ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված գիտաժողով` 2026․ 10-ամյա գործունեության ամփոփում
Օստեոպորոզի կանխարգելումն ու վաղ ախտորոշումը ժամանակակից բժշկության կարևոր խնդիրներից են։ Հիվանդության հաճախ աննկատ ընթացքը և դրա հետևանքով առաջացող կոտրվածքները կարող են լրջորեն ազդել մարդու առողջության, շարժունակության և կյանքի որակի վրա։
Մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման նպատակով նոյեմբերի 18-ին անցկացվեց Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված 2026 թվականի գիտաժողովը։ Այս տարվա միջոցառումն առանձնահատուկ էր նաև Օստեոպորոզի կենտրոնի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ։
Գիտաժողովը մեկնարկեց Ոսկրային հանքային հիվանդությունների և օստեոպորոզի հայկական ընկերության նախագահ, Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն Վարտա Բաբալյանի բացման խոսքով։ Նա հանդես եկավ «Կյանքի որակ և ոսկրի առողջություն․ օստեոպորոզի վաղ ախտորոշման հիմնարար սկզբունքները» թեմայով զեկույցով՝ անդրադառնալով ոսկրային առողջության պահպանման և հիվանդության վաղ հայտնաբերման կարևորությանը։
Գիտաժողովի գիտական ծրագիրն ընդգրկում էր արդիական և կլինիկական կարևորություն ունեցող թեմաների լայն շրջանակ՝ երկրորդային օստեոպորոզից և գլյուկոկորտիկոստերոիդային բուժման առանձնահատկություններից մինչև հազվադեպ ոսկրային հիվանդություններ, հիպոպարաթիրեոզ, հիպերկալցեմիա, օստեոմալացիա, օստեոսարկոպենիա, ինչպես նաև հղիության և լակտացիայի հետ կապված օստեոպորոզ։ Դասախոսություններով հանդես եկան առաջատար հայ բժիշկներ։
Գիտաժողովի հատուկ հյուրն էր ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի (Columbia University) պրոֆեսոր Ջոն Պ. Բիլեզիկյանը, ով առցանց դասախոսությամբ ներկայացրեց պարաթիրեոիդ հորմոնի վերաբերյալ նոր ֆիզիոլոգիական և թերապևտիկ հայեցակարգերը։ Միջոցառման ավարտին նախատեսված առցանց հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան պրոֆեսորի հետ քննարկելու իրենց հետաքրքրող կլինիկական հարցերը։
Գիտաժողովի շրջանակում ոլորտի մասնագետները ներկայացրին օստեոպորոզի ախտորոշման և բուժման արդի մոտեցումները, քննարկեցին ոսկրամկանային առողջության պահպանման խնդիրներն ու միջազգային փորձի կիրառման հնարավորությունները։
Կենտրոնի գործունեության տասնամյա ուղու, միջազգային համագործակցության և գիտաժողովի մասնագիտական նշանակության մասին զրուցել ենք ոլորտի առաջատար մասնագետների հետ։
Արմինե Խռոյան, էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս
— Ի՞նչ թեմայով եք հանդես եկել և ի՞նչ հիմնական հարցերի եք անդրադարձել Ձեր զեկույցում։
— Իմ զեկույցը նվիրված էր GLP-1 ագոնիստներին և GIP/GLP-1 կրկնակի ագոնիստների դերին` ոսկրամկանային համակարգի նյութափոխանակության մեջ։
Թեման ներկայում շատ արդիական է։ Վերջին տարիներին այս խմբի դեղերը լայնորեն կիրառվում են ճարպակալման և շաքարային դիաբետի բուժման գործընթացում։ Միևնույն ժամանակ, մտահոգություններ կան, որ դրանց կիրառումը կարող է հանգեցնել ինչպես մկանային, այնպես էլ ոսկրային զանգվածի կորստի։
Իմ զեկույցում անդրադարձել եմ այս մտահոգություններին և ներկայացրել եմ, թե ինչպես կարելի է նվազեցնել մարմնի քաշը՝ պահպանելով ոսկրամկանային զանգվածը։
— Ո՞ւմ է ուղղված զեկույցը։
— Հիմնականում այն ուղղված է էնդոկրինոլոգներին, ընտանեկան բժիշկներին և ռևմատոլոգներին։ Սակայն, կարծում եմ, որ թեման հետաքրքիր և կարևոր է բոլոր բժիշկների համար, քանի որ նրանց պրակտիկայում հաճախ են հանդիպում շաքարային դիաբետով, օստեոպորոզով և ճարպակալմամբ պացիենտներ։
— Ի՞նչ կանխարգելիչ միջոցներ եք առաջարկում։
— Առաջին հերթին՝ առողջ ապրելակերպ, ճիշտ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն։ Կարևոր է նաև սպիտակուցներով հարուստ սննդի օգտագործումը, որպեսզի քաշի նվազեցման ընթացքում պահպանվի մկանային զանգվածը։ Կարևոր նշանակություն ունեն նաև նյարդային համակարգի առողջությունն ու հոգեկան հավասարակշռությունը։
— Որքանո՞վ է տարածված Ձեր բարձրացրած խնդիրը բժշկական պրակտիկայում։
— Շատ տարածված է։ Ինչպես արդեն նշեցի, շաքարային դիաբետն ու ճարպակալումն այսօր համաշխարհային առողջապահական լուրջ խնդիրներ են, և դրանց տարածվածությունն աճում է տարեցտարի։ Հետևաբար, կարծում եմ, այս թեմայի քննարկումը շատ արդիական է։
— Որո՞նք են այն հիմնական միֆերը, որոնց անդրադառնալու եք։
— Ես չէի ասի, որ դրանք ամբողջությամբ միֆեր են։ Եթե մարդը սխալ է նիհարում, արագ կորցնում է քաշը և չի հետևում անհրաժեշտ կանոններին, ապա, իսկապես, կարող է կորցնել մկանային և` նույնիսկ, ոսկրային զանգվածը։
Սակայն, եթե քաշի նվազեցումն ուղեկցվում է ճիշտ սննդակարգով և համապատասխան ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հնարավոր է կանխել կամ նվազագույնի հասցնել այդ ռիսկերը։
Քնարիկ Գինոսյան, ռևմատոլոգ, բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցային համալիրի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու
— Ի՞նչ թեմայով եք խոսել և ի՞նչ հիմնական հարցերի եք անդրադարձել Ձեր զեկույցում։
— Խոսել եմ օստեոսարկոպենիայի մասին։ Զեկույցում անդրադարձել եմ 60 տարեկանից բարձր մարդկանց ոսկրային և մկանային համակարգերում տեղի ունեցող փոփոխություններին։
Տարիքի հետ ո՛չ միայն նվազում է ոսկրային զանգվածը, և ոսկրերը կորցնում են իրենց հանքային խտությունը, այլև տեղի է ունենում մկանային զանգվածի և մկանային ուժի աստիճանական անկում։
— Որո՞նք են կանխարգելման հիմնական միջոցները։
— Առաջին հերթին՝ առողջ ապրելակերպը։ Սարկոպենիայի դեմ պայքարի կարևորագույն միջոցը ֆիզիկական ակտիվությունն է, հատկապես՝ ուժային վարժությունները, որոնք նպաստում են մկանների ամրապնդմանը։
Կարևոր են նաև կեցվածքի շտկմանն ուղղված վարժությունները, սպիտակուցներով հարուստ սննդակարգը, ինչպես նաև վիտամին D-ի և կալցիումի բավարար ընդունումը։
— Ինչպե՞ս կարելի է կանխել այս խնդիրների զարգացումը։
— Կանխարգելումը պետք է սկսել դեռ երիտասարդ տարիքից։ Անհրաժեշտ է կանոնավոր կատարել ֆիզիկական վարժություններ՝ մկանային ուժը բավարար մակարդակի վրա պահպանելու համար։
Կարևոր է նաև ապահովել կալցիումի և վիտամին D-ի բավարար ընդունումը, ինչպես նաև ժամանակին ախտորոշել և բուժել քրոնիկ հիվանդությունները։
Հատկապես քրոնիկ բորբոքային հիվանդությունները կարող են հանգեցնել հենաշարժիչ համակարգի ախտահարումների, ֆիզիկական ակտիվության նվազման և հոդամկանային համակարգի տարբեր խանգարումների։
— Որքա՞ն հաճախ եք հանդիպում այս խնդրին Ձեր պրակտիկայում։
— Բավականին հաճախ։ Հատկապես 60 տարեկանից բարձր անձանց շրջանում, օստեոպորոզին զուգահեռ, հաճախ զարգանում է նաև սարկոպենիա։ Այսինքն, ոսկրային զանգվածի նվազմանը զուգահեռ` աստիճանաբար նվազում է նաև մկանային ուժը։
Վալենտինա Վարդանյան, ռևմատոլոգ, «Վարուս Մեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ
— Ի՞նչ թեմա եք բարձրաձայնել, և ի՞նչ հիմնական հարցերի եք անդրադարձել Ձեր զեկույցում։
— Խոսել եմ բավականին կարևոր և հետաքրքիր հիվանդության՝ հիպոֆոսֆատազիայի մասին։
Սա գենետիկական հիվանդություն է, որի դեպքում նվազում է ոսկրերի հանքայնացման գործընթացում կարևոր դեր ունեցող ֆերմենտի՝ ալկալային ֆոսֆատազի ակտիվությունը։
Հիվանդությունը կարող է հանդիպել ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Որքան ավելի վաղ տարիքում է այն դրսևորվում, այնքան ավելի ծանր կարող է լինել ընթացքը։
Մեծահասակների շրջանում ևս հիվանդությունը կարող է արտահայտվել տարբեր ախտանշաններով, սակայն հաճախ ժամանակին չի ախտորոշվում։
Այս խնդիրը հատկապես կարևոր է առաջնային օղակի բժիշկների, ռևմատոլոգների և էնդոկրինոլոգների համար, քանի որ հիպոֆոսֆատազիան երբեմն կարող է շփոթվել օստեոպորոզի հետ, ինչի հետևանքով հիվանդությունը մնում է չախտորոշված։
— Ի՞նչ լուծումներ եք առաջարկում։
— Առաջին հերթին, կարևոր է հիվանդության վաղ ախտորոշումը։ Մանկական տարիքում ախտորոշելու դեպքում հնարավոր է կիրառել փոխարինող թերապիա՝ լրացնելով օրգանիզմում բացակայող կամ անբավարար արտադրվող ֆերմենտը։
Ինչ վերաբերում է մեծահասակներին, ամենակարևորը հիվանդության ճիշտ ախտորոշումն է։ Անհրաժեշտ է հասկանալ, որ տվյալ գանգատները կարող են պայմանավորված լինել ոչ թե սովորական հոդացավով, ֆիբրոմիալգիայով կամ հետդաշտանադադարային օստեոպորոզով, այլ հիպոֆոսֆատազիայով։
— Կա՞ն հիվանդության առանձնահատկություններ, որոնց բժիշկները պետք է ուշադրություն դարձնեն։
— Այո՛։ Հետաքրքիր է հիվանդության դրսևորումը ստոմատոլոգիական պրակտիկայում։ Հիպոֆոսֆատազիայի դեպքում կարող է դիտվել ատամների վաղաժամ կորուստ՝ առանց արմատների կորստի։ Արդյունքում՝ որոշ պացիենտներ դեռ երիտասարդ տարիքում կարող են ունենալ պրոթեզավորման անհրաժեշտություն։
— Այսպիսով, ո՞րն է ամենակարևոր ուղերձը բժիշկներին։
— Այս հիվանդության դեպքում ամենակարևորը դրա ճանաչելիության բարձրացումն է։ Դեռևս բուժման հնարավորությունները սահմանափակ են, սակայն անհրաժեշտ է, որ բժիշկները համապատասխան գանգատների առկայության դեպքում մտածեն նաև հիպոֆոսֆատազիայի հավանականության մասին։
Ելենա Աղաջանովա, բ.գ.դ., պրոֆեսոր, «Մուրացան» էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ
— Ի՞նչ թեմա եք արծարծել և ո՞ւմ է ուղղված Ձեր զեկույցը։
— Իմ զեկույցը նվիրված էր հարվահանաձև գեղձերի հորմոնային գործառույթի անբավարարությանը՝ հիպոպարաթիրեոզին։
Հիպոպարաթիրեոզը համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Չնայած դրան՝ մեր պրակտիկայում բավականին հաճախ ենք հանդիպում այս խնդրին, հատկապես՝ հետվիրահատական հիպոպարաթիրեոզին։
Այն կարող է զարգանալ վահանաձև գեղձի վիրահատություններից հետո, երբ վիրահատության ընթացքում հարվահանաձև գեղձերը հեռացվում կամ վնասվում են, կամ խանգարվում է դրանց արյունամատակարարումը։
Հիվանդությունը կարող է ուղեկցվել բավականին լուրջ ախտանշաններով։ Դրանցից են ջղաձգություններն ու ցնցումները։ Կարող են լինել նաև ոչ սպեցիֆիկ գանգատներ։ Պացիենտները հաճախ նկարագրում են գլխում մշտական մշուշի զգացողություն, ուշադրության և հիշողության խանգարումներ։
Կարող են առաջանալ նաև մարմնի տարբեր հատվածներում ծակծկոցներ, թմրածություն, վերջույթների կամ առանձին մատների զգացողության փոփոխություններ, բերանի շուրջ թմրածություն և ձգվածության զգացում։
Այս ախտանշանները կարող են լինել մշտական և էականորեն նվազեցնել պացիենտի կյանքի որակը։
— Հիվանդությունն ունի՞ գենետիկ ծագում։
— Այո՛, կարող են լինել նաև գենետիկ պատճառներ։ Հատկապես այն դեպքերում, երբ հիվանդությունն ի հայտ է գալիս մանկական տարիքում, որը, սովորաբար, պայմանավորված է ոչ թե վիրահատական միջամտությամբ, այլ գենետիկ գործոններով։
— Ի՞նչ բուժման հնարավորություններ կան։
— Ներկայում առկա են հիպոպարաթիրեոզի բուժման հաստատված մեթոդներ և մոտեցումներ։ Իմ զեկույցում ներկայացրել եմ բուժման առկա տարբերակները, ինչպես նաև կլինիկական օրինակների և պացիենտների դեպքերի միջոցով անդրադարձել հիվանդության դրսևորումներին ու բուժման առանձնահատկություններին։
25.11.2026 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ