Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Երեւանում չափահաս բնակչության մոտ 200 հազարն ունի սրտանոթային խնդիրներ

Երեւանում չափահաս բնակչության մոտ 200 հազարն ունի սրտանոթային խնդիրներ

Երթեւեկությունը, շատ հետիոտների եւ վարորդների կուլտուրայի բացակայությունը, ավտոմեքենաների անտեղի ազդանշանները երեւանցիների նյարդերի վրա են ազդում, սթրեսներ պատճառում: Այսօր «Հայացք» ակումբում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե «սթրեսայի՞ն» է մեր քաղաքը, ասաց նյարդաբան Հովհաննես Մանվելյանը: Ըստ նրա, սակայն, մեր մայրաքաղաքն ունի մի շարք առավելություններ, որոնք բարձրացնում են մարդու տրամադրությունը` վարդագույն տուֆի առկայությունը, արեւային եղանակը, բացօթյա սրճարանները: Պարոն Մանվելյանի կարծիքով, եթե ավելի շատ լողավազաններ բացվեն, ապա մարդիկ ավելի առողջ կլինեն:  

 

Մասնագետի խոսքերով, եղանակային պայմաններն անմիջական ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա, անկախ այն բանից, որ մարդը կենսաբանորեն պատրաստ է կլիմայի փոփոխություններին: Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը նույնպես գտնում է, որ սրտանոթային խնդիրներ ունեցողները, եղանակով պայմանավորված, պետք է ուշադիր լինեն, սակայն առողջ սիրտ ունենալու համար պետք է առողջ ապրելակերպ վարել` չծխել, ալկոհոլը չչարաշահել, զբաղվել սպորտով, խուսափել յուղոտ, խոլեստերինով հարուստ սննդամթերքից:

 

Ըստ բժիշկ Զելվեյանի, վերջերս Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը օդի աղտոտվածությունը նույնպես լուրջ դերակատարում է համարել սրտանոթային խնդիրների համար: Նրա տվյալներով, Երեւանում չափահաս բնակչության մոտ 200 հազարը ունի սրտանոթային խնդիրներ, ինչը, բժշկի համոզմամբ, անհանգստացնող ցուցանիշ է:

 

Պարունակ Զելվեյանը, սակայն, վստահեցնում է, որ այս խնդիրը առկա է ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ զարգացած երկրներում, չափահաս բնակչության մոտ 30 տոկոսն ունի այդպիսի խնդիր: Նրա խոսքերով, մեզ մոտ բացակայում է դեղ ընդունելու կուլտուրան. «Մեր երկրում խնդիրներ ունեցող բնակչության, որը մոտ 30 տոկոս է կազմում, միայն 9 տոկոսն է արդյունավետ բուժում ստանում: Հատկապես քրոնիկ հիվանդները պետք է ոչ թե սպասեն հիվանդությունը գա՝ նոր բուժեն, այլ պետք է մշտապես կապի մեջ լինեն իրենց բժշկի հետ, շարունակական հսկողության տակ` անկախ նրանից՝ գարուն է, աշուն է, թե`ձմեռ: Ապահովագրական բժշկությունը նույնպես կկանխի այդ հիվանդության տարածումը: Տնտեսապես ավելի ձեռնտու է հիվանդությունը կանխարգելել, քան հետեւանքները բուժել, որը շատ ավելի թանկ է նստում թե’ քաղաքացու եւ թե’ պետության վրա»:

 

Նյարդաբանի ներկայացմամբ, գարնանը հոգեբանական, նյարդաբանական խնդիրները սրվում են, գլխացավեր են լինում, զարկերակային ճնշման տատանումներ եւ այլն, ինչը պայմանավորված է օրվա երկարելով:

 

Բժիշկները կոչ են անում զարկերակային ճնշման տատանումներ ունենալու դեպքում անպայման դիմել բժշկի, քանի որ այն տարիների հետ կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի: Շուտով հանրապետությունում սկրինինգային ծրագիր կմեկնարկի, եւ հատուկ տարիքային խմբերը կհետազոտվեն շաքարային դիաբետի եւ սրտանոթային խնդիրների դեմ: 

Հեղինակ. Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
Լուսանկարը. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ