Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեբանի մոտ

Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան

Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան

Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ՝ փորձելով հանրության ուշադրությունը կենտրոնացնել խոսքի այս տեսակ խանգարում ունեցողների խնդիրների վրա:

 

Մեզ հետ զրույցում այդ խնդիրներին անդրադարձավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը:

–   Ի՞նչ բնութագրություն ունի կակազությունը որպես խանգարում, և եթե հանդիպում է հարազատներից որևէ մեկի մոտ, ի՞նչ աստիճան անհանգստացնող է:

–   Կակազությունը արտաբերական ապարատի ջղաձգային խանգարումներով պայմանավորված՝ խոսքի տեմպի և ռիթմի խանգարումն է: Այն կարող է առաջանալ ամենառիսկային տարիք համարվող՝ 2-5 տարեկան երեխաների մոտ: Չնայած տարածված կարծիքին, թե տարիքի հետ անցնում է, նման խանգարում նկատելու դեպքում անմիջապես հարկավոր է դիմել մասնագետի: Բավարար չափով իրազեկվածության, ժամանակին համապատասխան գործողությունների դիմելու դեպքում  հնարավոր է արդյունավետորեն կանխարգելել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հաղթահարել կակազությունը:

–   Որո՞նք են կակազության առաջացման հիմնական պատճառները:

–   Կակազությունն առաջանում է նախատրամադրող գործոնների և առաջացնող  պատճառների միասնական ազդեցությամբ: Նախատրամադրող գործոններ են, օրինակ, ծնողների` նյարդային հիվանդությունների հանդեպ հակվածությունը, ժառանգականության գործոնը, երեխայի նյարդաախտաբանական առանձնահատկությունները, խոսքի ուշանալը, շուտ խոսելը: Նպաստող գործոններից է, օրինակ, ընտանիքում երկլեզվությունը, երեխայի ձախլիկության ճնշումը, առհասարակ՝ առաջատար ձեռքը փոխելը: Պատճառ կարող են դառնալ հոգեկան ապրումները, սթրեսները:

–   Կակազության տարածվածության ի՞նչ իրավիճակ եք տեսնում այսօր՝ Ձեր մասնագիտական պրակտիկայից ելնելով:

–   Տիրապետում եմ կակազության շտկման նոր մեթոդի, որի պատճառով կակազող մարդկանց հետ շփումը մեծ է: Սակայն միայն այդ փաստով առաջնորդվել ու ասել, որ կակազությունը տարածված է, ճիշտ չի լինի: Այնուամենայնիվ, խոսքային խանգարումների աճ նկատվում է, և դա բացատրվում է նրանով, որ ընդհանուր առմամբ մեր կյանքն այսօր ավելի նյարդային է: Արդեն ապացուցված է նաև այն փաստը, որ նյարդային բնույթի խագարումները, մասնավորապես՝ կակազությունը, տղաների մոտ չորս անգամ ավելի հաճախ  են հանդիպում, քան աղջիկների՝ պայմանավորված տղամարդկանց ավելի խոցելի նյարդային համակարգով:

–   Նոր մեթոդի մասին խոսեցիք. այսօր աշխարհում կակազության շտկման ի՞նչ  նոր տեխնոլոգիաներ կան:

–   Կակազության շտկմամբ մարդկությունը հետաքրքրված է եղել շատ հին ժամանակներից՝ դեռևս մեր թվարկությունից առաջ. այդ մասին տեղեկություններ կան Հիպոկրատի, Արիստոտելի աշխատություններում: Հայտնի փիլիսոփաներից Դեմոսֆենն ինքը կակազող է եղել, ով հետագայում հռետոր է դարձել: Եղավ մի ժամանակահատված, երբ կարծիք տարածվեց, թե կակազությունը չի բուժվում, իսկ հաղթահարումն էլ ժամանակավոր է: Այսօր աշխարհում կակազության բուժման մի շարք արդյունավետ մեթոդներ կան: Ուզում եմ մասնավորապես նշել պրոֆեսոր Հարությունյանի (Անդրոնովայի) մեթոդը, ով ճանաչված է ամբողջ աշխարհում: Ինձ բախտ է վիճակվել անցնել Անդրոնովայի կուրսն այն եզակի անգամ, երբ նա Հայաստանում էր:

–   Ո՞րն է այդ մեթոդի էությունը:

–   Ինչպես նշեցի, կակազության դեպքում խոսքի տեմպն ու ռիթմն են խանգարվում, այս մեթոդի հիմքում խոսքի տեմպի դանդաղեցումն է: Անդրոնովան որպես խոսքի սինքրոնիզացիայի միջոց օգտագործում է մարդու առաջատար ձեռքը, օրինակ, աջլիկների մոտ՝ աջը, այսինքն, խոսքը կապում է մատների որոշակի շարժումների հետ՝ թույլ չտալով նրան տեմպից և ռիթմից ընկնել: Անդրոնովայի մեթոդն ունի նաև ադապտացված տարբերակ երեխաների համար:

–   Ճի՞շտ է, որ կամային ուժեղ հատկանիշներ են պահանջվում խոսքի խանգարումը, մասնավորապես՝ կակազությունը հաղթահարելու համար: Մերիլին Մոնրոյի դեպքը հիշեցի. նրա հուշերից մեկում նկարագրված է, թե ինչպես է հաղթահարել կակազությունը՝ երկար ժամանակ հայելու առաջ բարձրաձայն կարդալով:

–   Իհարկե, շատ մեծ է ինքնուրույն աշխատանքի, տրամադրվածության դերը, որովհետև լոգոպետն ուղղություն է ցույց տալիս, թե ինչ է պետք անել այս կամ այն խնդրից ազատվելու համար, ուստի մեծ դեր ունի մոտիվացիան: Օրինակ՝ Անդրոնովան ասում է, որ կակազության դեպքում միայն կմկմոցները հաղթահարելը սխալ է. մարդը կակազում է ամբողջ էությամբ: Կակազողները ձեռք են բերում մի շարք հոգեբանական առանձնահատկություններ, մասնավորապես՝ վախ խոսքի հանդեպ, արատը թաքցնելու ձգտում: Անգամ նման համեմատություն կա, որ կակազող մարդն ապրում է մոտավորապես նույն հոգեվիճակը, ինչ սահմանը կեղծ անձնագրով հատող մարդը:

–   Կակազության բուժման ժամանակ հաճախ են հանդիպում նաև սնահավատական մեթոդներ, ի՞նչ կասեք այս մասին:

–   Այո՝ վախ չափել, մոմ թափել ու նման բաներ… Իմ պրակտիկայում շատ ծիծաղաշարժ դեպքեր են եղել:  Մի անգամ տաքսու վարորդը, իմանալով՝ լոգոպեդ եմ, ասաց. «Վա՜յ, Աստված Ձեզ ինձ մոտ ուղարկեց: Ինձ լոգոպեդ է պետք»: Հարցրեցի. «Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»: Ասաց.  «Հարևանիս թոռը կակազում է, ուզում ենք իմանալ՝ արջի ճարպ որտեղի՞ց կարող ենք գտնել»: Պարզվեց՝ խորհուրդ են տվել քսել կոկորդին ու կակազելը կանցնի, և դրա համար լոգոպեդ էին փնտրում (ծիծաղում է-խմբ.): Լինում են նաև դեպքեր, երբ սնահավատական մեթոդներով «բուժումներից» կակազությունն ավելի է խորանում:

–   Լարված իրավիճակում, օրինակ, ուսանողների մոտ՝ քննության ժամանակ,  անսպասելիորեն կակազություն է նկատվում: Հնարավոր է նման դեպքերում այն խորանա ու խնդիր դառնա:

–   Նման դեպքերում մենք սովորաբար գործ ունենք ոչ թե կակազության, այլ կմկմոցների հետ: Ուսանողների դեպքում պատճառը հոգեբանական անհանգստությունն է, որը բերում է կմկմոցների և ժամանակավոր բնույթ է կրում: Ուսանողը գիտի առաջացման պատճառը, հետևաբար չի ֆիքսվում, չի անհանգստանում, և հաջորդ պահին արդեն ընկերոջ հետ խոսելիս կմկմոցը վերանում է:

–   Լոգոպետի աշխատանքի բավական հետաքրքիր հայտնի օրինակ կա հայտնի «Արքան խոսում է» ֆիլմում, որտեղ նա, կիրառելով մի շարք անսպասելի հնարքներ, լուծում է տալիս շատ լուրջ դեպքի: Կուզեի Ձեզնից լսել այս մասնագիտության առանձնահատկությունների մասին:  

–   Դու կարող ես շատ լավ մեթոդի տիրապետել, բայց կակազող մարդը քեզ հետ չաշխատի: Յուրաքանչյուրի հետ «իր լեզվով» պետք է խոսել: Կակազողները սովորաբար շատ ինքնամփոփ մարդիկ են և պրակտիկորեն որևէ մեկի հետ իրենց խնդրի մասին չեն խոսում: Շփումն այնպիսին պետք է լինի, որ նա անգամ իր ներաշխարհի հետ կապված գաղտնիքները կիսի քեզ հետ, այլապես կակազությունը հաղթահարել հնարավոր չէ: Անդրոնովայի մեթոդի մեջ բավական շատ հոգեբանական նրբություններ կան, որոնք ընդգրկված են լոգոպեդի աշխատանքում:

–   Ի՞նչ ցանկություն ունեք՝ օրվա հետ կապված:

–   Կակազող մարդկանց շրջապատողներին խորհուրդ կտամ ոչ խնդի՛րը մատնանշել, ո՛չ էլ՝ խղճալ և խնայել: Երբեմն վերջին տարբերակը շատ վիրավորական է ընկալվում: Պատկերացրեք՝ մարդն ինչ-որ բան է ուզում ասել, կմկմում է, շրջապատողներն իր փոխարեն որոշում են նախադասությունն ավարտել… Եթե շրջապատում կա կակազող, ապա նրա հանդեպ հարկավոր է պահպանել նույն վերաբերմունքը, ինչ ցանկացած մեկ ուրիշի նկատմամբ: Կակազող մարդկանց խորհուրդ եմ տալիս դիմել մասնագետի օգնության և հաղթահարել խնդիրը. փորձը ցույց է տալիս, որ երբևէ, կյանքի ոչ մի փուլում մարդը չի հաշտվում կակազության հետ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. aravot.am
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ