Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է, որ առաջիկայում մանկաբուժության ոլորտում ավելի լավ ցուցանիշներ կարձանագրեն

Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է, որ առաջիկայում մանկաբուժության ոլորտում ավելի լավ ցուցանիշներ կարձանագրեն

«Չնայած վերջին 20 տարիներին Հայաստանում նկատվում է մանկական մահացության կրճատում, սակայն նորածնային մանկաբուժության, երեխաների սնուցման, դպրոցահասակների և դեռահասների առողջության պահպանման առումով դեռևս լուրջ խնդիրներ կան»: Այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը` Երևանում այսօր մեկնարկած մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովում: 

 

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են շուրջ 350 մանկաբույժ Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից: Գիտաժողովը կազմակերպել է «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան»` ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: 

 

Ա.Բաբլոյանը նշեց, որ Հայաստանում մանկաբուժությունը համարվում է առողջապահության ոլորտի գերակա ուղղություններից մեկը, ուստի վերջին տարիներին այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք բարեփոխումներ: «Բայց դա դեռ բավարար չէ, մենք պետք է կարողանանք այնպիսի ջանքեր ներդնել, որպեսզի զարգացնենք առաջին օղակի մանկաբուժությունը` կլինի դա ընտանեկան բժիշկների, թե մանկաբույժների մակարդակով, սակայն այդ հարցն այսօր օրակարգում է»,- նշեց Ա.Բաբլոյանը: 

 

ԱԺ պատգամավորի խոսքերով` այն փոքր ներդրումները, որոնք պահանջվում են երեխաների առողջության պահպանման առաջին մակարդակում, կարող են ունենալ ավելի մեծ արդյունքներ, քան տասնյակ անգամ ավելի մեծ ներդրումները երկրորդ կամ երրորդ մակարդակներում: Միաժամանակ նա նշեց, որ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում մարզային հիվանդանոցներում պետք է ներդրվեն այնպիսի ծառայություններ, որպեսզի երեխաները բուժում ստանան իրենց բնակավայրերում գտնվող հիվանդանոցներում: «Բոլորս էլ տեղյակ ենք, որ շատ հաճախ մարզերից մայրաքաղաք տեղափոխելու պատճառով կարող ենք ունենալ դժվարություններ, ինչպես նաև` կորուստներ»,- ասաց Ա.Բաբլոյանը: 

 

Այդուհանդերձ, նա նշեց, որ վերջին տարիներին կառավարության կողմից մարզային հիվանդանոցների վերակառուցման համար մեծ ներդրումներ են կատարվել, ուստի արդեն կարելի է ասել, որ մարզերում և մի շարք քաղաքներում կան այնպիսի հիվանդանոցներ, որոնք հագեցած են նորագույն սարքավորումներով: Խնդիրը, ըստ նրա, մնում է միայն մասնագետների վերապատրաստումը: 

 

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ մանկական առողջությունը մեր երկրի գերակա խնդիրներից մեկն է, և վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն արդեն տվել են իրենց դրական արդյունքները: «Հաճախ միջազգային տարբեր միջոցառումների մասնակցելիս մեծ գոհունակություն եմ ապրում, երբ Հայաստանի ցուցանիշները համեմատում են այլ երկրների, այդ թվում` հարևան երկրների հետ, քանի որ բազմաթիվ ցուցանիշներով մենք գտնվում են շատ լավ դիրքերում: Դա մեզ համար մեծ հաջողություն է: Վստահ եմ, որ մանկաբույժների աշխատանքի արդյունքում առաջիկայում ավելի լավ ցուցանիշներ կունենանք»,- նշեց Ս.Խաչատրյանը: 

 

Նշենք, որ երկօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն մանկաբուժության արդիական տարբեր խնդիրներին նվիրված դասախոսություններ և գիտական զեկուցումներ, ընդ որում դրանց մի մասը կներկայացնեն Մոսկվայից և Սանկտ-Պետերբուրգից հատուկ այդ նպատակով ժամանած հանրահայտ պրոֆեսորներ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ