Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հետազոտություններն առավել արդյունավետ կլինեին, եթե կազմակերպվեին ընդունված մեթոդաբանությամբ

ՀՀ ԱՆ. Հետազոտություններն առավել արդյունավետ կլինեին, եթե կազմակերպվեին ընդունված մեթոդաբանությամբ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց  «Ալավերդի համայնքի 2015 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման» ծրագրով կանանց շրջանում իրականացված բժշկական հետազոտությունների կազմակերպման հարցը։ Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գծով փոխտնօրենը, ուռուցքաբանը, գինեկոլոգը, սոնոգրաֆիստը։

 

Նախարարին ներկայացվեց, որ հետազոտությունները կատարվել են ըստ դիմելիության` գանգատներ ունեցող 35-60 տարեկան 550 կանանց շրջանում։

 

Որպես կանոն նման հետազոտություններն իրականացվում են այն քաղաքներում, որտեղ բնակչության համար առկա են առողջապահական ռիսկեր։ Ալավերդու ավագանու կողմից ներկայացված  ծրագրով այս դեպքում առաջին անգամ փորձ է արվել բնակչության թիրախային խմբում կատարել նաև հիվանդությունների վաղ հայտնաբերում։ Արդյունքում հետազոտվել է 550 կին, որից միայն 24-ն է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում» մամոգրաֆիական հետազոտություն անցել։ Նրանցից 8-ի մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն։

 

Նախարարության մասնագետները կարծիք հայտնեցին, որ այս հետազոտություններն առավել  արդյունավետ կլինեին, եթե կազմակերպվեին քաղաքացիների ընտրանքի և նրանց շրջանում հետազոտությունների իրականացման ընդունված մեթոդաբանությամբ։  

 

«Նման ծրագրերը, բաց դռների օրերը և տարբեր ակցիաները պետք է կազմակերպվեն հաստատված մեթոդաբանությամբ, ունենան արդյունքների հավաքագրման և հաշվետվության միջազգային չափորոշիչներին համապատասխանող ձևեր»,-ասաց նախարարը։

 

Հաշվի առնելով, որ ծրագիրը շարունակվելու է նաև 2016 թվականին, նախարարի հանձնարարությամբ Ալավերդու ԲԿ-ին մեթոդական աջակցություն կտրամադրվի։  

 

Միաժամանակ նշվեց, որ 2015թ. ծրագրով հետազոտված կանայք, ում մոտ հիվանդություններ են ախտորոշվել, համապատասխան բուժում են ստանում:

 

Հարկ է նշել, որ  այս ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքների վերաբերյալ մամուլում  թյուրիմացաբար հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ոչ թե հետազոտված 550 կնոջից միայն 7-ն է առողջ, այլև 550-ից 8-ի մոտ է հայտնաբերվել քաղցկեղ։ Ի դեպ, նրանցից 7-ն արդեն վիրահատվել է։

 

Քննարկվեցին նաև մարզում բժշկական ծառայությունների որակի և անվտանգության ապահովման, կադրերով համալրման ու նրանց վերապատրաստման և այլ հարցեր։ Մարզի առողջապահության վարչության պետին նախարարն առաջարկեց  հանդիպումներ ունենալ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Լոռու մարզից սովորող ուսանողների հետ, աշխատանքային և կենցաղային հրապուրիչ պայմաններ ստեղծել`  բուհն ավարտելուց հետո  մարզի բժշկական կենտրոններում նրանց ընդգրկելու համար։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ