ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Գլխուղեղի բացառիկ ներանոթային վիրահատություն` առաջին անգամ Հայաստանում
Օրերս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում կատարվեց գլխուղեղը սնուցող խոշոր զարկերակից թրոմբի հեռացման բացառիկ վիրահատություն, որը Հայաստանում իրականացվում էր առաջին անգամ:
Դեպքն առավել մանրամասն լուսաբանելու համար զրուցեցինք կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի հետ:
- Խնդրում եմ հակիրճ ներկայացնել հիվանդության ընթացքը:
- Հիվանդն ընդունվել էր կլինիկա ներգանգային անևրիզմայի, այլ կերպ ասած՝ գլխուղեղը սնուցող անոթի պարկաձև լայնացում ախտորոշմամբ, որը խիստ վտանգավոր հիվանդություն է և հիմնականում դրսևորվում է երիտասարդ տարիքում առաջացող արյունազեղումների ձևով: Անևրիզմայի վնասազերծման նպատակով նախատեսվում էր կատարել ներանոթային վիրահատություն՝անևրիզմայի խցանում միկրոպարույրներով: Նմանատիպ վիրահատությունները առաջին անգամ Հայաստանում իրականացվել են մեր կենտրոնում և վերջին 4 տարիների ընթացքում վիրահատվել են ավելի քան 200 հիվանդներ:
-Ինչո՞վ էր այս դեպքը տարբերվում մյուսներից:
-Նշված հիվանդի մոտ առկա էր անոթների խիստ ոլորվածություն և արտահայտված աթերոսկլերոտիկ ախտահարում: Վերջինս առանձին հիվանդություն է, որին բնորոշ է անոթների պատերի խոցոտումը և թրոմբագոյացումը: Չնայած դրան՝ վիրահատությունն անցավ հարթ, և հաջողվեց վերացնել ապագա արյունազեղումների սպառնալիքը:
Վիրահատությունն ավարտելուց հետո, որպես պարտադիր, փուլ իրականացվում է ստուգիչ անգիոգրաֆիա` համոզվելու համար, որ անևրիզման փակված է և գլխուղեղը սնուցող զարկերակներն անցանելի են: Հենց այդ ժամանակ հայտնաբերվեց գլխուղեղի աջ կիսագնդի մոտ 80%-ը սնուցող խոշոր զարկերակի խցանում՝ պարանոցի խոցոտված անոթից պոկված թրոմբով:
-Ի՞նչ հետևանքներ կարող է թողնել այդ անոթի խցանումը:
-Այդպիսի խոշոր զարկերակի խցանումը գրեթե միշտ առաջացնում է գլխուղեղի աղետալի կաթված, որը հաճախ ավարտվում է անբարենպաստ ելքով` մահվամբ կամ վեգետատիվ` անգիտակից վիճակով: Բարեբախտաբար ներկայումս մեր տրամադրության տակ առկա են «Ալտեպլազա» կոչվող դեղը, որը կարող է լուծել առաջացած թրոմբը և վերականգնել գլխուղեղի սնուցումը: Այն ևս առաջին անգամ Հայաստանում հաջողությամբ կիրառվել է մեր կենտրոնում՝ ճակատագրի բերումով բժշկի կյանքը փրկելու նպատակով: Արդյունքում հաշմանդամության կամ վախճանվելու փոխարեն դեպքից մեկ շաբաթ անց նա կարողացել է վերադառնալ իր ամենօրյա աշխատանքին:
-Արդյո՞ք այս դեղամիջոցը կարող է օգնել բոլոր կաթվածների դեպքում:
-«Ալտեպլազան» նախատեսված է գլխուղեղի իշեմիկ կաթվածների, այսինքն՝ անոթի խցանման համար, իսկ գլխուղեղի արյունազեղումների դեպքում անգամ հակացուցված է: Կան նաև մի շարք սահմանափակումներ. այս դեղամիջոցը կարող է լուծել միայն փափուկ կազմ ունեցող և նոր առաջացած թրոմբը և արդյունավետ է, եթե կիրառվում է կաթվածի առաջացման պահից սկսած՝ 4,5 ժամվա ընթացքում: Ուստի չափազանց կարևոր է կաթվածի առաջին իսկ նշանների հայտնվելուն պես հիվանդին շտապ տեղափոխել Կաթվածների մասնագիտացված կենտրոն:
-Բայց չէ՞ որ բժիշկների և ազգաբնակչության շրջանում կարծիք կա, որ գլխուղեղի կաթվածներով հիվանդներին տեղափոխությունը հակացուցված է:
-Դա անհեթեթություն է: Գլխուղեղի կաթվածի բուժումն ավելի հրատապ միջոցառումներ է պահանջում, քան սրտամկանի ինֆարկտի բուժումը: Ուստի միակ ճիշտ որոշումը հիվանդին անհապաղ կաթվածների մասնագիտացված կենտրոն տեղափոխելն է:
-Ինչևէ, վերադառնանք մեր այսօրվա քննարկվող դեպքին:
-Խցանված անոթը հայտնաբերելուն պես տեղային՝ ներզարկերակային եղանակով ներարկվեց «Ալտեպլազան», որը, սակայն, ինչպես նշեցի, ազդում է միայն թարմ թրոմբի վրա: Մինչդեռ խոցոտված աթերոսկլերոտիկ վահանիկից ծագած թրոմբն ամուր է, կարող է պարունակել կրակալման օջախներ և անգամ հյուսվածքի ու խոլեստերինի կտորներ: Ուստի զարմանալի չէր, որ «Ալտեպլազան» չկարողացավ քայքայել թրոմբը և վերականգնել արյան շրջանառությունը:
Նմանատիպ դեպքերում գործի է դրվում ներանոթային նյարդավիրաբուժության ծանր հրետանին՝ թրոմբի ներանոթային հեռացումը հատուկ գործիքներով: Թրոմբի հեռացման համար գոյություն ունեցող բազմաթիվ գործիքներից այս մեկն առանձնահատուկ է նրանով, որ վերականգնում է արյան շրջանառությունն անմիջապես՝ նույնիսկ նախքան թրոմբի հեռացումը: Դա զգալի ժամանակ է տալիս վիրաբույժին՝ առանց շտապողականության և ապահով կերպով իրականացնելու վիրահատությունը: Բացի այդ, ի տարբերություն «Ալտեպլազայի», թրոմբի մեխանիկական հեռացումը կարող է իրականացվել կաթվածի առաջացման պահից երբեմն նույնիսկ 8-12 ժամ հետո:
Ի ուրախություն մեզ՝ թրոմբի հեռացումն ընթացավ առանց բարդությունների, և այժմ պոտենցիալ մահացու կաթվածի փոխարեն հիվանդի մոտ առկա է միայն ձախ ձեռքի թեթև թուլություն, որը ժամանակի ընթացքում կվերականգնվի: Այդ կապակցությամբ հատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել մեր աշխատակից, ներկայումս ԿԿԶՀ-ում զինծառայությունն իրականացնող Տիգրան Խաչատրյանին:
- Վերջում, խնդրում եմ, թվեք այն ներանոթային վիրահատությունների ցանկը, որոնք իրականացվում են Երևանի պետական բժշկական համալսարանի կաթվածների մասնագիտացված կենտրոնում:
-Մինչ վիրահատությունների ցանկը թվելը կցանկանայի նշել, որ բոլոր այս վիրահատությունները Հայաստանում առաջին անգամ իրականացվել են մեր կենտրոնում: Դրանք են՝ գլխուղեղի զարկերակային անևրիզմաների ներանոթային բուժում, արտերիովենոզ մալֆորմացիաների էմբոլիզացիա, կարոտիդ-կավերնոզ ֆիստուլաների ներանոթային բուժում, թրոմբի հեռացում, քնային և ներուղեղային զարկերակների ստենտավորում, զարկերակ-երակային բերանակցումների էմբոլիզացիա, գլխուղեղի ուռուցքների անոթային համակարգի խցանում:
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







