Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2012

Լեհահայ բժիշկները եվ դեղագործները

Լեհահայ բժիշկները եվ դեղագործները

Փաստաթղթերը վկայում են, որ հայ բժիշկները հայտնի էին Լեհաստանում և համարվում էին երկրի ամենափորձառու բժիշկները: Պատմությունը պահպանել է XVI-XIX դարերում Լեհաստանի հայկական գաղթօջախներում ապրած մի շարք նշանավոր բժիշկների և դեղագործների անուններ:

 

Ժոզեֆուս Թորոսիեվիչ (1784/85-1869)

Հայտնի է նաև Յոզեֆ կամ Յուզեֆ Թորոսևիչ, Իոսիֆ Թորոսովիչ և Հովսեփ Թորոսյան անուններով:

 

Բժիշկ, բժշկության դոկտոր, հասարակական գործիչ, բարերար: Ծնվել է 1784/85թ., Գալիցիայի Լեմբերգ (Լվով) քաղաքում: Հայրը` Թեոդորոս Թորոսյանը վաճառական էր: Հովսեփը սկզբնական կրթությունը ստացել է Լեմբերգում: Սովորել է Լեմբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Հետագայում տեղափոխվել և ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որը բժշկության դոկտորի կոչումով ավարտել է 1810թ.: Երկար տարիներ որպես զինվորական բժիշկ ծառայել է Գալիցիայի բանակում: Զորացրվելուց հետո բժիշկ է աշխատել Գալիցիայի Ստանիսլավ քաղաքում, որտեղ աչքի է ընկել մասնագիտական բարձր գիտելիքներով և մարդասիրությամբ: Եղել է հանրահայտ բարեգործ: Աղքատ և որբ հայ պատանիներին կրթություն տալու նպատակով, հայ հոգևորական Կայետան Կայետանովիչի (1817-1900) հետ միասին, սեփական միջոցներով հիմնադրել և 1865թ. փետրվարի 9-ին Լվովի Լեսյա Ուկրաինկայի փողոցի N 21 տանը բացել է «Թորոսյան դպրոցական հիմնարկությունը», որը ըստ էության լինելով գիշերօթիկ դպրոց (ինստիտուտ, հայոց ուսումնագիտական հաստատություն, կրթական համալիր), իր գոյության երկար տարիների ընթացքում հայեցի դաստիարակել է բազմաթիվ հայ պատանիների: Դպրոցը գործել է մինչև 1914թ.: 

  

Թորոսիևիչը մեծ դեր է կատարել տեղական հանքային ջրերի ուսումնասիրության և բուժական նպատակներով կիրառման գործում, որոնցից մեկը կոչվել է նրա անունով: 1812թ. պարգևատրվել է «Վիրտուտիմիլիտարի» մեդալով: Ամուսնացած չի եղել:

 

Մահացել է 1869թ. մայիսի 25-ին, Լվովում, որտեղի Լիչակովյան գերեզմանատանն էլ կողք կողքի գտնվում են նրա և Կայետան Կայետանովիչի դամբարանները: Թորոսիևիչի մահարձանին պատկերված է աթոռին նստած հայ գյուղացու տարազով ծերունի` գրկին երկու գանգրահեր մանուկներ, որոնք նայում են նրան: Պատվանդանին ագուցված սալաքարին լեհերեն փորագրված է.«ժոզեֆ Թորոսիևիչ, բժշկության դոկտոր, Հայոց ուսումնագիտական հաստատության հիմնադիր. 1784-1869»: Մարմարյա կիսանդրին դրված է հայկական եկեղեցու բակում: Լվովի հայկական սբ. Աստվածածին եկեղեցու հարավային սյունասրահի արևելյան հատվածում` պատի վրա ագուցված է նրա դիմաքանդակը, որի տակի մարմարե սալաքարին կա լեհերեն արձանագրություն. «Դր. ժոզեֆուս Թորոսիևիչ/ Ինստիտուտի հիմնադիր ... Ծնվ. 1785, մահ. 1869»:

 

Թեոդոր Թորոսեվիչ (1789-1876)

Հայտնի է նաև Թեոդորոս Բոգդանովիչ Թորոսևիչ կամ Թադևոս Ասատուրի Թորոսյան անուններով:

 

Բժիշկ, դեղագետ, քիմիկոս, գյուտարար, հանքային ջրերի հայտնի ուսումնասիրող, հասարակական գործիչ: Ծնվել Է 1789թ., Ստանիսլավ (Իվանովո-Ֆրանկովսկ) քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել Է տեղի գիմնազիայում: 1812թ. ավարտել Է Վիեննայի համալսարանի քիմիադեղագործական ֆակուլտետը: 1815թ. որպես դեղագործ աշխատել Է Լվովի տարբեր դեղատներում: 1819թ. Լվովի Լիչակովսկու փողոցի N 3 տանը բացել է քաղաքի N 9 դեղատունը, որտեղ կահավորել է հոյակապ լաբորատորիա և ծավալել արդյունավետ գիտահետազոտական գործունեություն: Այսօր դա Լվովի N 12 դեղատունն է: Ուսումնասիրել է ապակիների տարբեր հատկությունները, և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր և դեղին ապակի: 1836թ. աշխարհում առաջինն է ապացուցել, որ լաբորատոր նպատակներով արդյունավետ է շագանակագույն ապակի կիրառել: Հանդիսանում է Տրուսկավեցի, Նեմիրովի, Շկլոի, Դրոգոբիչի և Լեհաստանի մյուս առողջարանների հանքային ջրերի բուժիչ հատկությունների առաջին ուսումնասիրողներից մեկը: Տրուսկավեցում կատարել է «Ֆերդինանտ»,«Մարիա»,«Նավթա» («Նավթուսյա») հանքային աղբյուրների ջրերի քիմիական հետազոտությունը: Դրանց շրջակայքում հայտնաբերել է հանքամոմի հարուստ պաշար, որը նպաստել է Լեհաստանում օծանելիքի արտադրության զարգացմանը: Հեղինակ է բնագիտությանը և քիմիային վերաբերող 106 գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից ամենաարժեքավորը «Գալիցիայի թագավորության և Բուկովինայի հանքային աղբյուրներն ու դրանց ֆիզիկա-քիմիական բաղադրությունը» մենագրությունն է: Եղել է մի շարք գիտական ընկերությունների անդամ: Գիտական հայտնագործությունների համար արժանացել է բազմաթիվ պարգևների: Ակտիվորեն մասնակցել է Լվովի հասարակական կյանքին:

 

Մահացել է 1876թ., Լվովում: Թաղված է Լիչակովյան գերեզմանատանը: Մահարձանին լեհերեն գրված է.«Թեոդոր Թորոսևիչ, լվովյան դեղագործ: Փառք նրա հիշատակին»:

 

Լվովի դեղատնային գործի պատմության թանգարանում ցուցադրված են բժշկության աստված Ասկլեպիոսի և նրա դուստր Հիգիեայի բրոնզե արձանները, որոնք պատկանել են Թեոդոր Թորոսևիչի N 9 դեղատանը: Տրուսկավեց քաղաքում և Լվովշչինայում այսօր էլ հարգում են նրա հիշատակը, որպես մեկը նրանցից, ովքեր վերհանեցին «Նաֆտուսի» ջրի մի շարք արժեքավոր հատկություններ: Նրա դիմանկարը, որ կատարել է Ա. Ռեյխմանը, պահվում է պատմության թանգարանում, իսկ Լվովի բժշկական ինստիտուտի թանգարանում ցուցադրված է նրա կիսանդրին: 1977թ. հունիսի սկզբին, երբ Տրուսկավեց քաղաքում նշվում էր առողջարանի հիմնադրման 150-ամյակը, քաղաքային զբոսայգու հանքային ջրերի ըմպելասրահի պատին փակցվեց բրոնզե հուշատախտակ` Թորոսևիչի դիմանկարով և ռուսերեն գրությամբ.«Տրուսկավեց առողջարանի բուժիչ հանքային ջրերի առաջին ուսումնասիրողին` Թեոդոր Թորոսևիչին, առողջարանի 150-ամյակի առթիվ. 1827-1977»: 1989թ. հանդիսավորությամբ նշվել է նրա ծննդյան 200-ամյակը: Լվովում նրա անունով փողոց կա:

 

 

Իգնացի Լուկասիեվիչ (1822-1882)

Հայտնի է նաև Իգնատի Լուկաշևիչ անունով:

 

Հանրահայտ դեղագործ, գյուտարար: Ծնվել է 1822թ. մարտի 8-ին, ոչ հարուստ հայի ընտանիքում: Եղել է Սվիետլիկներ Յուզեֆի և Ապոլինայի 6-րդ զավակը: 1832-36թթ. սովորել է ժեշով քաղաքի գիմնազիայում: Հոր մահից հետո նյութական դժվարությունների պատճառով ուսումը կիսատ է թողել: 1836-46թթ. աշխատել է Լանցուտայի և ժեշովի դեղատներում, որպես դեղագործի օգնական: 1840թ., քննություն է հանձնել դեղագործի օգնական աշխատելու համար:

 

1837թ. անդամագրվել է «Լեհական ազգի համընդհանուր կոնֆեդերացիային»: 1840թ. կապված հայրենասիրական գործունեության հետ, ենթարկվել է ոստիկանական հետաքննության: Ազգային ազատագրական շարժմանը մասնակցելու պատճառով 1846-47թթ. ձերբակալվել և կալանավորվել է ժեշովի, ապա Լվովի բանտերում և ապացույցներ չլինելու պատճառով ազատ արձակվել:

 

1848թ. վերադարձել է դեղագործի օգնականի նախկին աշխատանքին: 1850թ. ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի դեղագործական ֆակուլտետը, իսկ 1852թ. վաղաժամկետ ստացել Վիեննայի համալսարանի դեղագործի դիպլոմ: 1854թ. դեղատուն է վարձել Գոռլիցեում, որտեղ 1855թ. խոլերայի համաճարակի ժամանակ զբաղվել է հիվանդների բուժմամբ: 1857թ., երբ ցանկացել է տեղափոխվել Յասլե, տեղի հրեաների խորհուրդը նրան առաջարկել է փոխհատուցել վարձակալած դեղատան գումարը, որպեսզի նա մնա Գոռլիցեում և շարունակի բուժել մարդկանց: 

 

Լուկասիևիչը համարվում է կերոսինի արդյունաբերության հիմնադիրը: 1853թ. հուլիսին Լվովում, Պիոտր Միկոլասխայի դեղատան լաբորատորիայում, աշխարհում առաջին անգամ, նավթի ֆրակցիայից ստացել է կերոսին: 1853թ. հուլիսի 31-ին, Լվովի գավառային հիվանդանոցում սեփական նախագծով պատրաստած լամպը լիցքավորելով իր ստացած կերոսինով, այն կիրառել Է լուսավորության նպատակով, որը համարվում Է այդ ժամանակաշրջանի համաշխարհային տեխնիկայի նվաճումներից մեկը: Այդ լամպը այսօր ցուցադրված է Լեհաստանի Կրոսնո քաղաքի թանգարանում: 1854թ. Հարավ-արևելյան Լեհաստանի Կրոսնոյի շրջանի Բուբրկա տեղանքում հորատել Է առաջին նավթահորերը և կազմակերպել նավթի արդյունահանումը: 1862թ. Եվրոպայում առաջինն է կիրառել հորատանցքի փորման ամերիկյան եղանակը: 1880թ. Գոռլիցեում հիմնել է Լեռնային արդյունաբերության աջակցման ու զարգացման նավթային ընկերությունը, որը 1882թ.-ից հրատարակել է ՙԳոռնիկ՚ ամսագիրը: Մինչև կյանքի վերջին օրերը շարունակել է գիտական պրպտումները, ակտիվորեն մասնակցել հասարակական և բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին: 1857թ. ամուսնացել է Հոնորատա Ստախերսկայի հետ: 1873թ. Վիեննայի համընդհանուր ցուցահանդեսում Լուկասիևիչը արժանացել է միջազգային մեդալի: 1876թ. եղել է Լվովի Ազգային սեյմի պատգամավորի թեկնածու:

 

Մահացել է 1882թ. դեկտեմբերի 7-ին, Խոռուվկայում: Թաղված է Զրեցինայի մոտակայքում, որտեղ եկեղեցի էր կառուցել: Կրակովի դեղագործության թանգարանում պահվում են այս հանճարեղ հայորդուն պատկանած կահույքը, դիմանկարները, ձեռագրերը, հուշամեդալները: Նրան կոչել են մարդ, որը «լույս պոկեց հողից»: Լեհաստանի տարբեր քաղաքներում կան նրան նվիրված հիշարժան վայրեր, հուշաթանգարաններ, հուշարձաններ, հուշատախտակներ, մեդալներ, գրքեր: Նրա անունով է կոչվում Լեհաստանի Լոնժկու Օրդինացկում գտնվող դեղագործական դպրոցը:

 

1878թ. Կրակովում թողարկվել է Լեհաստանի նավթարդյունաբերության 25-ամյակին նվիրված հոբելյանական մեդալը, որի մեկ օրինակը պահվում է Վիեննայի հայկական Մխիթարյան միաբանության թանգարանում:

  

Հեղինակ. Հարություն Մինասյան «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սիրելի ընթերցող
Սիրելի ընթերցող

Ավարտին է մոտենում 2012 թվականը: Մեր հանդեսի միջոցով ձեզ հետ սկսված երկխոսությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև 2013-ին...

Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները
Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի մոտ վերջերս մարզային առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների ու բացթողումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը...

Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում

ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը...

Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները
Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն...

Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում
Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը...

Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...
Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ...

Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը
Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը

Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է...

Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել
Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին...

Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում

Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:

Ա. Տոնապետյան...

Վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների արդյունավետ ու անվտանգ բուժումը կլարիտրոմիցինով

Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները...

Ակնթարթ, որը տարիներ արժե...
Ակնթարթ, որը տարիներ արժե...

Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ...

Դաշտանային պարբերաշրջան

Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին...

Ինչպես ընտրել ատամի պրոթեզը

Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն...

Ամուսնական դավաճանություն
Ամուսնական դավաճանություն

Դավաճանությունը գուցե ներում են, բայց չեն մոռանում

Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխությունների մասին, և միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը...

Ինչու են ներաճում եղունգները
Ինչու են ներաճում եղունգները

Ներաճած եղունգ կամ եղունգի ներաճում հիվանդությունն ըստ էության արտահայտվում է հարևան փափուկ հյուսվածքի մեջ եղունգաթերթիկի եզրային-ծայրային հատվածի ներաճով, որի հետևանքով զարգանում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ ախտանիշներ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ