանք, որոնց մոտ ճարպի հիմնական զանգվածը կենտրոնացած է որովայնի հատվածում, որը կոչվում է «ճարպային գոգնոց»: 

 

Մարմնի զանգվածի որոշման համար օգտվում են Կետլեի ցուցիչից (մարմնի զանգվածի ցուցիչ` ՄԶՑ), որը որոշելու համար մարմնի քաշը պետք է բաժանել հասակի քառակուսու վրա:

 

ՄԶՑ=քաշը (կգ)/հասակը (մ2)

Օրինակ` եթե քաշը 54 կգ է, իսկ հասակը` 162 սմ, ՄԶՑ-ն կազմում է` 54:1,622=20,6: 

 

  • Եթե ՄԶՑ-ն 18,5-ից ցածր է, նշանակում է քաշը ցածր է նորմայից: 
  • Եթե ՄԶՑ-ն գտնվում է 18,5-25-ի սահմաններում, ուրեմն քաշը նորմալ է:
  • Եթե ՄԶՑ-ն բարձր է 25-ից, ապա ունեք քաշի ավելցուկ, իսկ եթե բարձր է 30-ից` ճարպակալում: 

 

Քանի որ տարիքի հետ ՄԶՑ-ն փոխվում է, այն որոշում են միայն 20-65 տարեկանների շրջանում` մարմնի ավելորդ քաշը և ճարպակալումը բացահայտելու համար: Դա չի վերաբերում երեխաներին, ծերերին, հղիներին, ինչպես նաև մկանուտ մարդկանց և մարզիկներին:

 

Մարմնի քաշը պակասեցնելու հիմնական նպատակը հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցումն է և կյանքի տևողության երկարացումը: Քաշի կարգավորման հարցում բավարար արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել ճարպակալման պատճառները: Դրանցից առաջինը սննդային գործոնն է, ուստի բուժման հիմնական եղանակը սննդակարգի խիստ և կանոնավոր պահպանումն է: Այն պետք է լինի անհատական. հաշվի են առնվում ճարպակալման փուլը, ժառանգական նախատրամադրվածությունը, մարմնի կազմվածքը: Անհրաժեշտ է ուժեղացնել էներգիայի ծախսը, այսինքն` մեծացնել շարժողական ակտիվությունը: 

 

Ճարպակալման հակում ունեցողներին խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել ախորժաբեր համեմունքները, սահմանափակել օրվա ընթացքում ընդունվող հեղուկների քանակը, հասցնելով մինչև 2,0 լիտրի, աղինը` մինչև 5 գրամի: Հաճախ, նիհարելու նպատակով, ուտում են օրը 2-3 անգամ: Պետք է նշել, որ հենց այսպիսի ռեժիմով սնվելն է համարվում որպես ծայրահեղ վտանգավոր և որը բերում է «պահուստների կուտակման»: Սննդի օրաբաժինը կոտորակային եղանակով ընդունելու դեպքում (օրը 7 անգամ) քաշի կորուստը լինում է 2-3 անգամից ավելի: Ցավոք սրտի, մոռացված է նաև բոլորիս հայտնի ուտելիքը լավ ծամելու կանոնը: Սեղանից պետք է հեռանալ չհագեցած: Սպասքը պետք է լինի ախորժակը չգրգռող, գույնը` անտարբերություն առաջացնող: Խորհուրդ է տրվում շաբաթվա որոշակի օրերի օրգանիզմը բեռնաթափել` սնվելով կաթնաշոռով, խնձորով, վարունգով, աղցաններով, մածունով: 

 

Ճարպեր

 

Ճարպերը լինելով սննդում ամենաբարձր կալորիականություն ունեցող սննդամթերքը` սպիտակուցների և ածխաջրատների համեմատությամբ ավելի քիչ են քաղցը հագեցնում: Բարձր կալորիաներով կենդանական ճարպեր են սերուցքային կարագը, մարգարինը, մայոնեզը և ճարպոտ միսը: Պետք է խուսափել սառեցված և պահածոյված մթերքների օգտագործումից: Անհրաժեշտ է նախընտրությունը տալ բուսական յուղերին, սակայն պետք է հաշվի առնել, որ վերջիններիս կալորիականությունը գերազանցում է կենդանական ծագման ճարպերին: Ճարպերի օրական կալորիականության բաժնեմասը չպետք է գերազանցի ընդհանուր սննդակարգի 30%-ը: 

 

Ածխաջրատներ

 

Ածխաջրատների պահանջը լրացվում է հիմնականում չյուրացվող` բջջանք, թաղանթանյութ պարունակող մթերքի, վիտամիններով հարուստ և քաղցի զգացումը հագեցնող սննդամթերքի հաշվին` հացահատիկ, թեփ, ցորեն, աշորա, բանջարեղեն, կանաչեղեն, հատապտուղներ, մրգեր: Մրգերի չափից ավելի օգտագործումը կարող է բերել կալորիաների օրական բաժնեմասի ավելացման: Ածխաջրատների օրվա բաժնեմասը պետք է կազմի ընդհանուր սննդակարգի 50%-ը:

 

Օսլա

 

Օսլան, որը պարունակում են կարտոֆիլը, հացը և ձավարեղենը, օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում: Անհրաժեշտ է սահմանափակել նաև արագ յուրացվող ածխաջրատներով հարուստ սննդամթերքի` շաքարի, խմորեղենի, քաղցր հեղուկների, գարեջրի քանակը: 

 

Սպիտակուցներ

 

Սպիտակուցների սպառումը, որպես կանոն, շտկման կարիք չի պահանջում: Կենդանական ծագման սպիտակուցի հիմնական աղբյուրը ճարպազերծված կաթնամթերքն ու պանիրն են, ինչպես նաև անյուղ միսը, թռչնամիսը, ձկնեղենը: Նախընտրությունը պետք է տալ ծովային սննդամթերքին: Բուսական ծագման սպիտակուցներ են ընդեղենը և հացահատիկային կուլտուրաները (ցորեն, հաճար): Սպիտակուցների օրական բաժնեմասը պետք է կազմի ընդհանուր սննդակարգի 20%-ը: Մարմնի քաշի ավելացմանը նպաստում է նաև ալկոհոլի օգտագործումը, որի օքսիդացումը խոչընդոտում է սննդի մյուս բաղադրիչների` առաջին հերթին ճարպերի օքսիդացմանը: 

 

Ճարպակալման բուժումը

 

Ճարպակալման դեմ պայքարի ամենապարզ ու մատչելի մեթոդներից մեկը օրագիր վարելն է, որտեղ կնշվի, թե ինչ եք կերել և ինչ նպատակով: Օրագիրը թույլ կտա հետևել վարքագծին և հասկանալ, որ իրականում տվյալ օրը կերած բազմաթիվ ճաշատեսակներից միայն երեքն է օգտագործվել քաղցը հագեցնելու նպատակով: Մյուսներն, ըստ էության, օգտագործվել են կամ իներցիայով, կամ զայրույթի ու վիրավորանքի պահին և կամ սառնարանի կողքով անտարբեր չանցնելու պատճառով:

 

Ճարպակալումը բուժելիս սննդակարգին զուգակցում են շարժողական ռեժիմը: Օգտակար են առավոտյան մարմնամարզությունը, քայլքը, դահուկասահքն ու հեծանվավազքը, ջրաբուժությունը` ջրցանումը, ցնցուղը, լողը, ստորջրյա ցնցուղով մերսումը, սաունան, ինքնամերսումը, ռեֆլեքսաբուժությունը, ասեղնաբուժությունը, մարզական խաղերը, ցուցումների դեպքում` աղիքների մաքրումը և այլն: Պետք է բուժել նաև ուղեկցող հիվանդությունները: Քաշի կտրուկ նվազեցումը արդարացված չէ, քանի որ կարող է բերել անցանկալի, վտանգավոր հետևանքների: Խորհուրդ է տրվում սկզբնական շրջանում քաշը պակասեցնել դանդաղ` մեկ շաբաթվա ընթացքում 1,5 կգ, այդ ռեժիմը պահպանելով 6 ամիս: Ճիշտ սնման և շարժողական ակտիվ ռեժիմի պահպանման շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի, սակայն պետք է հետևողական լինել և այդ ռեժիմը պահպանել ամբողջ կյանքի ընթացքում, այլապես կրկին կկորցնեք ձեռք բերածը:

 

Հիշե´քոր ցանկացած միջոցով ինքնաբուժումը վտանգավոր է և կարող է վնաս հասցնել առողջությանը: 


Եվ, վերջապես, եթե արդեն որոշել եք նիհարել, հետ մի կանգնեք, գտեք ոսկե միջինը և կերեք ոչ թե երբ ցանկանում եք, այլ երբ անհրաժեշտ է: 

 

Ցանկացեք` և կլինեք առողջ ու գեղեցիկ:

 

Հեղինակ. Վարդանուշ Պետրոսյան դիետոլոգ-գաստրոէնտերոլոգ, ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ