Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանում ցորենի ալյուրի հարստացումը` հանրային առողջապահական ծրագիր

ՀՀ ԱՆ.  Հայաստանում ցորենի ալյուրի հարստացումը` հանրային առողջապահական ծրագիր

Հասարակական և միջազգային կազմակերպությունների, ալյուր արտադրող ընկերությունների, այլ գերատեսչությունների, ինչպես նաև լրատվական միջոցների մասնակցությամբ ՀՀ առողջապահության. նախարարությունում առաջին անգամ լայնորեն քննարկվեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:

 

Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային առողջապահական այս ծրագրի իրականացման հարցում հետևողական է լինելու: 

 

«Հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը ՀՀ առողջապահության նախարարության ուղղակի գործառույթն է: Ես կողմանկից եմ, որպեսզի այս հարցը խորապես ուսումնասիրվի և վերլուծվի: Նման ծրագրեր իրակիանացնելիս, մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև դրանց իրականացման ծախսարդյունավետությունը»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:

 

Նրա գնահատմամբ` նման հանրային քննարկումները թույլ կտան շեշտադրել և հանրությանն իրազեկել, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը հացի գնի փոփոխություն չի ենթադրում:

 

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին մեր երկրին ցորենի ալյուրի հարստացման գործում անրաժեշտ սարքավորումներն անվճար տրամադրելու, ինչպես նաև մեթոդաբանական հարցերում շարունակական աջակցության համար:

 

«Բացի այդ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը մեկ տարի կտարամդրի նաև այն միկրոտարրերը, որոնցով հարստացվելու է ալյուրը»,-նշեց առողջապահության նախարարը` հույս հայտնելով, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի աջակցությամբ հետագա տարիներին ևս մեր երկիրը հնարավորություն կունենա շուկայականից ցածր գներով ձեռք բերելու ցորենի ալյուրի հարստացման համար անհրաժեշտ վիտամինահանքանյութային հավելումները:

 

Խոսելով ծրագրի հանրային արձագանքի մասին, նա որպես դրական օրինակ մատնանշեց «Իմունականխարգելման ազգային ծրագրի» ներդրումը մեր երկրում, որը թեև ժամանակին միանշանակ չընդունվեց, սակայն արդյունքում լուրջ հաջողություններ գրանցեց:

 

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի գնահատմամբ` ամենակարևորն այս հարցի շուրջ հասարակության մտածելակերպի փոփոխությունն է:

 

«Ծրագրի ներդրումը հիմնավորելիս բավական է բերել միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ցուցանիշները»,- նկատեց մասնագետը:

 

Նա հայտնեց, որ առաջիկայում օրենքի նախագիծը ՀՀ կառավարության հավանությանն արժանանալուց հետո, ԱԺ-ում կկազմակերպվեն հանրային լսումներ: 

 

«Մանանա Գրեյն» ալյուր արտադրող ընկերության ներկայացուցիչ Կարեն Բուդախյանը նշեց, որ կողմ է ծրագրին և հետաքրքրվեց մանրամասներով: 

 

«ՎԹ թրեդ» արլյուր արտադրող ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը հավաստեց, որ ուսումնասիրել է միջազգային փորձը և բազմաթիվ դրական արձագանքներ լսել ծրագրի մասին:

 

«Հաշվի առնելով, որ մասնագետները հիմնավորում են այս ծրագրի կարևորությունը, մենք օրենքն ընդունելու դեպքում պատրաստ ենք իրականացնել այն հանուն երեխաների և կանանց առողջության»,- վստահեցրեց նա:

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագիրն ամբողջ աշխարհում համարվում է հանրային առողջապահական ամենաարդյունավետ ծրագրերից մեկը, քանի որ շատ փոքր ներդրումով ապահովում է մեծ արդյունքներ: Դրանք տեսանելի կլինեն մի քանի տարի անց:

 

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հանրիետ Արիենսն ընդգծեց ծրագրի մասին հանրությանն իրազեկելու կարևորությունը:

 

Նրա խոսքով` ծրագրի մշտադիտարումը և արդյունավետության գնահատումը կիրականացվեն նախարարության հետ համատեղ:

 

Նշվեց, որ ծրագրի իրականացման գործում կարևոր է նաև բուժաշխատողների իրազեկումը: 

 

Արմեն Մուրադյանը առանձնահատուկ շեշտադրեց, որ ինչպես այս ծրագրի, այնպես էլ հանրային առողջապահական մյուս ծրագրերի իրականացման գործում մեծապես կարևոր է զանգվածային լրատվական միջոցների դերը: Առողջապահական ծրագրերի իրականացման գործում նախարարը կարևորեց նաև փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: 

 

Մասնագետների կարծիքով` «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսել առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին: 

 

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը իր զեկույցում ներկայացրեց վիճակագրական տվյալներ: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով 0-5տ. երեխաների 47 % և հղի կանանց 42 % տառապում է սակավարյունությամբ: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի և երկաթի անբավարարության հետևանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից:

 

ԱՀԿ և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի տվյալներով աշխարհում ավելի քան 40 մլն նախադպրոցական տարիքի երեխաներ տառապում են սուր և ավելի քան 120մլն երեխաներ` խրոնիկական թերսնուցումից: Աշխարհի բնակչության 20 %-ը ենթակա է միկրոսնուցող նյութերի (երկաթ, ֆոլաթթու, յոդ, վիտամին A և այլն) անբավարարության, որի հետևանքն են հանդիսանում մի շարք ծանր ու անդարձելի ախտաբանական վիճակներ, որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ բերում են մահվան:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ