Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտություն է իրականացվել

ՀՀ ԱՆ. «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտություն է իրականացվել

«Արաբկիր» բժշկական համալիր–Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտն  իրականացրել է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» (ԴԵԱՎՀ) ազգային հետազոտությունը` ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության,ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի և ԴԵԱՎՀ միջազգային գիտական ցանցի հետ սերտ համագործակցությամբ:

Միջազգային այս հետազոտությունն ուղղված է դեռահասների առողջության և առողջական վարքագծի ուսումնասիրմանը, դրանց վրա ներազդող տարբեր` առողջապահական, կրթական, սոցիալական, ընտանեկան և անձնային գործոնների բացահայտմանը, ինչն իր հերթին նպաստում է հետագա նպատակային միջամտությունների իրականացմանը: ԴԵԱՎՀ թույլ է տալիս ստանալ ներկայացուցչական տվյալներ ազգային մակարդակում, հավաստիորեն համեմատել տարբեր երկրների ցուցանիշները, ստանալ խնդիրների համաեվրոպական և միջազգային պատկերը:

Նշենք, որ ԴԵԱՎՀ-ն իրականացվում է 4 տարին մեկ՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Ներկայումս ցանցի անդամ են 44 երկիր` Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի գրեթե բոլոր երկրները, ԱՄՆ, Կանադան և Իսրայելը: Նախկին խորհրդային հանրապետություններից ընդգրկված են մերձբալթյան երկրները, Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը և Մոլդովան:

Հետազոտության դաշտային փուլն իրականացվել է 2013-2014 թվականներին, որից հետո տվյալները մանրամասնորեն մշակվել են ԴԵԱՎՀ ցանցի համակարգող կենտրոնների կողմից: Առաջին անգամ թե′ Հայաստանում, թե′ միջազգային ցանցում անցկացվել է հետազոտություն 17 տարեկանների շրջանում` ավագ դպրոցներում և քոլեջներում: Հարցաշարը ներառել է 230 տվյալ՝ ֆիզիկական և հոգեկան առողջության կարգավիճակի, սննդային սովորույթների, ֆիզիկական ակտիվության, ծնողների և ընտանիքի հետ կապվածության, առողջապահական գիտելիքների, ծխախոտի, թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման վերաբերյալ և այլն:

 

Ռիսկային և սեռական վարքագծին առնչվող հարցերը տրվել են միայն 15 և 17 տարեկաններին: Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել է հանրապետության 146 դպրոցի և քոլեջի 4813 աշակերտ և ուսանող:

Հետազոտությունը բացահայտել է հայ դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ և օրինաչափություններ: Յուրօրինակ է սննդային վարքագիծը, առկա է ֆիզիկական ակտիվության էական պակաս, 15–ից 17 տարեկանում կտրուկ աճում է ծխախոտի օգտագործումը՝ նշված առանձնահատկություններն ուղղակիորեն կապվում են Հայաստանում մեծահասակաների շրջանում ոչ տարափոխիկ հիվանդությունների բարձր տարածվածության հետ:

Հայ դեռահասները առանձնանում են դպրոցի նկատմամբ դրական վերաբերմունքով, ուրույն պատկեր ունի ընտանիքի մթնոլորտը:

 

Միջազգային միջիններից զգալիորեն բարձր է տղաների շրջանում ֆիզիկական կռիվների հաճախականությունը: Կյանքով բավարարված է հարցված դեռահասների շուրջ 90%-ը, որն ամենաբարձր ցուցանիշն է միջազգային կտրվածքով, սակայն բավարարվածության աստիճանը նվազում է տարիքի հետ:

Հետազոտության արդյունքները մատնանշում են Հայաստանում երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում հանրային առողջապահական ծրագրերի իրագործման կարևորությունը և առավել արդիական ուղղությունները:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ