Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ի պատասխան մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցի

Ի պատասխան մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցի

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ. Չնայած կառավարության որոշմանը, բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները  չեն ստացել անվճար կամ արտոնյալ  պայմաններով դեղեր:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Ձեռնարկել միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի գործընթացը` օրենքին համապատասխանեցնելու ուղղությամբ, միաժամանակ բարելավելով դրանց սպասարկումը և մատա¬կա¬րար¬ումը պայմաններով դեղեր:

 

Համաձայն կառավարության 23.11.2006թ. թիվ 1717-Ն որոշման և առողջապահության նախարարի 27.01.2005թ. թիվ 74-Ն հրամանի` անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական և հատուկ խմբերում և հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերով ապահովումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, մասնագիտացված հիվանդանոցների ու դիսպանսերների միջոցով` համապատասխան մասնագետի նշանակմամբ (դեղերի դուրս գրումն իրականացվում է «ՀՀ հիմնական դեղերի ցանկին» համապատասխան):

 

Մինչև 7 տարեկան երեխաներն ընդգրկված են  սոցիալական խմբերի այդ ցանկում և իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից: Քրոնիկական որոշակի հիվանդություններով տառապող երեխաներին դեղերը կարող են տրամադրվել անկախ տարիքից և հաշմանդամության կարգից, օրինակ` «Կոլխիցին»` պարբերական հիվանդության, հակացնցումային դեղեր` էպիլեպսիայի, հակադիաբետիկ դեղեր` շաքարային դիաբետի, «Ֆենիլալանին չպարունակող մանկական սնունդ»` ֆենիլկետոնուրիայի դեպքերում:

 

Եթե հիվանդին բժշկական ցուցումով նշանակվում է «Հիմնական դեղերի ցանկ»-ում չընդգրկված դեղ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնoրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա հիվանդին դուրս է գրվում դեղ նախարարի հրամանով հաստատված «ՀՀ-ում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի (ռեեստրի)» ցանկից:

 

Քաղաքացիները կարող են օգտվել նաև մարդասիրական ճանապարհով ստացվող դեղերից, քանի որ համաձայն առողջապահության նախարարի 27.01.2005թ. թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի. «Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին ըստ բժշկական ցուցումների»` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

 

Ամբուլատոր պայմաններում քաղաքացիներին դեղերի կամ դրանց համարժեքների հատկացումն իրականացվում է բժիշկ-մասնագետի նշանակումների հիման վրա:

 

Առողջապահության նախարարի 01.11.2013թ. թիվ 70-Ն հրամանով հաստատված չափորոշչի համաձայն` տեղամասային մանկաբույժը (ընտանեկան բժիշկը) նորածնին առաջնակի հաշվառման վերցնելու ժամանակ ծնողին տեղեկացնում է այդ չափորոշչով սահմանված ծավալներին համապատասխան երեխայի անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության իրավունքի մասին` ներառյալ անվճար դեղերով ապահովումը:

 

Մինչև 7 տարեկան երեխաներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերով ապահովման իրավունքը բազմիցս լուսաբանվել է ԶԼՄ-ներով, իսկ դեղերի տրամադրման հետ կապված խնդիրներին օպերատիվ լուծում է տրվել`  թե՛ ԱՆ թեժ գծի միջոցով, թե՛ քաղաքացիների դիմումներին պատասխանելով:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է մինչև 7 տարեկան երեխաներին և սոցիալական կամ հատուկ խմբերում ընդգրկված անձանց սահմանված կարգով անվճար դեղերի տրամադրման վերաբերյալ հանրության լայն զանգվածներին իրազեկումը։ Առաջիկայում ևս հետևողականորեն կշարունակվեն մինչև 7 տարեկան երեխաների անվճար դեղերից օգտվելու իրավունքի մասին ԶԼՄ-ների և  առողջապահության նախարարության պաշտոնական կայքի միջոցով իրազեկման աշխատանքները, ինչպես նաև  առողջապահության նախարարության կողմից պարբերաբար իրականացվող ուսումնասիրությունները` հնարավոր խախտումները կասեցնելու նպատակով:

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ. Դեռևս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետևանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Հետևողական լինել բժշկական էթիկայի կանոնների ընդունման հարցում, որի արդյունքում, օրինակ` բժշկական գաղտնիքը չպահպանող, հիվանդների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները կենթարկվեն պատասխանատվության:

 

2013թ. առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով մշակվել և կառավարություն է ներկայացվել բժշկական գաղտնիքի ոլորտը կարգավորող «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որը հավանության արժանանալու դեպքում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Բժշկական Էթիկայի կանոնների ներդրման նպատակով Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի  և Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության մասնագետները Բժշկական համաշխարհային ասոցիացիայի կողմից ընդունված բժշկական էթիկայի կանոնների հիման վրա մշակել են բժշկական էթիկայի կանոններ։ Նախատեսվում է դրանք ներդնել բժիշկների մասնագիտական միավորումների միջև  հուշագրի կնքմամբ, ինչն էլ վերջիններիս կպարտավորեցնի մասնագիտական իրենց գործունեության ընթացքում առաջնորդվել բժշկական էթիկայի կանոններով: Բացի այդ, մշակվում է նաև բժշկական էթիկայի կանոնները սահմանող օրենքի նախագիծ, որը սահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ: Էթիկայի կանոններն օրենքով հաստատվելու դեպքում դրանց խախտման ժամանակ կնախատեսվեն պատասխանատվության միջոցներ:

 

Միաժամանակ հարկ է նշել, որ,  համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 145 հոդվածի, առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ. Օրենքում դեռևս բացակայում է «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքները:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Սահմանել «բժշկական սխալ» եզրույթը, որի արդյունքում հնարավոր կլինի օբյեկտիվորեն գնահատել անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը, դրանց հնարավոր հետևանքները:

 

«Բժշկական սխալ» հասկացության օրենսդրական կարգավորումը սահմանող իրավական ակտի մշակման և կառավարություն ներկայացնելու ժամկետը սահմանվել  է ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 303-Ն որոշման հավելվածով սահմանված 4-րդ կետով: Միջոցառումը կկատարվի 2016 թվականի ընթացքում:

 

Միևնույն ժամանակ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի միջև 2013 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում շարունակվում է  առողջապահության ոլորտի կլինիկական ստանդարտների ներդրման գործընթացը, որը հնարավորություն կտա ապահովել ՀՀ-ում մատուցվող  բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը և անվտանգությունը: Ստանդարտների վերջնական ներդրումը հնարավորություն կտա նաև օբյեկտիվորեն գնահատել մատուցվող ծառայությունների որակը:

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ. Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի արտամարմնային բեղմավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Միջոցներ ձեռնարկել անպտուղ և սոցիալապես անապահով զույգերի արտամարմնային բեղմնավորումը մատչելի դարձնելու ուղղությամբ (բարձրացնել պետական աջակցությունը, նախատեսել արտոնություններ):

 

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման տեսակները ներառված են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության տեսակների ցանկում և մինչև 2014թ. չէին մատուցվում պետական պատվերի շրջանակներում:  2013թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում կատարվեց լրացում, ինչը ենթադրում է, որ նշված ծառայություններն անվճար կամ արտոնյալ պայմաններով կարող են մատուցվել առողջապահական ամենամյա նպատակային ծրագրերի շրջանակներում:

 

Ի կատարումն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այս նոր դրույթի և ՀՀ կառավարության 26.11.2013թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 1094-Ա որոշման` ԱՆ կողմից մշակվել և սահմանված կարգով  շրջանառության մեջ է դրվել «Անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» կառավարության  որոշման նախագիծը:

 

Ստացվել են կարծիքներ և եզրակացություններ աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների և արդարադատության նախարարություններից: Առաջիկայում նախագիծն, ըստ ներկայացված կարծիքների, կլրամշակվի և կներկայացվի ՀՀ կառավարություն, որից հետո կքննարկվի ֆինանսավորման հարցը:

 

Ելնելով վերը նշվածից, կարելի է փաստել, որ ոչ թե հազարավոր   անպտուղ զույգեր «զրկվել են» երեխա ունենալու հնարավորությունից, այլ օրենսդրական բարեփոխումների արդյունքում 2014 թվականից  վերարտդրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու և  երեխա ունենալու հնարավորություն կստանան:

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ. Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռևս չի ներառվել  կառավարության որոշմամբ հաստատված այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Արդյունքում նման ծանր հիվանդությամբ տառապող անձանց համար այդ թանկ դեղերը հիմնականում հասանելի չեն լինում:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Մշակել կառավարության որոշման նախագիծ՝ ուղղված մարդու կյանքին լուրջ վտանգ ներկայացնող «ցրված սկլերոզ» հիվանդությունը ներառելով ՀՀ կառավարության  2006թ. նոյեմբերի 23-ի N1717-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում:

 

Արձանագրված խնդրի նկարագրությունից պարզ չէ, թե ինչու է հազարավոր հիվանդությունների ցանկից «ցրված սկլերոզն» է ընտրվել որպես պետության համար առավել առանջնային հիվանդություն, որի դեպքում դեղերը պետք է տրամադրվեն անվճար:

 

Արտոնյալ խմբերին պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովման խնդրի առնչությամբ հարկ է նշել, որ սահմանափակ բյուջեի պայմաններում կառավարությունը դեղապահովումն իրականացնում է առավել խոցելի խմբերին և սոցիալական կարևորություն ունեցող հիվանդությունների դեպքում։ Ընդ որում, դեղերի ընտրությունը հիմնականում իրականացվում է «Հիմնական դեղերի ցանկին» համապատասխան, որում ամրագրված են բնակչության առողջապահական հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ առավել մատչելի դեղերը:  

 

Վերջին տարվա ընթացքում կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման մեխանիզմների կատարելագործման, մրցույթների ընթացքում մրցակցության ապահովման արդյունքում առաջացել են որոշակի խնայողություններ, որոնք առողջապահության նախարարությանը թույլ  կտան բարելավել դեղապահովումը և խնայված միջոցների հաշվին իրականացնել նոր ծրագրեր, ձեռք բերել նոր դեղեր:  

 

Կարևորելով «ցրված սկլերոզ» հիվանդության համար «թանկ դեղերը» պետական բյուջեի միջոցներով ձեռք բերելու խնդիրը, այդուհանդերձ հայտնում ենք, որ  նախարարությունը, մշակված ծրագրերին և առաջնահերթություններին համապատասխան, խնայված միջոցների հաշվին առաջնահերթ կարգով պլանավորում է ձեռք է բերել մանկական առողջության պահպանման ոլորտի դեղեր:

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ. Չեն մշակվել օրենսդրական կարգավորումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման համար, մինչդեռ այդ խնդիրը կրում է համատարած բնույթ:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Օրենսդրական կարգավորումներ նախատեսել գործող օրենսդրության շրջանակներում՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման համար, որին զուգահեռ իրականացնել այդ թեմայով ընդհանուր իրազեկվածության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ:

 

Խնդիրը երկրում առկա է, իրականացվել են բազմաթիվ վերլուծություններ և բազմամակարդակ քննարկումներ: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` ըստ սեռի ծնելիության ցուցանիշները փաստում են սելեկտիվ աբորտների առկա գործելակերպի մասին, որին նպաստող գործոններից է պտղի սեռի որոշման հնարավորությունը հղիության ընթացքում: Սակայն խնդիրը շատ ավելի խորքային է ու բազմագործոն: Խնդրի ուսումնասիրության նպատակով 2011թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ ԱՎԾ և ՀՀ ԱՆ համագործակցությամբ իրականացվել է ներկայացուցչական հետազոտություն` ուղղված սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածության գնահատմանը և դրա պատճառների պարզաբանմանը: Այն իրականացվել է տնային տնտեսություններում  և  բուժհաստատություններում` վերարտադրողական տարիքի կանանց հարցման ճանապարհով:

 

Հետազոտության արդյունքները վերլուծվել են Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող միջազգային փորձագետ, դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից: Այս հետազոտության տվյալները ևս հաստատել են, որ Հայաստանում առկա է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման գործոնը:

 

Միջազգային փորձագետի գնահատմամբ` առանձնացվել է խնդրի 3 հիմնական պատճառ.

 

  1. Հայաստանյան հասարակությունը բնույթով հայրիշխանական է և տղա երեխաներին գերադասում է աղջիկներից։
  2. Զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ. ծնելիությունը պարզ վերարտադրության աստիճանից բավականին ցածր է և տատանվում է 1,4-1,7 շրջանակներում։
  3. Երկրում առկա և հասանելի են համապատասխան տեխնոլոգիաներ, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և ազատվել «անցանկալի» աղջիկ երեխաներից:

 

Միաժամանակ, 2013թ. ընթացքում  առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ զգալի աշխատանք է կատարել հանրության շրջանում սելեկտիվ աբորտների նկատմամբ վերաբերմունքի փոփոխման ու դրանց կանխարգելման ուղղությամբ: Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման օրենսդրական կարգավորումը նախատեսված է ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 303-Ն որոշման հավելվածով սահմանված 5-րդ կետով: Միջոցառումը կկատարվի սահմանված ժամկետում:

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ. Ցածր վարձատրության և բուհերում անվճար ուսման քիչ տեղերի հետևանքով խիստ անբավարար է եղել հոգեբույժների քանակը:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Ձեռնարկել գործուն քայլեր՝ ուղղված հոգեբույժների քանակի համալրմանը, մասնավորապես՝ պատշաճ վարձատրություն սահմանելով նշված մասնագիտության ներկայացուցիչների համար և ավելացնելով պետական պատվերի շրջանակներում սովորող հոգեբույժների թվաքանակը:

 

Հոգեկան առողջության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` կադրերի ոչ բավարար քանակը: Ներկայումս ՀՀ-ում աշխատում է 176 հոգեբույժ։

 

2013-2014 ուսումնական տարվա ընդունելության նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի շրջանակներում հոգեբույժի 2 անվճար տեղի համար հայտարարված մրցույթին դիմել է ընդամենը մեկը:

 

Ոլորտի խնդիրները համալիր վերլուծելու և լուծումներ առաջարկելու նպատակով դեռևս 2011թ. առողջապահության նախարարի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ստեղծվել է տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը մշակել և ՀՀ ԱՆ է ներկայացրել Հոգեկան առողջության ոլորտի պահպանման և բարելավման ռազմավարությունը և 2014-2019թթ. գործողությունների պլանը, որն անցել է տեղական և միջազգային փորձաքննություն։ Փաստաթուղթն այժմ կառավարության հաստատման փուլում է: Ռազմավարությունում ներառված են հոգեկան առողջությանն առնչվող բոլոր ոլորտները՝ հոգեբուժություն, կադրեր, կրթություն, ֆինանսավորում,  սոցիալական խնդիրներ, խարանի նվազեցում, համայնքային ծառայություններ, վերականգնում և այլն:

 

ՀՀ կառավարության 12.12. 2013թ. թիվ 1390-Ն  որոշումով տրոհման միջոցով վերակազմավորվեց Հոգեբուժական բժշկական կենտրոնը, և 2014թ. մարտին ձևավորվեց առանձին ուղղվածություններով  5 նոր կազմակերպություն, ինչը կապահովի հոգեբուժական մասնագիտացված ծառայությունների մատուցման որակի բարելավում:

 

2014թ. փետրվարին ՀՀ առողջապահության նախարարության, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի և «Սանոֆի» ֆրանսիական ընկերության միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը նկատելի տեղաշարժ կապահովի հոգեկան խանգարումներ ունեցողների դեղորայքի մատչելիության և խարանի նվազեցման գործում:

 

Այդ հուշագրից բխող գործողությունները, հոգեբուժական ծառայության մասնագիտական տարանջատումը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից Հոգեկան առողջության ոլորտի պահպանման և բարելավման ռազմավարության և 2014-2019թթ. գործողությունների պլանի հաստատումից հետո նախատեսված միջոցառումների շնորհիվ  հոգեկան առողջության ոլորտում արմատական փոփոխություններ կարձանագրվեն, որոնք կհանգեցնեն ոլորտում տարիներ շարունակ կուտակված հիմնախնդիրների լուծմանը:  

 

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի թիվ 5 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել  «Առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ցանկը», որով նախատեսվում է առաջիկա տարիներին ներդնել առողջապահության ոլորտի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման և կրեդիտավորման համակարգ, ստեղծել բուժաշխատողների տվյալների տեղեկատվական բազա, իրականացնել առողջապահության ոլորտի համապատասխան մասնագետների պլանավորման համալիր աշխատանքներ` առաջիկա 20 տարվա կտրվածքով, կատարելագործել բուժաշխատողների նյութական խրախուսման մեխանիզմները, բարձրացնել մասնագիտական ասոցիացիաների  դերը և այս ուղղությամբ  իրականացնել մի շարք այլ աշխատանքներ:

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ. Մի շարք դեպքերում քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել օրենքով հասանելիք անվճար քիմիաթերապիան:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Միջոցներ ձեռնարկել անվճար քիմիաթերապիայի անօրինական չտրամադրման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ