Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

2014թ. գերխնդիրն է բուժծառայությունների որակի բարձրացումը և կոռուպցիայի դեմ պայքարը

2014թ. գերխնդիրն է բուժծառայությունների որակի բարձրացումը և կոռուպցիայի դեմ պայքարը

«2013թ. մարզերում բուժհիմնարկների շինարարական աշխատանքների ընթացքում Առողջպահության նախարարությունը տնտեսել է մոտ 1.6 մլն դոլար: Մարզերում կառուցել և շահագործման ենք հանձնել 13 ամբուլատոր և երկու բժշկական կենտրոններ:

 

2014թ. այս խնայված միջոցներով կառուցելու ենք ևս վեց ամբուլատոր կենտրոն, որոնցից երեքը` Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում»,- այս մասին իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:  Ըստ նախարարի`  առաջիկա աշխատանքների մեջ է մտնում նաև Մեծամորի պոլիկլինիկայի վերակառուցումը, ինչպես նաև շտապ օգնությունը 10 նոր մեքենաներով վերազինելը:

 

Նախարարը 2013 թվականը ֆինանսավորման առումով հաջող տարի է համարում: Անցած տարին հաջող է եղել նաև ստվերային համակարգի դեմ պայքարում:

 

«2013թ.՝ 10 ամսվա կտրվածքով, վճարովի ծառայությունների մատուցումից ստացված, եկամուտները 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 32.1%-ով և կազմել 25.625,0 մլն դրամ»,- ներկայացրեց նախարարը: Վերջինս խոստացավ նաև, որ շարունակաբար կիրառվելու են բուժանձնակազմի աշխատանքի վարձատրման խրախուսական մեխանիզմները: 2013-ին մշակվել է նաև առողջապահական համակարգի բարելավման և կոռուպցիոն համակարգի նվազեցման ծրագիրը:


2014թ. գերխնդիրն է բուժծառայությունների որակի բարձրացումը և կոռուպցիայի դեմ պայքարըԱռողջապահության նախարարության առաջնային և կարևորագույն խնդիրներից մեկը մոր և մանկան առողջությունն է: «2013թ. մանկական մահացությունը կազմել է 9.9 պրոմիլե, ինչը վերջին տարիների ցուցանիշների համեմատ բավականին ցածր է: Մեր ցուցանիշը ԱՊՀ տարածաշրջանում ամենացածրն է»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, այս ցուցանիշը 2 անգամ պակաս է, քան ԱՊՀ երկրներում, սակայն 2 անգամ ավելի է, քան եվրոմիության երկրներում: Այնպես որ` աշխատանքները այս ուղղությամբ, պետք է ինտենսիվորեն շարունակել:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ` 5 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրները մոր մահացության ցուցանիշը հաշվում են եռամյա տվյալներով: Հայաստանում եռամյա տվյալներով մայրական մահացությունների ցուցանիշը 21.2  է կազմել` 100.000 կենդանի ծնվածների հաշվարկով: ԱՊՀ-ում այս թիվը 29.3 է: Այս տվյալները ներկայացրեց նախարար դերենիկ Դումանյանը:


2014թ. գերխնդիրն է բուժծառայությունների որակի բարձրացումը և կոռուպցիայի դեմ պայքարըՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Առողջապահության քաղաքականություն» փաստաթուղթը: «Առողջապահության քաղաքականության մասին փաստաթուղթը 2014-2020թթ. զարգացման հայեցակարգ է, որը մենք հաստատել ենք կոլեգիայի նիստում: Այս փաստաթուղթը հանդիսանալու է առողջապահության ոլորտի հետագա գործունեության հիմքը: Նախկինում մենք այսպիսի փաստաթուղթ չենք ունեցել», - ասաց Դերենիկ Դումանյանը:


Անցած տարի նախարարության կողմից մշակված կարևոր փաստաթղթերից մեկն էլ առողջ ապրելակերպի խթանման ռազմավարությունն է, որի հիման վրա 2014-ը հայտարարվել է «Առողջ ապրելակերպի տարի»: Առողջապահության նախարարը հորդորում է լրատվամիջոցներին ևս միանալ առողջ ապրելակերպի համար ուղղված պայքարին: 2014-ի գերխնդիրներից է նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Նախարարը խոստանում է. «2014-ին խստորեն պայքարելու ենք կոռուպցիայի, ստվերային համակարգի դեմ: 2014թ. հիմնական խնդիրները կլինեն բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու պայքարն ընդդեմ կոռուպցիայի»:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ