Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Նախարարն ամփոփեց 2015 թվականին կատարված աշխատանքները

ՀՀ ԱՆ. Նախարարն ամփոփեց 2015 թվականին կատարված աշխատանքները

«Յուրաքանչյուր առողջապահական համակարգ, անգամ զարգացած երկրներում, որպես կանոն, հագեցած է բազմաթիվ խնդիրներով։ Բացառություն չենք նաև մենք։ Անկախ դրանից, 2015թ. ՀՀ կառավարության կողմից մեր առջև դրված բոլոր գերակա խնդիրները և միջոցառումները կատարել ենք»,-ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Ներկայացնելով համակարգի տարվա կարևոր ձեռքբերումները` Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունն ամեն տարի ունենում է բազմաթիվ կարևոր ծրագեր։

«2015թ. առանձնահատուկ էր նրանով, որ մենք շեշտադրեցինք հանրային առողջապահական ծրագրերի գերակայությունը և գործող բուժական ծրագրերում մատչելիության ու որակի ապահովման խնդիրը»,- նշեց նախարարը` առանձնացնելով վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարին ուղղված նպատակային ռազմավարական ծրագրերի բարձր արդյունքները։ Բավական է ասել, որ մահացության կառուցվածքում վարակիչ հիվանդությունների մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.9%: Առոջապահության համաշխարհային կազմակեարպության կողմից օրինակելի է ճանաչվել բարձր որակի պատվաստանյութերի անընդմեջ ձեռքբերումը։

«Մեծացնելով ծածկույթը` այս տարի կարողացանք ապահովել ոչ միայն զորակոչիկների, այլև 15-16 տարեկան նախազորակոչիկների լիարժեք պատվաստումները, ներդրնել նոր պատվաստանյութեր»,-հավելեց նախարարը։

Կարևորվեց 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որ բխում է Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից։

«2015թ. լրջագույն ձեռքբերումներից մեկն էր մահացության նվազեցումը սրտանոթային հիվանդություններից` հաշվի առնելով, որ երկրում ընդհանուր մահացության 48 տոկոսը կամ ամեն երկրորդ դեպքը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով»,-Արմեն Մուրադյանն ընդծեց, որ ծրագրի շնորհիվ մինչև տարեվերջ սրտամկանի սուր ինֆարկտից մահվան դեպքերը կնվազեն 1000-ով։

Նախարարն արձանագրված հաջողություններից լրագրողներին ներկայացրեց նաև շաքարային դիաբետով հիվանդների դեղապահովման բարելավումը։ Անմիջապես դեղարտադրող կազմակերպությունների հետ հնգամյա պայմանագրեր կնքելու արդյունքում ինսուլինով ապահովվածությունը հասցվել է 100%-ի, իսկ «Դիաբետոն ՄՌ», ինչպես նաև գլիմեպիրիդ և մեթֆորմին դեղերով ապահովվածության մակարդակը` 80 տոկոսի` նախորդ տարիների մոտ 30-ի փոխարեն։ 2015-2019թթ. ընթացքում ՀՀ-ում և ԼՂՀ-ում հաշվառված 0-22 տարեկան տարիքային խմբին անվճար կտրամադրվեն ինսուլինային անալոգներ և ինսուլինային գրիչ-ներարկիչներ։

«Երեխաների համար աշխարհում ամենաթանկ անալոգային ինսուլինների ձեռքբերումը ես շռայություն չեմ համարում, այլ անհրաժեշտություն` հաշվի առնելով, որ բացի կյանքի որակն ու բուժման արդյունավետությունը բարձրացնելուց, միաժամանակ կնպաստենք նրանց հետագա տարիների առողջական վիճակի բարելավմանը»,-ընդգծեց ոլորտի պատասխանատուն։

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում արձանագրված հաջողություններին։ Մասնավորապես ընդգծեց, որ իրականացված բազմաթիվ ծրագրերի արդյունքում նվազել են թե՛ մայրական, թե՛ մանկական մահացության ցուցանիշները։

Պատասխանելով Ուզլովսկի քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության մասին հարցին` նա նշեց, որ դեկտեմբերի 27-ին Հայաստան կտեղափոխվեն վերջին քաղաքացիները: Նրանց բուժօգնությունը եղել է ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո։ Մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել ծանր վնասվածքներ ստացածների կյանքը: Այժմ հայրենիք վերադարձող հիվանդներն անցնելու են վերականգնողական բուժում:

Տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նախարարն առանձնահատուկ կարևորեց ԶԼՄ-ների հետ աշխատանքը: Նրա գնահատմամբ` լրատվամիջոցների հատկապես կառուցողական առաջարկների շնորհիվ են տեսանելի դառնում համակարգում առկա խնդիրները: Նախարարը կարևորեց այդ խնդիրներին լուծումներ գտնելու համատեղ աշխատանքը, արդյունավետ համագործակցությունը հանուն բնակչության առղջության պահպանման և հատկապես` հանրային առողջապահական ծրագրերի իրազեկվածության բարձր մակարդակ ապահովելու գործում:

«Հանրային առողջապահական ծրագրերը կոչված են բնակչությանն առողջ պահելու։ Ի դեպ, շատ դժվար է մեկ տարում գնահատել հեռահար այդ ծրագրերը։ Շատ ավելի հեշտ է գնահատել բուժական, վերականգնողական ծրագրերը»,-ասաց նախարարը։

Որպես կոռուպցիայի դեմ պայքարի վառ օրինակ նա մատնանշեց 2015թ. ներդրված ուղեգրման նոր կարգը, որի շրջանակում պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրվող փաստաթղթում նշված չէ որևէ բժշկական կազմակերպության անուն: Այս քայլը նախարարի խոսքով` միտված է ոլորտի կանոնակարգմանը:

Արմեն Մուրադյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող շուրջ երկու տասնյակ հարցերի, որոնք վերաբերում էին մայրական և մանկական մահացությանը, դեղերի ոլորտին, ֆինանսավորման հարցերին, համաճարակային վիճակին, առաջիկա ծրագրերին: Նախարարը խոսեց նաև ոլորտում առկա, դեռևս չլուծված խնդիրների, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների մասին:

ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. կատարած աշխատանքների մասին ծանոթանալ այստեղ

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ