Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Գիտնականը պատրաստակամ է առաջիկայում ևս աջակցել Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը

ՀՀ ԱՆ. Գիտնականը պատրաստակամ է առաջիկայում ևս աջակցել Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը

Դեռ 2008 թվականին, երբ Հայաստանում քննարկվում էին միջուկային բժշկության զարգացման նոր մոտեցումներն ու հեռանկարները, ճանաչված հայազգի գիտնական, Դուբնայի համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանն ակտիվ մասնակցություն և օժանդակություն է ցուցաբերել։ Հետագայում այդ մտահղացումների արդյունքում ձևավորվեց Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման գաղափարը։

Հայաստանում միջուկային բժշկության զարգացման ակունքներում կանգնած գիտնականն այսօր Հայաստանում է։ Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռուստամյանի ուղեկցությամբ նա այցելել է  կենտրոնի ստեղծման առաջին փուլում կառուցվող Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոն, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Ստացած տպավորությունները կիսելով ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ` Յուրի Հովհաննիսյանը բարձր  գնահատեց իրականացված աշխատանքները։ Նա նշեց, որ շահագործմանը մոտ կանգնած կենտրոնն ի վիճակի է մրցունակ ծառայություն մատուցելու, քանզի ծանոթ է հայ մասնագետների ունակություններին ու պատրաստվածությանը։

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ ուռուցքաբանության ոլորտը Հայաստանում համակողմանի զարգացում է ապրում։ Նա իր հյուրին ներկայացրեց, որ շատ շուտով շահագործման կհանձնվի արդիականացված Արյունաբանաական կենտրոնը` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքով, ցողունային բջիջների լաբորատորիայով և կենսաբանկով, որում կաշխատեն աշխարհի առաջատար կլինիկաներում վերապատրաստված մասնագետները։

Երկուստեք կարևորվեց Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում բժշկական ծառայություններին զուգընթաց գիտական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումը։ Յուրի Հովհաննիսյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում ևս գիտական իր ներուժով հնարավորինս աջակցել Հայաստանում միջուկային բժշկության զարգացման գործին։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ