Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հեպատիտի համաշխարհային օրվանն ընդառաջ. վերջին տարիներին առկա է հեպատիտ A-ի և B-ի հիվանդացության նվազման միտում

Հեպատիտի համաշխարհային օրվանն ընդառաջ. վերջին տարիներին առկա է հեպատիտ A-ի և B-ի հիվանդացության նվազման միտում

Հուլիսի 28-ը հեպատիտի համաշխարհային օրն է. ՀՀ ԱՆ 2010 թվականի մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի ժամանակ ընդունված վիրուսային հեպատիտների, մասնավորապես` Բ-ի և Ց-ի մասին որոշումը (ռեզոլուցիա) ՀՀ Առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ և իր հետագա աշխատանքներն իրականացրել է և իրականացնում է այդ համատեքստում:

 

Վերջինիս վկայությունն է հուլիսի 28-ը` որպես Հեպատիտների համաշխարհային օրը նշելը: Այս մասին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսին: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, բ.գ.թ. Լիլիթ Ավետիսյանի խոսքով` վիրուսային հեպատիտներն աշխարհում հանրային առողջապահական գերակա խնդիրներից են:

 

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր արդեն հայտնի են հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող մոտ 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված են 6-ը` A, B, C, D, E, G:

 

Տիկին Ավետիսյանի փոխանցմամբ` տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ A-ի մոտավորապես 1,4 մլն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ B վիրուսին, իսկ մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակիր են: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ մահանում է սուր կամ քրոնիկ հեպատիտ B-ի բարդություններից:

 

Քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ B-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը` ծխելուց հետո: Աշխարհի ազգաբնակչության 150 մլն-ից ավելին վարակված են հեպատիտ C-ով և տարեկան հայտնաբերվում է 3-4 մլն վարակի նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ C-ի բարդություններից: Հեպատիտ  A-ի և B-ի դեմ առկա են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ C-ի պատվաստանյութի ստեղծմանն ուղղված աշխատանքներն աշխարհում դեռևս շարունակվում են:

 

Տիկին Ավետիսյանն ասաց նաև, որ այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ է պահանջում, որի հետևանքով բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների բեռը, առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը նշանակալի է աշխարհի բազմաթիվ երկրների համար:

 

Անդրադառնալով Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակին ասուլիսի բանախոսներ` ՀՀ ԱՆ համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանն ու ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանն ասացին, որ համաձայն վարչական վիճակագրության տվյալների, հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 90 %-ը բաժին է ընկնում հեպատիտ A-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ A-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008 թ. 25,7-ից նվազել է 2013 թ.` 2,3-ի:

 

Բանախոսներն ընդգծեցին, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է վիրուսային հեպատիտ B-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ. 3,4-ից նվազել է 2013թ.` 1,8-ի: Վերջին տասնամյակում հեպատիտ B-ի հիվանդացության նվազումն ակնառու է:

 

Մասնագետները հուրախությամբ փաստեցին, որ մինչև 1999թ. պատվաստումների ներդնումը, նկատվում էր համաչափ նվազում և՛ մեծահասակների, և՛ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 2,5 %, ապա պատվաստումների ներդնումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ նվազում հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում` 98 անգամ /ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,1-ի/: Նշվածը ապացուցում է պատվաստումների անհրաժեշտությունը, կարևորությունը և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ B-ի կանխարգելման գործում: Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա, համաձայն վարչական վիճակագրական տվյալների, վերջինիս հիվանդացության նշանակալի աճ չի արձանագրվել: Սակայն այն շարունակում է մնալ առողջապահության գերակա հիմնախնդիրներից մեկը:

 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վիրուսային հեպատիտներն ամբողջ աշխարհում հանրային առողջապահության հիմնախնդիրներից մեկն են` Առողջապահության նախարարությունը, հարցը կարևորելով, ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ` նպատակ ունենալով հետագայում պայքարի ու կանխարգելման միջոցառումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ