Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվեցին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի զարգացման հեռանկարները

ՀՀ ԱՆ.  Քննարկվեցին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի զարգացման հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Նախարարը շրջեց հիվանդանոցում, եղավ Ընդհանուր վիրաբուժության, Վերակենդանացման, Օրթոպեդիայի և պլաստիկ վիրաբուժության, Ուրոլոգիայի բաժանմունքներում, վիրահատարանում, ընդունարանում: Արմեն Մուրադյանը զրուցեց բժշկական անձնակազմի հետ, հետաքրքրվեց իրականացվող ծրագրերով, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Նախարարին ներկայայցվեց նաև ինստիտուտի վերանորոգված նորաբաց հարկաբաժինը, որտեղ տեղակայված են թե մասնագիտական աշխատասենյակներ, և թե ուսումնական հատված:

Այնուհետև Արմեն Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ինստիտուտի բժշկական անձնակազմի հետ: Քննարկվեցին բազմապրոֆիլ հիվանդանոցի ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացմանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուտի զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նախարարը նկատեց, որ կատարվել է մեծ աշխատանք, վերանորոգվել են առանձին բաժանմունքներ: Անդրադառնալով ինստիտուտի բուժաշխատողների աշխատավարձի պարտքերին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ հարցը քննարկվել է, կատարվել են մասնակի մարումներ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ պարտքի մյուս մասը վճարել: «Այս ինստիտուտի զարգացման հեռանկարները հստակ են, իսկ զարգացումը պետք է ապահովենք միասնական ջանքերով՝ յուրաքանչյուրս ունենալով մեր պարտավորությունը»,- ասաց նախարար Մուրադյանը:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը նշեց, որ խնդիրները հնարավոր է լուծել՝ մեծացնելով հիվանդանոցի աշխատանքային ծավալները: «Նոր բաժանմունքներ են ստեծվել, նոր տեխնիկական ծրագրեր են մշակել, որոնք կնպաստեն հիվանդանոցի արդյունավետ գործունեությանը: Մենք այժմ իրականացնում ենք քայլեր, որպեսզի վճարվեն բուժքույրերի և կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձերի կուտակված պարտքերը»,-ընդգծեց ինստիտուտի տնօրենը: Նշվեց, որ հիվանադանոցում կատարվում է օրական միջինը 8 վիրահատություն, ամսական այստեղ դիմում է 200-220 այցելու:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ինստիտուտի ֆինանսավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Ներկայացվեց նաև պետպատվերի տեղադրման խնդիրը: «Պետպատվերը կտեղադրվի այն հիվանդանոցներում, որոնք կունենան նվազագույն ռիսկայնություն, ինչը գնահատելու ենք բուժական աշխատանքի որակով. թե ինչպիսի բուժական ցուցանիշներ է ապահովում այդ հիմնարկը, կատարվո՞ւմ են արդյոք վերլուծություններ, իրականացվում են պաթանատոմիական, կլինիկական կոնֆերանսներ: Այսինքն՝ բժշկական հիմնարկները գնահատվելու են համապատասխան սանդղակով»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նախարարն ընդգծեց, որ այդ չափանիշերի ապահովման դեպքում պետությունը պատրաստ է ավելացնել գնումների ծավալը տվյալ հիվանդանոցի բժշկական ծառայություններից: Ներկայացվեցին նաև առողջապահության ոլորտի առաջնահերթությունները: Հաջորդ տարվանից փորձարարական եղանակով կներդրվի էլեկտրոնային առողջապահության համակարգը: «Առանձին մասնագիտությունների համար մենք պետք է ունենանք չափագրված չափորոշիչներ: Մասնավորապես` կան ոլորտներ, որոնք արդեն իսկ պատրաստ են անցնելու այս համակարգին, օրինակ՝ ուրոլոգիան, սրտային վիրաբուժությունը, անեսթեզիոլոգիան: Այս համակարգի ներդրմամբ վերահսկելի կլինեն թե բժշկական ծառայությունների որակը, թե ֆինանսական կարգավիճակը, թե տեղեկատվական դաշտը»,-ընդգծեց նախարար Մուրադյանը:

Բուժանձնակազմի հետ քննարկվեցին նաև դատաբժշկությանը, բժիշկների անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում նախարարը շեշտեց չափագրված փաստաթղթերի վարման անհրաժեշտությունը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ