Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Երեւանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 60 հազար մարդ ազատորեն չի կարող տեղաշարժվել

Երեւանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 60 հազար մարդ ազատորեն չի կարող տեղաշարժվել

Այսօր՝ մարտի  26-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, առաջարկություններ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկում-ասուլիս, որին մասնակցել են «Հարմոնիա» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբան Ալբերտ Աբգարյանը, «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը եւ «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը:

 

Բանախոսները հիմնականում նշել են, որ թեեւ Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, օրենսդրական դաշտում պաշտպանված են նրանց իրավունքները, սակայն օրենքները հիմնականում դեռ թղթի վրա են եւ բազում հիմնախնդիրների պատճառ Երեւանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 60 հազար մարդ ազատորեն չի կարող տեղաշարժվել:

 

Արմեն Ալավերդյանը ներկայացրել է փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից առաջ իրականացրած դիտարկման արդյունքները,  ըստ որոնց Երեւանի բոլոր ընտրատեղամասերից թեքահարթակով ապահովված էր միայն 31 (6%) եւ դրանք լիովին մատչելի էին, իսկ 44-ը (9%)՝ մասամբ մատչելի:

 

«Իրականում սա բավական փոքր տոկոս է եւ քաղաքապետարան ներկայացրել ենք մեր առաջարկները (ընտրատեղամասերը հարմարավետ դարձնելու վերաբերյալ) կարծում ենք, որ մինչ Երեւանի ավագանու ընտրությունները  այդ փոփոխություններն իրականացնելը լիովին հնարավոր է»,- ասել է Արմեն Ալավերդյանը:

 

«Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը շեշտել է, որ դեռեւս նախորդ խորհրդարանական ընտրություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է տեսողական խնդիրներ ունեցողների ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը՝ տեղադրելով բրալյան համակարգով ստվարաթղթե կաղապարներ եւ խոշորացույցեր, որոնք, ըստ Աբգարյանի, լայնորեն կիրառվել են. «Ինքս օգտվել եմ այդ կաղապարից, ինքնուրույն քվեարկել եւ պահպանել գաղտնիությունը»,- ասել է նա:

 

«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանի հավաստմամբ վերջին մի քանի տարիներին պետական այրերի հետ հանդիպումներն ու համագործակցությունն առավել արդյունավետ են դարձել, բայց հիմնականում դրանք կրում են ֆորմալ բնույթ:

 

«Երբ հաշմանդամություն չունեցող մարդիկ են որոշումներ կայացնում, ապա հակված են մոռանալու դրանց մասին, իսկ մեր երկրում հիմնականում նրանք են որոշումներ կայացնում,-ասել է բանախոսը` հավելելով, որ եթե քաղաքապետարանում լիներ հաշմանդամություն ունեցող աշխատող, ապա նա ամեն օր կհիշեցներ, որ Երեւանում որեւէ տրանսպորտ հարմարեցված չէ եւ այլն:

 

«Մենք ամեն անգամ լավ խոստումներ ենք լսում, բայց գտնվում են տարբերակներ դրանք շրջանցելու», - դժգոհել է Արման Մուշեղյանը` փաստելով, որ մեկ տարի առաջ, երբ Երեւան էին ներկրվում  նոր ավտոբուսները, խոստումներ էին հնչել դրանք հարմարեցնելու կամ ներկրելու արդեն իսկ հաշմանդամների համար նախատեսված հարմարություններով ավտոբուսներ. «սակայն դա տարբեր պատճառաբանություններով կրկին չարվեց»:

 

Բանախոսները քննարկման ավարտին հույս են հայտնել, որ Երեւան քաղաքի նոր ավագանու հետ համագործակցությունը կլինի առավել սերտ` նպաստելով հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ