Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Բժշկական խորհրդատվության է դիմում աղքատների 30, իսկ ծայրատիճան աղքատների 24.1 տոկոսը. ԱՎԾ

Բժշկական խորհրդատվության է դիմում աղքատների 30, իսկ ծայրատիճան աղքատների 24.1 տոկոսը. ԱՎԾ

Առողջապահության ծառայություններից բնակչության օգտվելու աստիճանը բավական ցածր է, հատկապես գյուղական բնակավայրերում և աղքատ բնակչության շրջանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ԱՎԾ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2011» հրապարակման «Հայսատան. ոչ նյութական աղքատություն» բաժնից:

Ըստ ԱՎԾ տվյալների` վատառողջ են ոչ աղքատների 12.3%-ը, աղքատների` 10.1%-ը և ծայրահեղ աղքատների` 11.6%-ը: Համաձայն 2010թ.-ի ՏՏԿԱՀ արդյունքներիʽ հետազոտությանը նախորդող մեկ ամսվա ընթացքում հիվանդացել են հարցվածների 18.9%-ը: Հիվանդացության ժամանակ մոտավորապես ամեն հինգից երկուսը (37.9%) դիմել են բժշկական խորհրդատվության կամ բուժման համար, ընդ որում, երևանաբնակներն ավելի հաճախ` (40.7%), քան այլ քաղաքներում բնակվողները (37.6%) և գյուղաբնակները` (35.3%): «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2011» հրապարակման մեջ նշվում է, որ 2010 թվականի համեմատʽ հիվանդներն ավելի հաճախ են դիմել բժշկական խորհրդատվության կամ բուժման համար, հատկապես գյուղական բնակավայրերում:

Բուժման դիմածների տեսակարար կշիռը, ըստ աղքատության մակարդակի, տարբերվում է: «Եթե հիվանդության դեպքում ոչ աղքատների 41.6%-ն է դիմել բժշկական խորհրդատվության կամ բուժման, ապա աղքատների` 30.0 և ծայրահեղ աղքատների` 24.1%-ն է դիմել բժշկական խորհրդատվության կամ բուժման»,- նշված է հրապարակման մեջ: ԱՎԾ տվյալների համաձայն` բնակչության համարյա մեկ երրորդը (32%) հիվանդանալու դեպքում խորհրդատվության համար դիմել է թերապևտին, ամեն չորրորդը` (23.6%) նեղ մասնագետին, 22%-ն էլ` ընտանեկան բժշկին, այն դեպքում, երբ մասնավոր բժիշկներին է դիմել միայն 4%-ը: Նեղ մասնագետին վճարել է բուժօգնության համար դիմած հիվանդների 35.6%-ը, թերապևտին`21.4%-ը:

«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2011» հրապարակման «Հայսատան. ոչ նյութական աղքատություն» բաժնում բերվում են նաև բժիշկներին տրվող վճարներʽ ըստ աղքատության մակարդակի: Անձնակազմից որևէ մեկին կատարած վճարման միջին չափը ոչ աղքատների մոտ կազմել է 3548 դրամ, աղքատների մոտ` 1320 դրամ, իսկ ծայրահեղ աղքատների մոտ` 562 դրամ: Ոչ աղքատների կողմից անձնակազմից որևէ մեկին կատարած վճարման միջին չափն ավելիքան 6 անգամ ավելի է, քան ծայրահեղ աղքատներինը: Նվերների վրա կատարված ծախսերի տարբերությունն առավել է: Ոչ աղքատների կողմից նվերների վրա արված միջին ծախսը մոտ 11 անգամ ավել է, քան ծայրահեղ աղքատներինը: Ահռելի տարբերությամբ (85 անգամ) ավել են ծախսել ոչ աղքատները` ծայրահեղ աղքատների համեմատ այլ վճարումների վրա, այդ թվում` լաբորատոր և ռենտգեն հետազոտությունների և խորհրդատվության համար:

Պոլիկլինիկական բուժհիմնարկների մասնագետների կողմից հիպերտոնիա ախտորոշվել է դիմած հիվանդների 30%-ի մոտ: Վերջին այցի ժամանակ էլեկտրակարդիոգրաֆիա անցել են դիմած հիվանդների 30%-ը, իսկ խոլեստերինը ստուգվել է դիմած հիվանդների 20%-ի մոտ:

Հիվանդանոցներում բուժում ստացած (պառկած) բնակչությունը, ըստ այնտեղ մնալու տևողության, բաշխվել է հետևյալ կերպ. մեկ շաբաթից պակաս` 58%, մեկ շաբաթից մինչև երկու շաբաթ` 36% և երկու շաբաթից ավել` 6%: Պոլիկլինիկական բուժհիմնարկներ, ինչպես նաև շտապ օգնություն չդիմելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է`52% և ֆինանսական վատ վիճակը`24%: Ըստ բնակության վայրիʽ հետազոտված բնակչությունը որպես բժշկական խորհրդատվության կամ բուժման չդիմելու հիմնական պատճառ նշել է ինքնաբուժումը (գյուղական բնակչություն` 38%, երևանաբնակներ`59% և այլ քաղաքների բնակչություն`63%), և ֆինանսականը (այլ քաղաքների բնակչություն`19%, երևանաբնակներ`24% և գյուղական բնակչություն` 27%): Ֆինանսական պատճառը բնակության բոլոր վայրերում նշվել է որպես երկրորդ կարևոր պատճառ:

2010թ.-ի հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում բնակչությունը հիվանդանոցներ է դիմել բուժօգնության համար միջինում 2.2 անգամ: Գիշերը հիվանդանոցում է մնացել հիվանդանոց վերջին այցի ժամանակ դիմածների 49%-ը, որոնք հիվանդանոցում պառկել են միջինը 9 օր: Հիվանդների ծախսերը հիվանդանոցներում բավականին բարձր են`միջինը 67863 դրամ մեկ հիվանդի հաշվով: Յուրաքանչյուր հիվանդ հիվանդանոցի գանձապահին վճարել է միջինը 43113 դրամ,իսկ այդ գումարի մոտ մեկ երրորդ մասը`( 15395 դրամ) անմիջապես բուժանձնակազմին: Բացի այդ, նվերների տեսքով վճարվել է 927 դրամ, այլ վճարումների տեսքով` 8428 դրամ: Այսպիսով, հիվանդանոցներում հիվանդների ծախսերի 64%-ը մուծվել է գանձապահին:

Ամենաբարձր գանձապահական վճարումները կատարվել են վիրաբույժներին և ռեանիմատոլոգներին: Իսկ անմիջապես բուժանձնակազմից ամենաբարձր վճարումները կատարվել են վիրաբույժներին և ուռուցքաբաններին: Ամենամեծ նվերները արվել են ռեանիմատոլոգներին և մանկաբարձ-գինեկոլոգներին:

Ըստ 2010թ.-ի ՏՏԿԱՀ ստացված տվյալների` բժշկական ծառայությունների համար կատարված ծախսերը կազմել են տնային տնտեսությունների ծառայությունների վրա կատարված ծախսերի 14.2%-ը: Այսինքն, Հայաստանում տնային տնտեսության հիվանդ անդամի համար բուժօգնություն ստանալը շատ թանկ է, հատկապես աղքատ տնային տնտեսությունների համար: Այդ արդյունքներն ընդգծում են անվճար բժշկական փաթեթի կարևորությունն աղքատ սպառողների համար: Ուստի, հաշվի առնելով, որ այն կախված է ընտանեկան նպաստ ստանալու հետʽ կարևորվում է ոչ միայն նպաստի հասցեականության բարձրացումն, այլև աղքատների և ծայրահեղ աղքատների ընդգրկվածության աստիճանը:

Պետական պատվերի իրավունք ունեցել է բնակչության մոտ 6%-ը, իսկ 5.7%-ը չեն կարողացել պատասխանել այդ հարցին`ունեն պետական պատվերի իրավունք, թե ոչ: Ըստ աղքատության մակարդակիʽ պետական պատվերի իրավունք ունեցել է ծայրահեղ աղքատների 7.7 տոկոսը, աղքատների 5.2 տոկոսը և ոչ աղքատների մոտ 5.8 տոկոսը: Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների մոտ 8 տոկոսն է ունեցել այդ փաթեթից օգտվելու իրավունք, այդ թվում` ծայրահեղ աղքատների 8.6 տոկոսը, աղքատների 7.1%-ը և ոչ աղքատների 9.4%-ը:

Ինչ վերաբերում է ընտանեկան նպաստի համակարգում չհաշվառված տնային տնտեսություներին, ապա պետական պատվերի իրավունք ունեցել է մոտ 5 տոկոսը, այդ թվում` ծայրահեղ աղքատների 6.8 տոկոսը, աղքատների 4.6%-ը և ոչ աղքատների 5.4%-ը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ