Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը

Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը

Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է, որում ներառվում են անհատի ֆիզիոլոգիական առողջության, հոգեբանական վիճակի, ազատության մակարդակի, փոխհարաբերությունների, շրջակա միջավայրի հետ ներդաշնակության և այլ համալիր մոտեցումները:

 

Ինչ են կենսաբանորեն ակտիվ հավելումները և ինչու են դրանք անհրաժեշտ

 

Օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ են 600-ից ավելի սննդանյութեր, որոնց մեծ մասն օրգանիզմը ստանում է սննդի միջոցով: Պետք է հաշվի առնել, սակայն, որ ժամանակակից մարդու սննդի օրաբաժինը թույլ չի տալիս լիովին ապահովել անհրաժեշտ վիտամինների ու միկրոտարրերի քանակը բացառապես թարմ մթերքից բաղկացած սննդակարգի միջոցով, քանի որ վերջին հարյուր տարվա ընթացքում դրանց քանակը սննդամթերքում նվազել է և չի համապատասխանում շուկայական նորմերին ու ստանդարտներին: Աշխարհի բնակչության մեծ մասի մոտ առկա է վիտամինների, հանքային նյութերի, միկրոտարրերի` հատկապես սելենի, երկաթի, ֆոլաթթվի, բետա-կարոտինի անբավարարություն: Դա պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են ոչ բերրի հողատարածքների ավելացումը, թունաքիմիկատների օգտագործումը, բերքի ոչ ռացիոնալ պահպանումը և այլն: Այլ կերպ ասած` անհնար է դառնում հավասարակշռված սննդակարգի պահպանումը:

 

Կենսաբանորեն ակտիվ հավելումները բնական, ակտիվ խտանյութեր են` նախատեսված սննդի տեսականին հատուկ ընտրված նյութերով հարստացնելու նպատակով` անմիջական օգտագործման կամ սննդամթերքի մեջ ներառելու համար: Դրանք ստացվում են բուսական, կենդանական կամ հանքային հումքից, ինչպես նաև քիմիական կամ կենսատեխնոլոգիական ճանապարհով: ԿԱՀ-ի օգտագործումը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, լրացնում միկրոտարրերի, վիտամինների, ամինաթթուների, ֆերմենտների, ճարպաթթուների քրոնիկական պակասը:

 

ԿԱՀ-ի փորձաքննության և օգտագործման վերահսկման կարևորությունը

 

Չպետք է մոռանալ, որ թեև ԿԱՀ-ը դեղեր չեն, այնուամենայնիվ դրանց օգտագործման վերահսկումը և սպառողների պաշտպանությունը խիստ կարևոր են, որոնք տարբեր երկրներում իրականացվում են տարբեր եղանակներով: Դեղագործական շուկայում հայտնվելով 1994-ին, ԿԱՀ-ը կիրառվել են առանց սահմանափակումների ու հսկողության և մինչև 1996թ. գտնվում էին ստվերային սեկտորում: Դրանց սպառման աննախադեպ աճով թելադրվեց պարբերական հսկողության անհրաժեշտությունը, որն իրականացվեց 2002/46/EC հրահանգի համաձայն: Դրանում տրված են ԿԱՀ-ի սահմանումը, փաթեթավորման, վիտամինների, հանքային նյութերի և այլ բաղադրիչների, ինչպես նաև գովազդի նկատմամբ պահանջները: 

 

Սննդամթերքի և բժշկական արտադրանքի տարանջատումը Եվրամիության անդամ երկրների իրավունքն է (Եվրոպական դատարանի 2005թ. հունիսի 5-ի որոշում): ԿԱՀ-ի փաթեթի վրա գրված հրահանգի համաձայն, այլ նյութերից բացի, պարտադիր են «Կենսաբանորեն ակտիվ հավելում» բառակապակցության առկայությունը, բոլոր բաղադրիչների ցանկը, նշելով դրանց կոդերը (E` քանակ,«բուրավետիչ»,«հակաօքսիդանտ» և այլն), ինչպես նաև հնարավոր ալերգենների, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների մասին տեղեկություններ և այլն: 

 

ԿԱՀ-ում կարող են պարունակվել միայն հրահանգում թվարկված վիտամիններն ու հանքանյութերը: Նույն հրահանգի համաձայն, ԿԱՀ-ի օգտագործումը թույլատրվում է հետևյալ ցուցումների դեպքում. օրգանիզմի կենսունակությունը ապահովող անհրաժեշտ նյութերի պակասը լրացնելու, բնականոն գործունեության վրա բարենպաստ ազդեցության, ընդհանուր առողջարարական ազդեցության նպատակով:

 

Հատուկ նշվում է այն մասին, որ ԿԱՀ-ը չեն նշանակվում հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով:

 

Հաշվի առնելով ԿԱՀ-ի` առանց հսկողության, ազատ օգտագործման վտանգը, ՀՀ Կառավարությունը 2001թ. ընդունեց որոշում ՙՀայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին՚, որով ղեկավարվում են ԿԱՀ-ի գրանցման ժամանակ:

 

ԿԱՀ-ի տարածման և վաճառքի հիմնական ճանապարհը ՀՀ-ում ցանցային մարկետինգն է (83,4%), որի հետևանքով ավելանում են դրանց ոչ ճիշտ նշանակման և օգտագործման դեպքերը:

 

Որոշակի վտանգ է ներկայացնում նաև ԿԱՀ-ի ոչ համարժեք պիտակավորումը, որը սպառողի մոտ տարակուսանք է առաջացնում` պարբերաբար հսկողություն չիրականացնելու դեպքում ոչ ոք չի կարող համոզված լինել, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնել է արդյունավետ ու անվտանգ` հատկապես բազմաբաղադրիչ հավելում: 

 

ԿԱՀ-ի գրանցման ժամանակ փորձաքննություն է անցկացվում և հնարավորություն ընձեռվում օբյեկտիվորեն գնահատելու դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը:

 

ԿԱՀ-ի օգտագործման դեպքում ռիսկի հիմնական գործոններն են.

 

  • բուսական հումքի ցածր որակը,
  • բույսի սխալ պիտակավորումը և ԿԱՀ-ի բաղադրության մեջ հազվադեպ հանդիպող բույսերի առկայությունը,
  • ակտիվ բաղադրիչների քանակության տատանումները,
  • ծանր մետաղներով հագեցվածությունը,
  • չհայտարարագրված, դեղատոմսով դուրս գրվող, հակառակ ախտանիշներ առաջացնող (ալոպաթիկ) դեղամիջոցների օգտագործումը,
  • զուգահեռ ընդունվող դեղերի հետ փոխազդեցությունը,
  • որոշ բուսական բաղադրիչներին բնորոշ թունայնությունը,
  • ԿԱՀ-ի մասին ապացուցողական բժշկության վրա հիմնված տվյալների պակասը: 

 

Վերը նշված գործոնները կարող են տարբեր խնդիրների առաջացման պատճառ դառնալ, որոնց ժամանակ է պարբերական հսկողություն պահանջվում: Անվտանգության մասին ապացույցներ չլինելու, հազվադեպ հանդիպող, չհետազոտված բաղադրիչների առկայության դեպքում ակտիվ բաղադրիչների թույլատրելի սահմանի գերազանցումը և մի շարք այլ թերություններ հայտերի շեղման պատճառ դարձան, որ ՀՀ-ում որոշ ԿԱՀ-ի հայտեր չերաշխավորվեն գրանցելու համար:

 

Բացի այդ, հաշվի առնելով վերջին շրջանում տարբեր երկրներում ԿԱՀ-ի օգտագործման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների բազմաթիվ փաստերը, դեղագործական շուկայում հայտնված` կեղծված ԿԱՀ-ի մասին տեղեկությունները, Եվրամիության` բուսական ծագման դեղամիջոցների և սննդային հավելումների ուղեցույցները, ՀՀ ԱՆ 2003թ. մարտի 28-ի N181 հրամանի հիման վրա ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը իրականացնում է որոշ` առավել ռիսկային ԿԱՀ-ի խմբերի լաբորատոր փորձաքննություն: Դրանցից են` կենտրոնական նյարդային համակարգը խթանող և հանգստացնող, արյան մեջ գլուկոզայի քանակը նվազեցնող, մարմնի կեցվածքը բարելավող, մարմնի քաշը նվազեցնող, հոդաբորբը և սեռական ֆունկցիան կարգավորող ԿԱՀ-ը: 

 

Բացի կեղծված արտադրանքի շուկա ներթափանցելուց, կա ևս մեկ վտանգ` ԿԱՀ-ի հնարավոր օգտագործումը որպես կենսաահաբեկչության գործիք: ԿԱՀ-ի գրանցման ընթացքում կատարվում է ներկայացված նմուշի լաբորատոր քննություն, որից հետո իրականացվում է դեղագործական շուկայի հսկողություն, որը թույլ կտա կանխել դրանց օգտագործումը որպես կենսաահաբեկչության միջոց:

 

Հիշե´ք

 

  • ԿԱՀ-ը դեղամնիջոցներ չեն և նախատեսված չեն հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար:
  • ԿԱՀ-ի օգտագործումը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, լրացնում միկրոտարրերի, վիտամինների, ամինաթթուների, ֆերմենտների, ճարպաթթուների պակասը:
  • Շուկայի կարգավորումն ուղղված է սպառողին անվտանգ և որակյալ ԿԱՀ-ով ապահովելուն: 
  • Ապացուցված չէ ԿԱՀ-ի անվտանգությունը մինչև 12 տարեկան երեխաների և հղի կանանց համար:
  • Չնայած ԿԱՀ-ի օգտակարության մասին բազմաթիվ վկայությունների, բացակայում են հսկվող կլինիկական փորձարկումների տվյալները, որոնք թույլ կտային գնահատել ԿԱՀ-ից ստացված արդյունքը (ռիսկ/օգուտ հարաբերակցություն): 
  • ԿԱՀ-ի գրանցման ընթացքում կատարվող լաբորատոր քննությունը և դեղագործական շուկայի հսկողությունը հնարավոր կդարձնեն կանխել կեղծ ու անորակ հումքի ներթափանցումը:
 

Հեղինակ. բ.գ.դ., պրոֆեսոր Էլմիրա Ամրոյան ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ