Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հոգեբանը` դիմորդներին. «Մեծ նշանակություն ունեն ֆիզիկական ակտիվությունը, մաքուր օդը, զբոսանքները...»

Հոգեբանը` դիմորդներին. «Մեծ նշանակություն ունեն ֆիզիկական ակտիվությունը, մաքուր օդը, զբոսանքները...»

Քննության նախօրեին մենք չենք կարող լիարժեք օգտակար լինել դիմորդին, թե ինչպես խուսափի լարվածությունից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը.


«Հոգեբանական տեսանկյունից դա ժամանակատար գործընթաց է: Անհրաժեշտ է,  առարկաներին պատրաստվելուն զուգընթաց, ձեռքբերել նաեւ որոշակի հոգեբանական գիտելիքներ` մասնակցել հոգեբանական թրեյնինգների, որտեղ կսովորեցնեն` ինչպես կառավարել սեփական հույզերը»,- ասաց բանախոսը:


Հոգեբանի խոսքերով` սթրեսը մեծ ազդեցություն է ունենում ե՛ւ հուզական ոլորտի, ե՛ւ իմացական գործոնի, ե՛ւ ուշադրության կենտրոնացման, ե՛ւ հիշողության ու մտածողության վրա:


«Կան տարբեր հոգեշտկման տեխնիկաներ` շնչառական, լարվածությունը թոթափող, ուշադրության կենտրոնացման, հիշողության արդյունավետությանը նպաստող վարժություններ»,- մատնանշում է Ս. Հարությունյանը:


Հոգեբանը փաստում է, որ մեծ դեր ունի նաեւ ինքնագնահատականը, որի անկումը նկատելի կդառնա ծնողների կողմից: Այս դեպքում մասնագիտական աջակցության կարիք կլինի:


«Պետք է հաշվի առնել նաեւ դիմորդի անձնային առանձնահատկությունները: Տեսեք` նույն առարկայի քննության պատրաստվելու համար տարբեր ընդունակությունների տեր մարդիկ տարբեր պահանջներ են ունենում: Այսինքն` մեկը կարող է շատ երկար աշխատել իր վրա, մյուսը` ճիշտ հակառակը»,- բացատրում է նա:


Ս. Հարությունյանը խորհուրդ է տալիս կարգավորել դիմորդի հանգստի եւ պարապելու ռեժիմը: «Եթե նա պարապելու ընթացքում չի հանգստանում, գերծանրաբեռնված է` կորցնում է իր արդյունավետության գործակիցը»:


Հոգեբանը հորդորում է ուշադրություն դարձնել սննդակարգին, այն պետք է հարուստ լինի վիտամիններով: Մեծ նշանակություն ունեն` ֆիզիկական ակտիվությունը, մաքուր օդը, զբոսանքները...


«Պակաս կարեւոր չէ ընտանեկան մթնոլորտը: Առավել եւս, եթե խոսքն ընդունելության քննությունների մասին է: Այն ավելի պատասխանատու գործընթաց է, քան ընթացիկ քննություն հանձնելը. Դիմորդը, միաժամանակ, պատասխանատվություն է զգում նաեւ ե՛ւ ծնողի, ե՛ւ դասախոսի (կրկնուսույցի) առջեւ, հետեւաբար, մեծանում է սթրեսի գործակիցը»,- զգուշացնում է հոգեբանը, ապա հավելում, որ հանդիպում են  ծնողների, ովքեր շատ ավելի տագնապային են ու անհանգիստ, քան քննության նախապատրաստվողը:

 

Ծնողների նման վարքագիծն, ըստ հոգեբանի, ակամայից  փոխանցվում է երեխային, ինչի արդյունքում երեխան կարող է դառնալ անվստահ ու տագնապային:


«Հիշե՛ք, սթրեսը, միշտ չէ, որ բացասական ազդեցություն կարող է ունենալ: Այն կարող է նույնիսկ համախմբել մարդու ռեսուրսները: Կա սթրեսի օպտիմալ մակարդակ, որի դեպքում մարդը շատ մեծ արդյունավետություն է ցուցաբերում: Սա, իհարկե, մարդու անհատական առանձնահատկություններից է կախված»,- եզրափակեց Ս. Հարությունյանը:

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ