Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

Համընդհանուր հասանելիության ապահովումն ու մարդու իրավունքների պահպանումը ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման կարեւոր նախապայմաններն են

ՄԻԱՎ վարակի համաճարակն այսօր վերաճել է գլոբալ ճգնաժամի եւ դարձել զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր: Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2008թ. դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր մոտ 33,4մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաեւ մեր հանրապետության համար:

 

1988թ. մինչեւ 2009թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 808 եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 200 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա ՄԻԱՎ վարակ ունեցող 2300 մարդ:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում կարեւոր նշանակություն ունի 1988թ.-ից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ամեն տարի այդ օրն անցկացվում է որեւէ կարգախոսի ներքո, որն արտացոլում է ընթացիկ ժամանակաշրջանի կենսական խնդիրները:

 

Այս տարի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է «Համընդհանուր հասանելիություն եւ մարդու իրավունքներ» կարգախոսով: Նման կարգախոսի ընտրությունը պատահական չէ: ՄԻԱՎ վարակի՝ պանդեմիայի բնույթ ստացած համաճարակն առաջացրել է միջազգային հանրության լուրջ մտահոգությունը: Այդ մտահոգության վառ ապացույցն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստերի անցկացումը եւ միջազգային հանրությանն ուղղված ՄԱԿ-ի կոչերն ընդլայնելու միջոցառումները եւ միավորելու ջանքերը համաճարակին հակազդելու գործում:

 

2001թ. հունիս ամսին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նիստի նպատակը ողջ աշխարհը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի համապարփակ ծրագրի շուրջ համախմբելն էր: Այդ նպատակի համաձայն, ՄԱԿ-ի անդամ պետությունները, դրանց թվում՝ ՀՀ-ն, ընդունեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագիրը», որը դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում միջոցառումների առաջին գլոբալ ծրագիրը:

 

2006թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված մեկ այլ նիստին ընդունված քաղաքական պարտավորությունների հռչակագրով պետությունները նաեւ պարտավորվել են մինչեւ 2010թ. ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիություն: ՀՀ կառավարությունը՝ կարեւորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրն ու հետեւողական լինելով հռչակագրերի ընդունմամբ ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2007-2011թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում են բուժում, խնամք եւ աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն եւ հետազոտություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ եւ այլն: Իրականացվող միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից:

 

Շնորհիվ իրականացված միջոցառումների՝ մեր երկրում վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ վարակի կենսաբանական եւ վարքագծային ցուցանիշները: Այսպես, նվազել է ՄԻԱՎ-ի տարածվածությունը հիմնական խոցելի խմբում` թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի որոշակի աճ եւ ռիսկային վարքագծի դրսեւորումների նվազում: Այս դրական տեղաշարժերը վկայում են բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի արդյունավետության մասին, որոնց մեթոդական օգնություն եւ օժանդակություն է ցուցաբերում ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը:

 

Արդյունավետ կանխարգելումը բուժման, խնամքի եւ աջակցության համար պահանջվող միլիարդավոր դրամների տնտեսում է:

 

ՄԻԱՎ վարակի համաճարակը շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել: Սակայն այսօր իրավիճակը փոքր-ինչ փոխվել է այն առումով, որ շնորհիվ հակառետրովիրուսային բուժման ՄԻԱՎ վարակն այլեւս անբուժելիի փոխարեն համարվում է քրոնիկ հիվանդություն: Բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը: Բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիության պայմաններում կարելի է արդյունավետորեն դիմակայել ՁԻԱՀ-ին եւ զգալիորեն նվազեցնել դրանից մահացությունը: ՁԻԱՀ-ի համաճարակին արդյունավետ հակազդման հարցում կարեւոր նշանակություն ունի նաեւ մարդու իրավունքների պաշտպանությունը: Համաշխարհային փորձը վկայում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել համաճարակի բացասական հետեւանքները եւ կանխել դրա հետագա զարգացումը: ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով եւ կենսակերպով:

 

Առաջին հայացքից այս հիվանդության կանխարգելումը բավականին հեշտ կարող է թվալ: Դրա համար անհրաժեշտ է պարզապես դրսեւորել անվտանգ վարքագիծ` զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, օգտագործել միանվագ օգտագործման ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց առկայության դեպքում մշտապես պահպանակ օգտագործել, նաեւ ապահովել բժշկական միջամտությունների անվտանգությունը: Շատերը գիտեն այս մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են կիրառում գործնականում: Անտեսելով հնարավոր վտանգը, շատերը դրսեւորում են ռիսկային, այսինքն` ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ, վտանգելով իրենց եւ իրենց մտերիմների առողջությունը: Պատճառը հավանաբար այն է, որ մարդկանց մեծամասնությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգը չափազանց անիրական է թվում` անձամբ իրենց հետ այն կապելու համար: Նրանք ոչ միշտ են հետեւում անվտանգ վարքագծի կանոններին՝ հուսալով, որ վարակն իրենց կշրջանցի: Այս առումով չափազանց կարեւոր է պատասխանատու վարքագծի եւ առողջ ապրելակերպի ձեւավորմանն ուղղված գործունեությունը: ՄԻԱՎ վարակի տարածումը կասեցնելուն ուղղված միջոցառումների շարքում կարեւոր նշանակություն ունեն նաեւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու ՄԻԱՎ վարակի հարցերով խորհրդատվությունը: Հիվանդության խարդավանքը նրանում է, որ այն ընթանում է երկարատեւ (8-10տարի) անախտանշան` թաքնված շրջանով, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է լինում, չի ունենում հիվանդության որեւէ նշանակալի դրսեւորում, հետեւաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին եւ վարակը փոխանցել այլ մարդկանց: Արտաքինից եւս հնարավոր չէ դատել մարդու ՄԻԱՎ-ով վարակված լինել-չլինելու մասին:

 

Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու միակ ուղին լաբորատոր հետազոտություն անցնելն է, որը թույլ է տալիս ախտորոշել ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության կլինիկական դրսեւորումներ դեռեւս չկան: Դա ոչ միայն հնարավորություն է ընձեռում ժամանակին սկսել համապատասխան բուժումը, ինչը չափազանց կարեւոր է հիվանդի լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը հնարավորինս երկար ժամանակ պահպանելու համար, այլեւ օգնում է նրան ճիշտ որոշումներ կայացնել հետագա ապրելակերպի վերաբերյալ եւ խուսափել հարազատ ու սիրելի մարդկանց վարակելուց: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը հղի կնոջը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել իր ապագա երեխայի վարակման վտանգը:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաեւ պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռեւս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է էական ներդրում ունենալ այդ պայքարում՝ դիմակայելով խարանին եւ խտրականությանը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է նաեւ բոլոր մակարդակներում խնդրի կարեւորության գիտակցումից եւ յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն Վստահության հեռ.` 61-08-20, 66-01-10

Հեղինակ. ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ