Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով. հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը

ԵՊԲՀ. Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով. հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը

Աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով, ուսագոտուց կտրված աջ ձեռքով Թալինից Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 29-ամյա Ժորա Թորոսյանը:

Համալսարանական հիվանդանոցի մասնագետների թիմային, համակարգված աշխատանքի շնորհիվ կատարվել է շուրջ 7.5 ժամ տևողությամբ վիրահատություն և հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը:

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ներկայացնելով կատարված բացառիկ վիրահատության մանրամասները ընդգծեց, որ նման դեպքերում, ավելորդ քաշքշուքներից խուսափելու համար, շատ կարևոր է մասնագետների աշխատանքի ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև հիվանդի տեղափոխումը, ինչը այս դեպքում մարզային գործընկերներին հաջողվել էր:

Այսպիսով, ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, վնասվածքաբանների և միկրովիրաբույժների համատեղ աշխատանքը, արագ որոշումներ կայացնելու կարողությունը տվեց իր արդյունքը:

Անհրաժեշտ վերակենդանացման աշխատանքներից հետո, ավելորդ ժամանակ չկորցնելու համար վիրահատող բժիշկների մի թիմը սկսել է աշխատել անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու: Երկուսուկես ժամ հետո վերակագնվել է պացիենտի արյան շրջանառությունը, որից հետո միայն բժիշկները ձեռքը վերականգնելու համատեղ որոշում են կայացրել:

Վնասվածքաբանների կողմից ժամանակին կատարված ոսկորների ամրացմանը հաջորդել է անոթավորման և պոկված վերջույթի ռեպլանտացիայի (վերականգնման) բարդագույն վիրահատությունը:

«Նման իրավիճակները շատ բարդ հարցի լուծում են պահանջվում: Անհրաժեշտ է կատարել ճիշտ հաշվարկ, գնահատել ռիսկը, որպեսզի իմանաս լավ արդյունքի հավանականությունը գերազանցում է վատին, թե ոչ»,-նշեց Արտավազդ Սահակյանը:

Բժշկի խոսքով՝ տուժածի մոտ նման լուրջ վնասվածքը առաջացնում է սթրես, շոկային վիճակ, հանգեցնում արյան մեծ կորստի, սակայն շնորհիվ Ժորա Խաչատրյանի բժիշկներին վստահելուն, լավատեսությանն ու հավատին հաջողվեց հասնել դրական արդյունքի:

Այժմ ծանր վնասվածք ստացած երիտասարդը գտնվում է համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը համապատասխանում է իր ստացած վնասվածքի հետվիրահատական ընթացքին:

Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը վստահեցնում է, որ հետագայում վերականգնված վերջույթը հաստատ կծառայի հիվանդին, նա կկարողանա գրել, զգալ ձեռքը: Նա ընդգծում է, որ ոչ մի վիրաբույժ չի կարող անել նման բարդ վիրահատություններ, եթե իր թիկունքին չլինեն հրաշալի անեսթեզիոլոգներ, շատ արագ որոշումներ կայացնող մասնագետներ: «Սա մեզ համար սովորական աշխատանք է»,- նկատում է բժիշկը:

 Վերջույթի վերականգման շրջանը կտևի 8 ամսից մինչև մեկ ու կես տարի: Հմուտ մասնագետը խորհուրդ է տալիս բոլորին զգույշ լինել նման երբեմն անդառնալի դարձող վնասվածքներից խուսափելու համար: Բոլոր հիվանդներին մաղթում է առողջություն: Նրա մեծ ցանկությունն է, որպեսզի բնակչությունը հավատ և հարգանք ունենա բժշկի հանդեպ, քանի որ բժիշկների աշխատանքը ծանր է:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ