Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Իրազեկման դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

ՀՀ ԱՆ. Իրազեկման դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

Մարտի 24-ին` Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Ծաղկաձորում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անցկացվեց «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթացը: 

 

ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշները վերջին տասը տարիներին աստիճանաբար նվազել են: 

 

Նախորդ տարի հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի դեպքում կազմել է 34.7 դեպք, իսկ 2013 թվականին` 36.6: 

 

«Ամենաբարձր ցուցանիշը 2004 թվականից մինչ օրս գրանցվել է 2005 թվականին` կազմելով 62.4 դեպք»,-ասաց Արմեն Հայրապետյանը: Ինչ վերաբերում է տուբերկուլոզի բարեհաջող բուժման ելքերին, ապա դրանց թիվը ևս ավելացել է. 2010թ. բուժման բարեհաջող ելքերի տեսակարար կշիռը կազմել է 71.7 տոկոս, 2011թ.` 77, 2012թ.` 79.4, 2013թ.` 79.6:

 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիրախը 85 տոկոսն է, մենք դեռ անելիքներ ունենք, որ հասնենք ու անցնենք այդ ցուցանիշը»,-նշեց Արմեն Հայրապետյանը: 

 

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենը հավելեց, որ հիվանդությունը պահանջում է երկարատև բուժում, սակայն հիվանդները հաճախ այն կիսատ են թողնում, որն էլ պատճառ է դառնում հիվանդության հետագա խորացման: Հատկապես դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժումը տևում է երկու տարի: Առաջին ամիսներին, նկատելով առաջընթաց բուժման գործընթացում, հիվանդները հաճախ այն ընդհատում են ու, օրինակ, մեկնում արտագնա աշխատանքի, որի ժամանակ էլ մեծ է հիվանդության կրկնման վտանգը:

 

Ըստ բանախոսի` 2014թ. ավելացել են տուբերկուլոզ/ՄԻԱՎ համավարակով հիվանդների թիվը: 

 

Եթե 2013թ. տուբերկուլոզ հայտնաբերվել է ՄԻԱՎ ունեցող 67 մարդու մոտ, ապա 2014 թ. այդ թիվը եղել է 90:

 

Այս ցուցանիշի բարձրացումը բացատրվում է արտագնա աշխատանքի մեկնելու գործոնով:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը շեշտեց, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է: 

 

«Տուբերկուլոզը դատավճիռ չէ մարդկանց համար, եթե ժամանակին ախտորոշվում է, ու անձը մտնում է բուժման ցիկլի մեջ` պահպանելով ռեժիմն ու ժամանակահատվածը»,-ասաց նա` ավելացնելով, որ հիվանդությունն ունի քաղաքական, սոցիալական, տնտեսական բնութագրիչներ: 

 

«Հանրային առողջության հետ կապված հարցերն անմիջական առնչություն ունեն հանրային կարծիքի ձևավորման հետ: Մենք կարևորում ենք դրանց շուրջ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ քննարկումները»,- ողջունելով դասընթացի աշխատանքները` նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

Հաշվի առնելով տուբերկուլոզի սոցիալական մեծ նշանակությունը` նա նշեց, որ հիվանդության դեմ պայքարում ակնկալվում է, ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ հասարակական կազմակերպություների դերն ու աջակցությունը: 

 

«Շատ կարևոր է միավորվել սոցիալական նշանակության նման կարևոր խնդիրների դեմ պայքարի շուրջ»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:

 

Արմեն Մուրադյանը պատասխանեց լրագրողների` առողջապահության ոլորտին վերաբերող ամենատարբեր հարցերին: 

 

Իրազեկման դասընթացի ընթացքում տուբերկուլոզի դեմ պայքարի գործում անդրադարձ կատարվեց առողջապահական համակարգի քաղաքականությանը: Ներկայացվեց տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակն աշխարհում և Հայաստանում: 

 

Մանրամասն քննարկվեցին նաև տուբերկուլոզի հայտնաբերման, բուժման և կանխարգելման, ինչպես նաև դեղորայքակայուն տուբերկուլոզի արդիական հարցերը: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման գործում ընդգծվեց նաև տեղական և մրջազգային կազմակերպությունների կարևորությունը: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ