Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ու գինեկոլոգ, բ.գ.թ. ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ:

 

Բանախոսներն ասացին, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը եւ պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։ Եվ այսօր մենք արդեն ունենք սեռական առողջության համաշխարհային օր՝ սեպտեմբերի 4-ը, ինչը շատ ողջունելի է, քանի որ այս հանգամանքը հնարավորությունը կտա մարդկանց սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ եւ տեղեկացված:

 

Վ. Շահրամանյանի փոխանցմամբ`Հայաստանում սեքսուալ «կուլտուրան» դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: «Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները»,- ընդգծեց բժիշկը:

 

Լ. Կուջոյանն իր հերթին ասաց, որ այսօր երիտասարդ պացիենտների հետ աշխատելը հետաքրքիր է, սակայն, միեւնույն ժամանակ` բարդ: «Նրանք այսօր ավելի տեղեկացված են գալիս բժշկի մոտ: Գրագետ պացիենտի հետ աշխատելը հաճելի է»: Գինեկոլոգը փաստեց, որ, իհարկե, լինում են դեպքեր, որ ունեցած տեղեկատվությունը լինում է թերի, սխալ` վերցված այս կամ այն կայքից:

 

Վ. Շահրամանյանից հետաքրքվեցինք, թե որքանո՞վ է այսօր սեռադաստիարակված հայ դեռահասն ու երիտասարդությունը: «Պետք է փաստել, որ սայլը կարծես աստիճանաբար տեղից շարժվում է. գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ են հետազոտվում: Հաճախ են նախքան ամուսնանալը անցնում սեքսոլոգիական անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին մեր երիտասարդները չեն տիրապետում: Բացի բուժական գործունեություն ծավալելուց, մենք, իհարկե, նաեւ բացատրական աշխատանք ենք տանում մեր պացիենտների հետ, սակայն մի քանի բժիշկներով գործը գլուխ չի գա. պետք է ավելի լուրջ եւ համակարգված աշխատանք: Հաճախ մեզ դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել»,- ընգծեց բժիշկը` հավելելով, որ եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք չէ լռել այդ մասին:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ