Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հաջողությունները միայն ֆինանսական ներդրումներով չեն ապահովվում

ՀՀ ԱՆ. Հաջողությունները միայն ֆինանսական ներդրումներով չեն ապահովվում

Շվեդահայ ընտանեկան բժիշկ Հենրիկ Շահնազարյանը 1980-ականներին է սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Նա իր կյանքի լավագույն տարիները համարում է Հայաստանում անցկացրած այդ յոթ տարիները։

 

Ուսանելու ընթացքում շարունակել է ընկերությունը դեռ ծննդավայրից ծանոթ իրանահայ Ռաֆիկ Բորոյանի հետ։ Հանգամանքների բերումով բուհն ավարտելուց հետո Ռաֆիկը ևս  տեղափոխվել է Շվեդիա։  

 

«1992-ից Շվեդիայի առողջապահության համակարգն օպտիմալացվում էր, ինչի արդյունքում կարևորվում էր ընտանեկան բժշկի ինստիտուտը։ Հենց դա էր պատճառը, որ ընտրեցինք այդ մասնագիտությունը։ Իսկ դրա համար Շվեդիայում անհարժեշտ էր ևս 5 տարի ուսանել ու միաժամանակ աշխատել»,-առողջապահության նախարարությունում այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասացին երկարամյա, փորձառու ընտանեկան բժիշկները։  

 

Նրանք ներկայացրեցին 2000թ.-ից ի վեր Հայաստանի մարզերում և Երևանում ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Մինչև 2006թ. այս աշխատանքները մասնակի ֆինանսավորվել են Ստրոմբերգների ընտանիքի կողմից։Այնուհետև ծրագիրը շարունակվել է հայազգի բժիշկների  ֆինանսավորմամբ:

 

Ամեն տարի այցելելով Հայաստան, նրանք իրենց ձեռք բերած գիտելիքները, փորձը և մասնագիտական հմտությունները հաղորդում են Հայաստանի բժիշկներին։ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում,  տարբեր մարզերի բժշկական ամբուլատորիաներում և Արցախում դասախոսություններ, գործնական պարապմունիքներ ու հիվանդների խորհրդատվություններ են անցկացնում։

 

«Երբեմն թվում է, թե ամեն բան ֆինանսական ներդրումներով է պայմանավորված։ Բայց, իրականում, հնարավոր է շատ ավելի լավ  արդյունքներ ապահովել ճիշտ կազմակերպելով»,-ասաց  Ռաֆիկ Բորոյանը։

 

Հայազգի բժիշկները գտնում են, որ ընտանեկան բժշկության ինստիտուտի հիմքը Հայաստանում և Շվեդիայում նույնն է։ Նաև վստահեցնում են, որ վերջին տարիներին առողջապահության այս ոլորտը Հայաստանում թռիչքային վերելք է ապրել։

 

«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս օրերին անցկացված ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից եկած ճանաչված մասնագետների հետ գիտական զեկուցումներ ունեցան նաև Հայաստանի մասնագետները։ Շատ լուրջ ձեռքբերում է, երբ հայաստանցի երիտասարդ մասնագետը համացանցի շնորհիվ ծանոթ է աշխարհում կատարվող զարգացումներին»։  

 

Հենրիկ Շահնազարյանը և Ռաֆիկ Բորոյանը սեպտեմբերի 29-30-ին Տավուշի մարզի Մովսես համայնքում էին։ Նրանք տպավորված են նաև գյուղական մակարդակում այս ինստիտուտի հաջողություններով։ Համայնքի և շրջակա գյուղերի բնակչության համար կազմակերպված բաց դռների օրերին համոզվել են, որ փոխվել են նաև բնակչության մոտեցումները։ Մարդիկ հիմա սկսել են ավելի կարևորել իրենց առողջությունն ու ժամանակին դիմել բժշկի:

 

Վերջին երկու տարիներին շվեդահայ բժիշկները բարեգործական իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հետ երկար տարիներ համագործակցելու, նվիրված աշխատանքի, բժշկական կադրերի պատրաստման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հենրիկ Շահնազարյանը և Ռաֆիկ Բորոյանը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պարգևատրվել են պատվոգրով: Պատվոգրերը նրանց հանձնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

 

Շվեդիայի Ուպսալա քաղաքում աշխատող վաղեմի ընկերներ Հենրիկ Շահնազարյանը և Ռաֆիկ Բորոյանը վստահեցրին, որ շարունակելու են համագործակցել ՀՀ առողջապահության նախարարության հետ` իրենց նպաստը բերելով Հայաստանի բնակչության առողջության պահպանման գործին։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ