Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. «Արցախցին պետք է բուժվի Արցախում» կարգախոսն իրականություն է դառնում

ԼՂՀ ԱՆ. «Արցախցին պետք է բուժվի Արցախում» կարգախոսն իրականություն է դառնում

   ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի է ունեցել անգիոգրաֆիայի կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք:

 

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ նրանք շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել անգիոգրաֆիայի կենտրոնի հնարավորություններին։

 

   Նորաբաց անգիոգրաֆիայի կենտրոնում երեկ արդեն իրականացվել է 7 զոնդավորում, որից 2-ի դեպքում տեղադրվել է ստենտ:


   Անգիոգրաֆիայի կենտրոնը բացվել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ու միջոցներով: Այս ներդրումը կարևորագույն քայլ է Արցախի առողջապահության ոլորտում, քանի որ հենց այստեղ են կատարվելու սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու ու բուժվելու անոթային խնդիրներ ունեցողները: Կենտրոնում տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը: Անգիոգրաֆիայի կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:

 

   Այս սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ի դեպ, ոչ միայն սրտի անոթների, այլև մնացած բոլոր օրգանների: Միջամտությունները բացարձակապես անցավ են, մեծ մասը կատարվում է նախաբազկի զարկերակից, ինչն իջեցնում է միջամտությունների բարդությունների հնարավորությունն ու ավելի հարմարավետ է հիվանդների համար, ինչպես նաև կրճատում է հոսպիտալացման ժամկետը:

 

  Անգիոգաֆիկ մեթոդը հատկապես կիրառվում է ինվազիվ սրտաբանության մեջ: Ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Եվրոպական սրտաբանության փորձն, օրինակ, ցույց է տալիս, որ սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված քաղաքացիների 95 տոկոսն ապրում է։ Մինչ դեռ առանց այդ միջամտության ինֆարկտից հետո յուրաքանչյուր 5-րդը կարող է մահանալ մեկ տարվա ընթացքում: Հատկապես կարևոր է արագ բուժօգնության խնդիրը: «Ոսկեժամ» կոչվող ժամանակահատվածում, այլ կերպ ասած, ինֆարկտի առաջին ժամերին կատարված անգիոգրաֆիան հնարավորություն է տալիս փրկել հիվանդի կյանքը՝ հայտնաբերելով խցանված անոթն ու արագ վերականգնելով արյան հոսքը: Բժշկական այս միջամտությունը հնարավորություն է տալիս բարձրացնել կյանքի որակն ու կանխել հաշմանդամությունը:

 

  Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդություններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ու Արցախում մահացության ցուցանիշով առաջին տեղում են: Այսուհետ ԼՂՀ-ում սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդները հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ կիրառվում են աշխարհի լավագույն կլինիկաներում: Ինվազիվ սրտաբանական ծառայությունը հասանելի կդառնա ԼՂՀ բոլոր քաղաքացիների համար:

 


Անգիոգրաֆիայի կենտորնը կաշխատի 24-ժամյա ռեժիմով՝ սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապօգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն՝ սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ կգնահատվի հիվանդի վիճակը, և ամենակարճ ժամանակում կտեղափոխվի Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի կենտրոն:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ