Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Պարզաբանումներ Հայաստանում կիրառվող ՄԵՐՏԵՆԻԼ դեղամիջոցի շուրջ

Պարզաբանումներ Հայաստանում կիրառվող ՄԵՐՏԵՆԻԼ դեղամիջոցի շուրջ

Ըստ ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տեղեկատվության՝ արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան շուկայում առկա է ՄԵՐՏԵՆԻԼ դեղամիջոցը: Այն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2011 թվականի մայիսին և առ այսօր արդյունավետորեն կիրառվում է: 

 

Խոսքը վերաբերում է հունգարական գործարանի արտադրության  դեղամիջոցին (ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ընկերությունն ունի տարբեր արտադրատարածքներ՝ տարբեր երկրներում): Վերջերս Հայաստանում գրանցվեց նաև Ռուսաստանում գործող հայտնի «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ - ՌՈՒՍ» գործարանի կողմից արտադրվող ՄԵՐՏԵՆԻԼ դեղամիջոցը:

 

«Նույն ընկերությանը պատկանող երկու տարբեր գործարանների արտադրության դեղերի շրջանառությունը հայաստանյան փոքր շուկայում համարվեց ոչ նպատակահարմար և ընկերության պահանջով անվավեր ճանաչվեց ռուսաստանյան գործարանի արտադրության ՄԵՐՏԵՆԻԼ դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում»:


Հայաստանյան շուկայում նույն հաջողությամբ շարունակում է շրջանառվել ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ընկերության հունգարական արտադրության ՄԵՐՏԵՆԻԼԸ:  


Օրերս ռուսաստանյան արտադրության ՄԵՐՏԵՆԻԼ դեղամիջոցի՝ Հայաստանում գրանցումն անվավեր ճանաչվելու փաստը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Չնայած այն բանին, որ «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ - ՌՈՒՍ» գործարանի արտադրության դեղամիջոցը գրանցամատյանից հանվել է զուտ մարքեթինգային նկատառումներից ելնելով, և շուկայում շարունակում է մնալ հունգարական արտադրության ՄԵՐՏԵՆԻԼԸ, անբարեխիղճ մեկնաբանությունները հավակնում են թողնել սխալ տպավորություն:

 

Պարզաբանումներ ստանալու խնդրանքով Մեդ-Պրակտիկը դիմեց ՀՀ Առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանին:


–   Պարո՛ն Սահակյան, ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ընկերության Ռուսաստանում գործող գործարանի արտադրության ՄԵՐՏԵՆԻԼ դեղամիջոցի՝ Հայաստանում գրանցումը անվավեր ճանաչվելու փաստը կամ սխալ է ընկալվել, կամ ակնհայտորեն օգտագործվում է սև PR-ի նպատակներով. մեկնաբանություններում փորձ է արվում ստվեր գցել բավական պատկառելի դեղագործական ընկերության ՄԵՐՏԵՆԻԼ դեղամիջոցի վրա: Ձեզ ծանո՞թ դեպք է, ինչպե՞ս կմեկնաբանեք:


–   Դա կարող է լինել հրամանի սխալ ըմբռնման հետևանք: Այդ դեղն արտադրում է նաև Ռուսաստանում ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ-ՌՈՒՍ գործարանի կողմից: Նույն ընկերությանը պատկանող երկու տարբեր գործարանների արտադրության դեղերի շրջանառությունը հայաստանյան փոքր շուկայում համարվեց ոչ նպատակահարմար և ընկերության պահանջով անվավեր ճանաչվեց ռուսաստանյան գործարանի արտադրության ՄԵՐՏԵՆԻԼ դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: Շուկայում շարունակում է շրջանառվել հունգարական արտադրության նույն դեղը և որևէ խնդիր չի առաջացել:


Ձեր նշած անբարեխիղճ մեկնաբանությունները կարող են, այո՛, նաև միտումնավոր լինել: Դեղերի շուկային բնորոշ դեպք է սա: Քանի որ դեղերի բիզնեսը համարվում է շատ գայթակղիչ և շահութաբեր, այդ իսկ պատճառով և՛ դեղերի կեղծումներն են ահագնացել ամբողջ աշխարհում, և՛ խախտումներն ու անօրինական շրջանառությունը՝ չգրանցված դեղերն այս կամ այն շուկաներ մտցնելը, և՛ անբարեխիղճ գովազդը: Այս ամենի համատեքստում է նաև դեղագործական ընկերությունների՝ իրար դեմ պայքարը, որի անունը դնում են մրցակցություն, բայց իրականում դա անառողջ պայքար է, որի ընթացքում կիրառվում է, ինչու չէ` նաև սև PR:


–   Ընդհանրապես ի՞նչ պատճառներով են դեղերը դուրս գալիս գրանցումից:


–   Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Առողջապահության նախարարությունը դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչել և դադարեցնել դրա շրջանառությունը հետևյալ դեպքերում`

 

  • եթե դիմում է ստացել արտադրող կազմակերպությունից,

  • դեղի որակի, անվտանգության և արդյունավետության ընդունված չափանիշներին պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերված անհամապատասխանության, այդ թվում` դեղերի նոր բացասական ազդեցության հայտնաբերման դեպքերում,

  • դեղի մասին միջազգային մասնագիտական աղբյուրներից հիմնավորված և հավաստի բացասական տվյալներ ստանալու դեպքում,

  • եթե գրանցման հավաստագրի իրավատերը չի հայտնել դեղի որակին, անվտանգությանը կամ արդյունավետությանը վերաբերող նոր տվյալներ կամ չի կատարել նոր տվյալներին համապատասխան փոփոխություններ գրանցման փաստաթղթերում,

  • գրանցումից հետո շրջանառվող դեղի երեք տարբեր սերիաների որակի ստուգման արդյունքները եղել են բացասական:


Թվածս առաջին դեպքում դա կատարվում է դեղը Հայաստանում գրանցող կազմակերպության պահանջով, որը կարող է լինել տարբեր պատճառներով: Դրանցից մի մասը վերաբերում է դեղի որակին, անվտանգությանն ու արդյունավետությանը, իսկ մյուս մասը` տնտեսագիտական նկատառումներին` դեղի շրջանառության ցածր շահութաբերությանը կամ բացակայությանը, ինչպես խնդրո առարկա դեղի պարագայում է:


–   Ակնհայտ է, որ մարքեթինգային պատճառները, որոնց մասին նշված է ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ընկերության  ռուսական արտադրության ՄԵՐՏԵՆԻԼ-ի գրանցումը անվավեր ճանաչելու հրամանի մեջ, ուղղակիորեն չեն առնչվում դեղի որակական հատկանիշներին, առավել ևս՝  դեղագործական ընկերության աշխատանքին:

–   Այո, խնդրո առարկա դեղը գրանցումից հանելու պատճառները մարքեթինգային են: Սրա տակ կարելի է հասկանալ, օրինակ, որ արտադրողը կարծում է՝ տվյալ երկրում կոնկրետ իր մեկ այլ գործարանի արտադրության դեղաձևի առկայությունը նույն երկրի շուկայում անիմաստ է, կատարվող ծախսերը չեն փոխհատուցվում և հրաժարվում է դեղը տվյալ շուկայում շրջանառելուց, քանի որ շուկան չի արդարացնում իր սպասելիքները:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ընկերության հայաստանյան ներկայացուցչություն
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ