Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: Այս անհրաժեշտությամբ է թելադրված յուրաքանչյուրի` անկախ բնակության վայրից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից և այլ հանգամանքներից, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարևորությունը: 

 

Հիշյալ ենթատեքստում հարկ է նշել, որ գոյություն ունեն մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնք ուղղված են մարդու բժշկական օգնության և սպասարկման իրավունքի երաշխավորմանը` անկախ գտնվելու վայրից: 

 

Այդպիսիներից է «Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին» Եվրոպական կոնվենցիան, որի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ կոնվենցիայի կողմերը, հաշվի առնելով առողջության հետ կապված խնդիրներն ու առկա ռեսուրսները, պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ օրենսդրությամբ սահմանված կարգով` ապահովելու համապատասխան որակի բժշկական օգնության և սպասարկման հավասար հասանելիություն:

 

Մարդու առողջության հետ կապված խնդիրներին համապատասխան անհրաժեշտ առողջապահական ծառայությունների մատչելիության իրավունքն ամրագրված է նաև Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիայում: Այս փաստաթղթի դրույթների համաձայն` բոլորի համար պետք է երաշխավորվի առողջապահական ծառայությունների հավասար մատչելիություն` առանց խտրականության (ֆինանսական միջոցներ, բնակության վայր, հիվանդության տեսակ ծառայություններից օգտվելու ժամանակ):

 

Այսպիսով` վերոնշյալ միջազգային փաստաթղթերով նախատեսվում է բժշկական օգնության և սպասարկման հասանելիությունը` անկախ անձի բնակության վայրից և ֆինանսական միջոցներից:

 

Միաժամանակ տարբեր երկրների հետ համագործակցության շրջանակներում համապատասխան երկրի օտարերկրյա քաղաքացիները կարող են օգտվել մի շարք արտոնություններից:

 

Այսպես` ՀՀ և ՌԴ միջև «Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ մշտական բնակիչը օգտվում է նույն իրավունքներից ու ազատություններից և կրում է նույն պարտականությունները, ինչ բնակության կողմի քաղաքացիները` պայմանագրով սահմանված բացառություններով:

 

Նկատի ունենալով, որ պայմանագրով բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ որևէ բացառություն չի նախատեսվում, ՀՀ տարածքում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիներն օգտվում են բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ նույն իրավունքներից, ինչ ՀՀ քաղաքացիները:

 

Ինչ վերաբերում է ներպետական իրավական ակտերին, ապա ՀՀ սահմանադրությամբ նախատեսվում է օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման իրավունքը: 

 

Այսպես` ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն`«Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով»: Ընդ որում` հոդվածի բովանդակությունից բխում է, որ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը վերապահվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Մասնավորապես` վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն`«Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ՀՀ-ում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»:

 

Նույն օրենքի 15-րդ հոդվածը հստակեցնում է վերոնշյալ դրույթը` նախատեսելով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար:

 

Ինչ վերաբերում է բժշկական օգնության և սպասարկման տեսակներին և ծավալին, ապա առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններն օտարերկրյա քաղաքացիների համար կարող են իրականացվել վճարովի հիմունքներով: Մասնավորապես` ՀՀ Կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն`«Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ընտրել ԱԱՊ բժիշկ` սույն կարգով սահմանված ընթացակարգով, գրանցվել նրա մոտ և վճարովի հիմունքներով, ըստ բժշկական հաստատության կողմից սահմանված գնացուցակի, օգտվել ԱԱՊ և առաջնային բուժօգնության այլ ծառայություններից, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով»:

 

Այսպիսով` եթե օտարերկրյա քաղաքացին ցանկանում է օգտվել ԱԱՊ ծառայություններից, վերջինս կարող է ընտրել և գրանցվել ԱԱՊ բժշկի մոտ և ստանալ համապատասխան ծառայությունները վճարովի հիմունքներով, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

 

Մասնագիտացված բժշկական օգնությունն օտարերկրյա քաղաքացիների համար նույնպես իրականացվում է վճարովի հիմունքներով: 

 

Միևնույն ժամանակ վերոնշյալ օրենքի 11-րդ հոդվածով ամրագրվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապելու դեպքում անվճար, պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու և այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում բուժվելու իրավունքը: Ինչ վերաբերում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկին, ապա վերջինս, ՀՀ Կառավարության 2001թ. դեկտեմբերի 27-ի N 1286 որոշման համաձայն, ներառում է ժանտախտը, խոլերան, դիֆթերիան, տուլարեմիան և մի շարք այլ հիվանդություններ:

 

Հարկ է նշել, որ օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման իրավունքի ենթատեքստում ներկայումս լայնորեն քննարկվում է ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց (սփյուռքահայ)` ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Մասնավորապես` ներկայումս բավականին արդիական է Սիրիայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ հայրենակիցների ժամանումը Հայաստան, որի շրջանակներում ի հայտ է գալիս բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հարցը:

 

Վերոհիշյալի առնչությամբ հարկ է նշել, որ սիրիահայերի և ընդհանրապես սփյուռքահայերի կարգավիճակը բժշկական օգնության և սպասարկման իրավունքի տեսանկյունից հավասարեցվում է մյուս օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակին: Այսինքն` վերջիններս օգտվում են նույն իրավունքներից և բժշկական օգնության և սպասարկման ծավալից, ինչ օտարերկրյա քաղաքացիները: Միաժամանակ, նկատի ունենալով, որ մեր հայրենակիցները մշտական բնակություն հաստատելով ՀՀ-ում, սակայն դեռևս քաղաքացու կարգավիճակ ձեռք բերած չլինելով, կարիք են ունենում համապատասխան բժշկական օգնության և սպասարկման, անհրաժեշտ է որևէ կերպ ամրագրել ՀՀ-ում վերջիններիս հատուկ կարգավիճակը ՀՀ-ում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս: 

 

Միաժամանակ օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը քննարկելիս հարկ է անդրադառնալ բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս գործնականում առաջացող խնդրին, մասնավորապես` գնային խտրականության հարցին: Այսպես` հաճախ բժշկական հաստատություններն օտարերկրյա քաղաքացիների համար բժշկական օգնության համապատասխան տեսակը ստանալու համար սահմանում են ավելի բարձր գներ, քան ՀՀ քաղաքացիների համար, որը խտրականության օրինակ է և հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մասնավորապես` օտարերկրյա քաղաքացիները ՀՀ քաղաքացիներին հավասար կարող են ստանալ բժշկական օգնություն և սպասարկում բժշկական հաստատության կողմից սահմանված գնացուցակին համապատասխան:

 

Ամփոփելով վերոնշյալը` պետք է ասել, որ ընդհանուր առմամբ օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման խնդիրները հավուր պատշաճի ուշադրության են առնված ՀՀ-ում, և նրանց համապատասխան իրավունքներն ամրագրված են ՀՀ սահմանադրությամբ ու գործող իրավական ակտերով:

 

Հեղինակ. Սուրեն Քրմոյան ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Անի Մանուչարյան ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչություն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ