Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար՝ անկախ ախտորոշումից, հաշմանդամությունից, կամ որևէ այլ սահմանափակումից։ Այն «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ նախագիծ է:


Ծրագրի կարևոր պայմանը նորը ստեղծելու, ստեղծագործելու ներուժը կիրառելու, աշխատելու, արժանավայել կյանքի համար գումար վաստակելու ցանկությունն է։ 
Կազմակերպված ֆուրշետը հնարավորություն տվեց հյուրերին անմիջական միջավայրում արտահայտել կարծիքներ, կիսվել գաղափարներով` նոր արտադրության վերաբերյալ։ 


«AMBRA» art product նոր բրենդի և սոցիալական արտադրության բացման առթիվ կազմակերպվել էր նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին նոր ոճով պատրաստած զգեստներ ու աքսեսուարներ, ինչպես նաև երիտասարդ նկարիչների նկարներ։ 

 


Միջոցառման շրջանակում զրուցեցինք ներկաներից մի քանիսի հետ:


Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան


«Մեր նպատակն է աշխատանքի հնարավորություն ստեղծել բոլորի համար, անկախ այն բանից՝ հիվանդություն, հաշմանդամություն ունե՞ն, թե ոչ, որպեսզի մարդիկ չմնան անօգնական վիճակում, այլ կարողանան աշխատել, գումար վաստակել և հասարակության լիարժեք անդամ դառնալ: Որովհետև, դժվար է պատկերացնել լիարժեքությունը առանց սեփական գումար ունենալու: Մի բան է, երբ հոգեկան առողջության խնդիր ունեցողը «հոգս» է ընտանիքի համար, և լրիվ այլ բան, երբ սեփական աշխատանքով գումար է վաստակում և կարողանում է ընտանիքի հոգսը թեթևացնել... Դրա համար որոշվեց իրականացնել այս ծրագիրը, որն այս պահից սկսած բացառապես համարվում է բիզնես-ծրագիր և այլևս որևէ դրամաշնորհային ներդրում չունի»:

 

Լիլիթ Բաղդասարյան Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն Հկ-ի նախագահ

 

«Սոցիալական արտադրության ստեղծման գաղափարը վաղուց ունեինք, դեռևս 2012-13 թթ, երբ հոգեկան առողջության ռազմավարության վրա էինք աշխատում: Դա բոլոր նախարարությունների համատեղ ռազմավարությունն էր, որը հետագայում հաստատվեց կառավարության կողմից: Այդ շրջանակում ուսումնասիրեցինք շատ երկրների փորձը, նրանց ինտեգրատիվ մոդելների աշխատանքը, հասկացանք, որ վերականգնողական մոդելից աշխարհն արդեն վաղուց անցել է ռեքավերի մոդելին, որտեղ չեն առանձնացվում և չեն ստեղծվում առանձին արտադրամասեր որոշ խնդիրներ ունեցող մարդկանց համար, այլ հավասար պայմաններ են ապահովում բոլորին, որտեղ  ինտեգրված են նաև հաշմանդամություն, հոգեկան առողջական խնդիրներ կամ այլ սահմանափակումներ ունեցող մարդիկ: 

 


Հետագայում իրականացրեցինք «Որակի իրավունք» ծրագիրը, որը համատեղ էր ԱՀԿ-ի, Իտալիայի, Լիբանանի, Հայաստանի, և  Գանայի միջև: Այդ ծրագրի շրջանակում ստացանք փոքրիկ դրամաշնորհ, որի շնորհիվ Վարդենիսի տուն-ինտերնատի համար հիմնեցինք կարի արտադրամաս ոչ թե հաստատության ներսում, այլ մեր Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղում: Արդեն մարդիկ հաճույքով դուրս էին գալիս ինտերնատից և այցելում Կենտրոն՝ կարում, ստեղծագործում էին և դրա դիմաց նաև վարձատրվում: 


Շատ էինք ցանկանում ունենալ որևէ ծրագիր, որը հնարավորություն կտար այդ ամենն իրականացնել հիմնարար հիմունքներով: Սակայն դրամաշնորհային ծրագրերն ուշանում էին: Ուստի որոշեցինք այլևս չսպասել և, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնում՝ Հայկական հոգեբուժական  ասոցիացիայի հետ համատեղ, ստեղծել այս ծրագիրը՝ օգտագործելով սեփական միջոցները: Ստեղծվեց լայն հնարավորություն, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ստեղծագործական ներուժն արտահայտել, բարիք ստեղծել և նաև աշխատավարձ ստանալ: 

 


Կարևոր է այն, որ ներգրավված են մարդիկ, որոնք ունեն կամ ունեցել են հոգեկան առողջության խնդիրներ. իսկ մեզանից որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ չի բախվել նման խնդիրների: Հետևաբար, այստեղ որևէ սահմանափակում չկա:


Այս պարագայում մենք գործ ունենք ոչ թե շահառուների, այլ աշխատակիցների, ստեղծագործ երիտասարդների հետ, ովքեր արդեն-իսկ ունեն ցուցահանդեսների առաջին հայտը: Նրանց աշխատանքները, գործերը տպվում են շապիկների, սփռոցների վրա և այլն: 

 


«AMBRA» art product սոցիալական ձեռնարկության գործադիր տնօրեն Աննա Բադալյան 


Ծրագրի ամենակարևոր գաղափարը պարոն Սողոյանն արդեն նշեց: Ավելացնեմ միայն, որ մեր նպատակն է ստեղծել հայկական նոր բրենդ և թույլ տալ, որ երիտասարդ ստեղծագործող մարդիկ (խոսքը  հոգեբանական տարիքին է վերաբերում) կարողանան ստեղծագործել, իսկ մենք նպաստենք, որ նրանց գործերը վաճառվեն և հեղինակները հայտնի դառնան, նաև կարողանան իրենց աշխատանքով գումար վաստակել:


«AMBRA» art product սոցիալական ձեռնարկության աշխատակից Մարիաննա Անտոնյան


Շնորհակալություն, հարգելի հյուրեր, որ այսօր այստեղ մեզ հետ եք՝ կիսելու մեզ համար այսքան կարևոր պահը՝ Սոցիալական ձեռնարկության պաշտոնական բացումը: Այստեղ ծնվում են աշխատատեղեր` առանց պայմանականությունների, այստեղ արժևորվում է ստեղծարար միտքը: 


Ծնվում են նաև ուժ, հույս և վստահություն...

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ