Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեբանի մոտ

Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)

Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)

Գյուտերի հեղինակներ դարձած երեխաները հունվարի 17-ին ամբողջ աշխարհում հատուկ ուշադրության են արժանանում. այսօր նշվում է Մանկական գյուտերի օրը:


Մեդ-Պրակտիկը փորձեց մասնագետներից պարզել, թե Հայաստանում ինչ գյուտերի հեղինակներ են դառնում երեխաները, հոգեբանական ինչ առանձնահատկություններ ունեն նրանք, ինչպիսի մոտեցումներ կան գյուտարար և առհասարակ օժտված երեխաների հանդեպ մեր իրականությունում:


Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը  (լուսանկարը՝ aravot.am) մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ անչափահասի կողմից գյուտի գրանցում Հայաստանում վերջին անգամ եղել է 2006 թվականին: Գյուտը ներկայացնում է փոքրամարմին թռչունների համար նախատեսված կերաման, որը բացառում է խոշոր թռչունների մուտքը:


Մտավոր սեփականության պետի տեղակալի խոսքով՝ գյուտի գրանցման հարցում երեխաների համար որևէ առանձնահատկություն նախատեսված չէ, սակայն գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին ՀՀ օրենսդրությամբ բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծված բոլորի համար: Հատուկ խրախուսման քաղաքականություն ևս չկա, քանի որ, ինչպես մեկնաբանեց Անդրանիկ Խաչիկյանը, երբ մարդիկ որևէ գյուտի արտոնագիր են ստանում, միաժամանակ ստանում են օգտագործման նկատմամբ բացառիկ իրավունքներ. այն ինքնըստինքյան վերածվում է շուկայի ապրանքի: Այլ էր Խորհրդային Միության ժամանակ, երբ բոլոր իրավունքները պատկանում էին պետությանը, և տարեկան 1000-1200 հայտ ուղարկվում էր Հայաստանից Մոսկվա՝ հաստատման: Այսօր, Մտավոր սեփականության գործակալության տվյալներով, Հայաստանում տարեկան ներկայացվում է մոտ 150 հայտ: «Նախկինում կային գիտական-ստեղծագործական խմբակներ, որոնք ևս մեծ դեր ունեին երեխաների շրջանում համապատասխան հակումներ առաջացնելու գործում: …Նաև արժեհամակարգի հարց է, որը փոխվել է»,- նկատեց Անդրանիկ Խաչիկյանը:

Երեխաների ընդունակությունների զարգացման, օժտվածության մասին զրուցեցինք հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանի (լուսանկարը՝ zruyc.com) հետ:

–   Պարոն Պողոսյան, որպես հոգեբան, ի՞նչ եք կարծում, պե՞տք է օժտված երեխաներին հատուկ ուշադրություն դարձնել, առանձնացնել:

–   Պրակտիկայում հանդիպում են երեխաներ, ովքեր առանձնահատուկ ուժեղ ընդունակություններ, օժտվածություն ունեն: Կարծում եմ՝ նրանց հատուկ ուշադրության պետք է արժանացնել, մասնավորապես՝ դպրոցում լրացուցիչ գիտելիքներ ստանալու հնարավորություն ստեղծել, այլապես նրանք պարզապես կսկսեն ձանձրանալ: Պատմության մեջ այդպիսի դեպքեր շատ են եղել, օրինակ՝ հենց Զիգմունդ Ֆրոյդը՝ հայտնի հոգեվերլուծաբան, բժիշկ, հրաշամանուկ է եղել, դա նկատել են ծնողները և նրա համար բացառիկ պայմաններ ստեղծել:

–   Երեխաների օժտվածության հետագա զարգացման հնարավորություններն ինչպիսի՞ն են, ի՞նչ հավանականություն կա, որ արդեն հասուն տարիքում կպահպահվեն այդ ընդունակությունները:


–   Պետք է նշեմ, որ հետագայում նրանցից հանճարներ քիչ են լինում: Նման երեխաները դառնում են իրենց ոլորտում լավ մասնագետներ, բայց միանշանակ պնդել, որ այդ բացառիկությունը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում, սխալ կլինի: Այդ ուղղությամբ կատարված բազմաթիվ հետազոտություններ կան: Ընդունակությունների չհապանվելու պատճառ կարող են դառնալ սոցիալական պայմանները, նաև բնավորության գծերի առանձնահատկությունները: Հոգեկան առանձնահատկությունների որոշ զարգացումներ կարող են նպաստավոր չլինել մարդու օժտվածության հետագա զարգացման համար:

–   Երբ ծնողները բացառիկ ունակություններ են նկատում երեխայի մոտ, սովորաբար փորձում են ճնշել դրանք՝  նորմալ չհամարելով: Ո՞րն է Ձեր մոտեցումն այս հարցում:


–   Նման դեպքեր իսկապես շատ են լինում: Օժտված երեխան կարող է լինել ոչ այնքան շփվող, ներանձնացած, անգամ տարօրինակ վարքագծով: Շատ չեն խաղում, նրանց այնքան էլ չեն հետաքրքրում հասակակիցները:


Թեև հատուկ ուշադրություն պետք է դարձնել այդ երեխաներին, բայց երբեք չանել դա՝ մեկուսացնելով սոցիալական դաշտից: Պետք է ոչ թե մեծարել, այլ՝ գնահատել:


Որպես հոգեբան՝ ես հակված եմ, որ այդ երեխաներն ակտիվորեն ներգրավվեն հասակակիցների հետ հարաբերություններում և անցնեն հոգեկան զարգացման բոլոր անհրաժեշտ փուլերը: Հայտնի հոգեբան Վիգոտսկին մի դեպք է պատմում, երբ իր մոտ են բերում մաթեմատիկական ունակություններով ակնհայտ օժտված երեխայի: Հոգեբանը հասկանում է, որ եթե այդ երեխայի առօրյան անցնի այնպես, որ նա միայն խնդիրներ լուծի փոքրիկ ծերուկի պես, շատ շուտով կկորցնի իր օժտվածությունը: Երեխան պետք է խաղա, շոշափի ռեալ աշխարհը. դա միայն կօգնի ընդունակությունների զարգացմանը:


Նման երեխաներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, բայց ոչ թե ծանրաբեռնելով, այլ գործնական բնույթի շփումներ ապահովելով, որպեսզի որպես անձ ամբողջական զարգանան:

–   Եթե ոչ գյուտարարությունը, ապա կրեատիվությունը ժամանակակից  աշխատաշուկայում բարձր է գնահատվում. ինչպե՞ս այն զարգացնել վաղ տարիքից:


-Ինչ վերաբերում է կրեատիվությանը, այն միայն խաղերով չէ, որ պետք է զարգացնել: Կրեատիվությունը զարգանում է աշխարհաճանաչողության միջոցով: Երեխային պետք է կարողանալ մշտապես պահել ռեալության մեջ: Օրինակ՝ կենդանիների հետ հանդիպում կազմակերպել ոչ թե նկարներով, մուլտֆիլմերով, այլ իրականում: Իրական հարաբերությունները, փոխներգործությունն են զարգացնում կրեատիվությունը:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ