Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Առաջին անհրաժեշտության դեղերի գները Հայաստանում և Վրաստանում

Առաջին անհրաժեշտության դեղերի գները Հայաստանում և Վրաստանում

Վրաստանում տեղի ունեցած ընդամենը մեկ խորհրդարանական ընտրություններից հետո դեղերի շուկայում գրեթե բոլոր դեղամիջոցների գներն էապես նվազել են: Իսկ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից թանկացումներ են տեղի ունենում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Լևոն և Լամարա» դեղատան աշխատակցուհին նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում գրեթե բոլոր դեղերն էլ թանկացել են 5-10 տոկոսով, որոշ դեղեր էլ՝ նույնիսկ 20 տոկոսով: Նա ասաց, որ դրա հետ մեկտեղ կան դեղեր, որոնց գինն էապես նվազել է:

Զանգահարեցինք թվով 5-6 դեղատուն, որոնց աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ թեև դեղերի գների էժանացում կա, այդուհանդերձ, թանկացումները կտրուկ են և դրանք անհամեմատելի են էժանացումների հետ:

«Առաջին լրատվական»-ը համեմատեց Հայաստանում և Վրաստանում (Ախալքալաքի շրջանային դեղատանը) վաճառվող առաջին անհրաժեշտության մի քանի դեղամիջոցների գները:

Օրինակ` մրսածության դեմ և ջերմիջեցնող Տերաֆլյու և Կոլդրեքս դեղերը եթե մեզ մոտ արժեն 280-300 դրամ, ապա այնտեղ դրանք արժեն 200-250 դրամ, Անալգինը մեզ մոտ արժե 80-90 դրամ, այնտեղ՝ 50, ստամոքսի տարատեսակ ցավերի դեմ նախատեսված Օմեպրազոլ դեղամիջոցը մեզ մոտ արժե 300-400 դրամ, այնտեղ արժե 200, հանգստացնող Կատվախոտի (Վալերյանկա) դեղին կոճակներն այստեղ արժեն 100 դրամ, այնտեղ՝ 70, Լինեքսի տուփն այստեղ արժե 2000, իսկ այնտեղ՝ 1700 դրամ: Եվ սրանք դեռ այն դեղերն են, որոնք չեն թանկացել:

Մեզ մոտ էապես աճել են անհրաժեշտ Պրեստանս, Պրիստարիում և մի քանի այլ դեղամիջոցների գներ։ Եվ այսպես՝ Նոլիպրել-ֆորտե կոչվող դեղը նախկինում վաճառվել է 7200 դրամով, իսկ հիմա՝ 8100-ով, Պրեստանս 10/5-ի գինը 8600-ից դարձել է 9900 դրամ: «Սանոֆի ավենտիս» դեղագործական ընկերության Էսենցիալե դեղամիջոցի գինը ևս բարձրացել է՝ 3500-ից հասնելով 4850 դրամի:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամլո խոսնակ Գայանե Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են ստացել. հիմնականում դժգոհութունները եղել են սրտային հիվանդությունների, արյան ճնշման և ցավազրկող դեղերի թանկացման հետ կապված։ «Հանձնաժողովն այս պահին աշխատում է, մենք վերցրել ենք մոտ 25-30 անուն դեղորայք և ուսումնասիրություն ենք իրականացնում այդ 30 դեղորայքի հետ կապված։ Դրանք առավել լայն սպառում ունեցող դեղամիջոցներն են, գնային համեմատական ենք անցկացնում, ուսումնասիրում ենք այդ դեղորայքի դրսից ներկրման գները և թե ինչ փոփոխության կա: Այս պահին զբաղվում ենք այդ խնդիրներով, ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»,- ասաց նա:

Մեզ մոտ թանկացած դեղերի գներն, ի դեպ, շատ քիչ են տարբերվում Ախալքալաքի շրջանային դեղատան նույնանուն դեղերի գներից։ Վերջինիս աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ մարդիկ լավ չեն ապրում, այնքան էլ մեծ հնարավորություն չունեն դեղ գնելու համար, շատ հաճախ իրենք նույնիսկ նվերներ են մարդկանց բաժանում դեղի հետ, ակցիաներ կազմակերպում: Նա նաև նշեց, որ հոկտեմբերին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո դեղերի գներն էականորեն նվազել են:

Դե ինչ, մնում է եզրակացնել, որ Հայաստանում բոլորը լավ են ապրում և ամեն ինչ գնելու համար բավարար միջոցներ ունեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sterlegrad.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ