Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կոռուպցիոն ռիսկերի վերահսկման աշխատանքները շարունակվում են

Կոռուպցիոն ռիսկերի վերահսկման աշխատանքները շարունակվում են

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մասնակցությամբ բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովը հերթական հանդիպման ժամանակ հաստատեց իր աշխատակարգը, գործառույթների վերաբերյալ հանդես եկավ առաջարկություններով և դիտարկումներով, ինչպես նաև հստակեցրեց հանդիպումների ժամանակացույցը:

 

Միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և արհմիությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը  հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմին է, որը տարբեր հարցերի, մասնավորապես`  առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, վերահսկման և նվազեցման, իրական կոռուպցիոն օղակների և ռիսկերի, դրանց իրական պատճառների և մեխանիզմների, գումարների ոչ նպատակային, անարդյունավետ ծախսման, փոշիացման դեպքերի հայտնաբերման, հաղթահարման մեխանիզմների և տարբերակների մշակման ու իրականացման ուղղություններով հանդես է գալու առաջարկություններով:


Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց առողջապահական հաստատությունների վարկանիշային մակարդակների սահմանման չափանիշները, որոնց հիմքում ընկած են բուժօգնության իրականացման, մատուցվող բժշկական ծառայությունների որակի և անվտանգության, կադրային ներուժի գնահատման, սարքավորումներով հագեցվածության և սպասարկման պայմանների բարելավման, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության գնահատման ցուցանիշները:


Որպես բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման միջոցառումներ`  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց բժշկական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկման արդյունքները:


«Նպատակը հիվանդանոցներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացի նկատմամբ շարունակական վերահսկողություն սահմանելն է, բուժօգնության որակը և մատուցվող ծառայություններից բնակչության գոհունակությունը գնահատելը, խնդիրներ առաջանալու դեպքում դրանց լուծմանն աջակցելն ու ինչպես բնակչության, այնպես էլ բուժաշխատողների համար պարզաբանումներ կատարելը», - ասաց փոխնախարարը:


Վահան Պողոսյանն անդրադարձավ նաև բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի փորձարարական ներդրմանը և դրանից բխող հարցերին:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր խոսքում ընդգծեց, որ բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրումը նպատակ ունի պաշտպանել թե բուժօգությունից օգտվողների, թե բժիշկների իրավունքները:


«Երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա բարդ և դժվար ախտորոշվող հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն առավել արդյունավետ իրականացնել, ծանր և կասկածելի իրավիճակներում համատեղ լուծումներ գտնել, ինչպես նաև նվազեցնել սխալվելու հավանականությունը»,-նշեց նախարարը:


ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց  հղիության ախտաբանության համավճարի ներդրման հարցը:


Հանձնաժողովի անդամները կոռուպցիոն ռիսկերի վերահսկման և ստվերայնության կրճատման կարևոր գրավական համարեցին զսպող մեխանիզմների կիրառումը, միևնույն ժամանակ նկատեցին, որ հղիության ախտաբանության համավճարի ներդրման հարցում պետք է հստակեցնել մեխանիզմները:


Ներկաները պատրաստակամություն հայտնեցին նիստում հնչած բոլոր հարցերի կապակցությամբ հանդես գալ առաջարկներով:

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ